«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետի հովանավորյալի հովանավորյալը, որ նախկինում կաշառակերության համար մեղադրյալի աթոռին էր հայտնվել, դատի է տվել ՊԵԿ-ին ու փող է ուզում:
Եւ այսպես, դեռեւս 2017 թվականի մայիսի 26-ին ՀՀ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է «Բավրա» մաքսակետի պետը` Երեմ Մարգարյանը: Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2016 թվականի դեկտեմբերի 2-ին: Մարգարյանը մաքսային ծառայության հնաբնակներից է եւ մինչ մաքսակետի պետ նշանակվելը բարձր պաշտոններ է զբաղեցրել մաքսային ծառայությունում:
Ըստ մամուլի հրապարակումների` իր կարիերայի համար Երեմ Մարգարյանը պարտական է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արտաշես Բեյբությանին: Հենց վերջինս է եղել նրա հովանավորը տարիներ շարունակ:
Իսկ, ահա, Բեյբությանի հովանավորն էլ, ըստ շրջանառվող տեղեկությունների, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանն է: Մամուլի հրապարակումների համաձայն` Բեյբությանի հետ են կապվում «Պալերմո», «Նեքսթ», «Ալդո», «Ռիվեր Այլենդ» խանութները:
Թավշյա հեղափոխությունից հետո` 2018 թվականի օգոստոսի 3-ին, հայտնի պաշտոնատար անձի մասով հարուցված քրեական գործը ուղարկվեց դատարան, եւ Երեմ Մարգարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա` որպես պաշտոնատար անձ, կաշառք ստանալու խոստում է տվել, ապա նաեւ ստացել է կաշառք` իր լիազորությունների շրջանակում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կաշառք տվող անձի օգտին ծառայություն մատուցելու դիմաց: Բացի այդ, ապօրինի կերպով ձեռք է բերել եւ պահել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:
Ի դեպ, բացի Երեմ Մարգարյանից եւս 4 անձինք հայտնվել էին ամբաստանյալի աթոռին: 2018 թվականին հունիսի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը հրապարակել էր վճիռ, ըստ որի` Երեմ Մարգարյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման համար, եւ նրա նկատմամբ վերջնական պատիժ էր նշանակվել ազատազրկումը` 2 տարի 3 ամիս ժամկետով` զրկելով ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 2 տարի ժամկետով:
Սակայն նկատենք, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետի հովանավորյալի հովանավորյալը չի հաշտվել այս իրականության հետ եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ դատարան` պահանջելով մասնակի բեկանել կայացված դատավճիռը ու ճանաչել եւ հռչակել Երեմ Մարգարյանի անմեղությունը վերագրված արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Սակայն այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ մինչ Երեմ Սարգսյանը կռիվ է տալիս ՀՀ դատական համակարգում, որպեսզի իրեն անմեղ ճանաչեն, Բավրա մաքսատան նախկին պետն ինքն է պատերազմ հայտարարել Պետական եկամուտների կոմիտեին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեմ Մարգարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` հայց ներկայացնելով իր նախկին աշխատավայրի դեմ: Մասնավորապես, վերջինս իր հայցով պահանջում է, որպեսզի դատարանը ստիպի Պետական եկամուտների կոմիտեին` որոշակի գործողություն կատարի, այն է` օրենքով սահմանված կարգով վճարի իրեն 2017 թվականից չվճարված աշխատավարձն ամբողջությամբ: Ստացվում է, որ նախկին իշխանության հովանավորության տակ գտնված ՊԵԿ պաշտոնյաները, որոնք կաշառքի գործով կալանավորվել են եւ ազատազրկման դատապարտվել, այսօր դուրս են եկել ՊԵԿ-ի դեմ եւ պահանջում են իրենց չվճարված աշխատավարձը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՄԱՆՈՐԻ ԳԻՇԵՐՎԱ ԿՐԱԿՈՑԸ
Ամանորի գիշերը ՀՀ ՊՄ զորամասերից մեկում զինծառայող Էդուարդ Գրիգորյանի մահվան դեպքը շարունակում է առեղծված մնալ: «Ժողովուրդ» օրաթերթին երեկ որոշ մանրամասներ են հայտնի դարձել այդ միջադեպից:
Այսպիսով, փետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով հունվարի Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացած ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մահվանը, ասել էր. «Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ո՛չ ծածկել, ո՛չ կոծկել, եւ դա չի արել տարիներ շարունակ: Մենք հիմա փոքր ծառայողական քննություն ենք իրականացնում` պարզելու, թե դա ինչի հետ է կապված եղել: Հաշվի առնելով այն, որ դեպքը կապված չի եղել ծառայության հետ, մենք, այսպես ասած, մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»:
Դեպքի մասին, հիշեցնենք, չէր տեղեկացվել: Միայն լրատվամիջոցներից մեկի հարցման արդյունքում ՊՆ-ից հաստատել էին զինվորի մահվան դեպքը: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով (ինքնասպանության հասցնելը):
Զինվորի հարազատները, սակայն, ինքնասպանության վարկածին չեն հավատում: Ի՞նչ է եղել իրականում. հարցի պատասխանը փորձում է ստանալ նաեւ նախաքննական մարմինը:
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին զինվորի մահվան դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` Ամանորի գիշերը զինվորները գինովցած են եղել: Թեթեւ վիճաբանությունից հետո Էդուարդ Գրիգորյանի եւ մյուս զինվորների միջեւ սկսել է քաշքշուկ: Հետո Էդուարդ Գրիգորյանին գտել են մահացած: Այսօր նախաքննական մարմինը փորձում է հասկանալ, թե արդյոք քաշքշուկից հետո կրակել են Էդուարդ Գրիգորյանին, թե նա է դեպքից հետո ինքնասպան եղել, կամ միգուցե քաշքշուկի հետեւանքով զենքն է պատահական կրակել:
Նախաքննական մարմինը փորձաքննություն է նշանակել հասկանալու համար` արդյոք այն վնասվածքը, որ ստացել է Էդուարդ Գրիգորյանը, ինքն է իրեն հասցրել, թե իրեն կրակել են: Այս հարցերի պատասխանը կտա փորձաքննությունը, բայց որ մինչ կրակոցը եղել է քաշքշուկ, դա փաստ է:
Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեն այս փուլում քրեական գործը հարուցել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, բայց չի բացառվում, որ փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո հոդվածը փոփոխության ենթարկվի:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՆՑՈՒՄ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆԻՆ
Մարզպետների լիազորությունների հարցն ընդգրկված է նոր կառավարության ծրագրում: Առաջիկայում շրջանառության մեջ կդրվի «ՏԻՄ մասին» օրենքը, որտեղ անդրադարձ կա նաեւ մարզպետների լիազորություններին: Գործադիրը համայնքների խոշորացմանը զուգահեռ նախատեսում է համայնքներում համամասնական ընտրական համակարգի ներդրում, որ հատկապես գյուղական համայնքներում խնամի-բարեկամ կլանային համակարգը չգործի: «Նախկինում ի՞նչ է եղել. փոքր համայնքի գյուղապետը վախենում է հարկը ուզի, վախենում է հարկը հավաքի, որ հետո ընտրության խնդիր լուծի։ Այսինքն` եթե մի փոքր պահանջեց, վաղը իրան չեն ընտրի, մյուսին կընտրեն, իսկ ազգակցական կապերը եւ կլանային մտածողությունը գիտենք, որ մեզանում դեռեւս կա ու մեր գյուղերում խոր արմատներ ունի։ Սա նաեւ ճանապարհ է դրանից ձերբազատվելու, նաեւ համամասնական ընտրակարգ դնելու։ Մենք խոշորացմանը զուգահեռ պետք է անցում կատարենք նաեւ համամասնական ընտրակարգին»,- ասել է Տարածքային կառավարման ու զարգացման նախարարը։
ՌԱՑԻՈՆԱԼ
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, անդրադառնալով ԲՀԿ-ականների հայտարարություններին, որ եթե ծրագրում դրվեն հստակ ժամկետներ ու մեխանիզմներ, իրենք կողմ կքվեարկեն, ասել է. «Եթե կան ռացիոնալ առաջարկներ, որոնք հնարավոր է իրենց տեղը գտնեն, դրան կողմ ենք»: Նախարարը հստակ պատասխան չի տվել, թե արդյոք ընդդիմության կողմից եղել են ռացիոնալ առաջարկներ, որոնք ընդունելի են իրենց համար: «Մենք մինչեւ հիմա ինչը ռացիոնալ ենք համարել, ծրագրում արդեն ներառել ենք: Հիմա ցանկացած փոփոխությունը ռիսկ ունի, որ այն գործընթացը, որ նախորդել է ծրագրի ձեւավորմանը, կսկսի գնահատվել որպես ինքնանպատակ: Օրինակ, ինչ վերաբերում է Հարկային օրենսգրքին, հիմա չենք պատրաստվում որեւէ բան փոխել, հատկապես ծրագրի մեջ»,-ասել է նա:
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը: Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Դատարանում ցուցմունք է տվել Հայկ Սարգսյանի նախկին ընկերը՝ Դավիթ Սիմոնյանը: Ըստ Քննչական կոմիտեի` 11 տարի առաջ՝ 2007թ., հրազենային վնասվածքով Երեւանի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել Դավիթ Սիմոնյանը: Նույն օրը ոստիկանություն էր ներկայացել Արթուր Ղեւոնդյանը, ներկայացրել ատրճանակ եւ հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ եւ դրա հետ անզգույշ վարվելու հետեւանքով կրակել ու մարմնական վնասվածք է պատճառել ընկերոջը՝ Դավիթ Սիմոնյանին: Դեպքի առթիվ հարուցվել էր քրգործ, որը այնուհետեւ կարճվել էր: Սակայն այդ փաստի առթիվ հարուցվել է նոր քրգործ: Քննության արդյունքում պարզվել է, որ Դավիթ Սիմոնյանին անզգուշությամբ մարմնական վնասվածք է պատճառել ոչ թե Արթուր Ղեւոնդյանը, այլ նրան փորձել է սպանել Հայկ Սարգսյանը:
ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամներից Պավել Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներից մեկով քրեական հետապնդումը դադարեցվել է: Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» 10 անդամների նկատմամբ համաներում կիրառելուն նախորդ նիստում առարկել էր ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նման առարկություն ներկայացրել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Դատավոր Մեսրոպ Մակյանը մինչ խորհրդակցական սենյակ հեռանալը հայտարարել է, որ դատարանը համապատասխան հանգամանքերի ի հայտ գալու դեպքում պետք է լուծի համաներում կիրառելու կամ չկիրառելու հարցը: