ՀԵՏԱՔՐՔԻՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ` ՀԱԶԱՐ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հազար խոշոր հարկատուների ցանկը: Անցած տարվա չորրորդ եռամսյակի արդյունքներով` հազար խոշոր հարկատուների ցանկը հետաքրքիր փոփոխությունների է ենթարկվել:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ծխախոտի տեղական արտադրող «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե կատարել է 42 մլրդ 222 մլն 227 հազար դրամ: Իսկ, ահա, 2017 թվականի նույն ժամանակահատվածում այս ընկերությունը զբաղեցրել է ցանկի երկրորդ տեղը` վճարելով 34 մլրդ 751 մլն 753 հազար դրամ հարկ ու տուրք: Ստացվում է, որ այս ընկերությունը 7 մլրդ 470 մլն 473 հազար դրամով ավելացրել է հարկային վճարումները: Ըստ մասնագետների` ընկերության հարկերի ավելացման պատճառներից մեկը եւ հիմնականը ծխախոտի արտահանման ծավալների աճն է:
Ծխախոտ արտադրողին հաջորդում է հանքարդյունաբերող խոշոր ընկերությունը` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը մեկ տարվա ընթացքում բարելավել է դիրքերը: Անցած տարվա չորրորդ եռամսյակում հանքարդյունաբերող այս ընկերությունը տեղ է գտել ցանկի 2-րդ տեղում, իսկ հարկային վճարումները կազմել են 41 մլրդ 47 մլն 831 հազար դրամ, մինչդեռ 2017 թվականի նույն ժամանակահատվածում կոմբինատը ցանկի 5-րդ հորիզոնականում է եղել` 18 մլրդ 670 մլն 324 հազար 400 դրամ վճարած հարկով: Ասել է թե` 22 մլրդ 377 մլն 506 հազար դրամով ավելացրել են հարկերը:
Բայց «Գազպրոմ Արմենիա»-ի դեպքում պատկերը հակառակն է: Ընկերությունը փոքր-ինչ զիջել է իր դիրքերը: Պարզվում է` նվազեցրել է նաեւ հարկային վճարումները: 2017 թվականի հունվար-դեկտեմբերին ընկերությունը ցանկի առաջին հորիզոնականում է տեղ գտել, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում երրորդն է: Այսպես, Հայաստանի երրորդ խոշոր հարկատուն պետական բյուջե անցած տարվա հունվար-դեկտեմբերին վճարել է 39 մլրդ 982 մլն 390 հազար դրամ հարկ ու տուրք, իսկ, ահա, 2017 թվականի ընթացքում ընկերությունը վճարել է ավելի քան 39 մլրդ 717 մլն 691 հազար դրամ:
Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Սի Փի Էս օիլ Քորփորեյշն» ընկերությունը հազար խոշոր հարկատուների ցանկի 4-րդ տեղում է` վճարած 18 մլրդ 403 մլն 623 հազար դրամով: Այս դեպքում ընկերությունը մեկ տարվա ընթացքում ավելացրել է հարկային վճարումները. 2017 թվականի ընթացքում ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 12 մլրդ 597 մլն 719 հազար դրամ: ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը անցած տարվա չորրորդ եռամսյակում զբաղեցրել է ցանկի 5-րդ տեղը` վճարելով 16 մլրդ 819 մլն 631 հազար դրամ, մինչդեռ 2017 թվականի նույն ժամանակահատվածում վճարել է 13 մլրդ 457 մլն դրամ հարկ ու տուրք: Հանքարդյունաբերող այս ընկերությանը հաջորդում է «Ալեքս Հոլդինգ»-ը` 16 մլրդ 191 մլն 390 հազար դրամի հարկով ու տուրքով: Այս ընկերությունը մեկ տարվա ընթացքում զգալի նվազեցրել է հարկային վճարումները: 2017 թվականի ընթացքում պետական բյուջե վճարել է 21 մլրդ 470 մլն դրամ հարկ ու տուրք:
Ցանկի հաջորդ խոշոր հարկատուն «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունն է` 13 մլրդ 978 մլն 758 հազար դրամ վճարած հարկով:
Հազար խոշոր հարկատուների ցանկի 8-րդ տեղը գլխավորում է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը, որն անցած տարվա չորրորդ եռամսյակում, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազեցրել է հարկերը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերության կատարած հարկային վճարումները անցած տարվա չորրորդ եռամսյակում կազմել են 13 մլրդ 624 մլն դրամ, իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում` 11 մլրդ 644 մլն դրամ:
Ամենաուշագրավն այն է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն է 50 տոկոսով նվազեցրել հարկերը: Եթե 2017 թվականի չորրորդ եռամսյակում ընկերությունը զբաղեցրել է հազար խոշոր հարկատուների ցանկի 3-րդ տեղը` վճարելով 22 մլրդ 36 մլն դրամ հարկ, ապա նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին այն 11-րդ տեղում է` վճարած 12 մլրդ 69 մլն դրամով:
«Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը ավելացրել է հարկային վճարումները: Անցած հունվար-դեկտեմբերին ընկերությունը պետական բյուջե վճարել է 11 մլրդ 388 մլն` գտնվելով ցանկի 12-րդ տեղում, իսկ 2017 թվականի չորրորդ եռամսյակում պետական բյուջե ընկերությունը վճարել է 13 մլրդ 133 մլն դրամ հարկ ու տուրք:
Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Ֆլեշը» ցանկի տասներորդ տեղում է. չնայած սրան` անցած տարվա չորրորդ եռամսյակում, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերությունը ավելի քան 210 մլն դրամով պակասեցրել է հարկերը: Եթե անցած տարվա հունվար-դեկտեմբերին պետբյուջե կատարել է 12 մլրդ 248 մլն դրամ հարկային վճարում, ապա 2017-ի նույն ժամանակահատվածում` 12 մլրդ 459 մլն դրամ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՔՈՒՅՐ ԵՎ ԵՂԲՈՐՈՎ
Երեւանի բնակիչ Ջեմմա Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, իր եղբոր՝ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինծառայող Վահան Մանուկյանի հետ նախնական համաձայնությամբ, Տավուշի մարզի բնակիչ Ռաֆայել Ճաղարյանին համոզելով` դրդել են նրան կաշառք տալ: Ավելին, պաշտոնական դիրքն օգտագործելով` վերջինիս գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ չարաշահել են Ռաֆայել Ճաղարյանի վստահությունը եւ խաբեությամբ հափշտակել այդ կաշառքը` 486 հազար 788 դրամ: Ջ. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-32-312 հոդվածի 2-րդ մասով («Խոշոր չափերով կաշառք տալուն հանցակցությունը») եւ 178 հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով («Խարդախությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով»), Վ. Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312 հոդվածի 2-րդ մասով («Խոշոր չափերով կաշառք տալու փորձին հանցակցությունը») եւ 178 հոդվածի 1-ին կետով(«Խարդախությունը, որը կատարվել է մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ»): Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով մեղադրանքը դատարանում պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Այդ քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

 

 

ԱՆՀԱՎԱՍԱՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2014թ. հոկտեմբերից` շուրջ 3 տարի, Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղին չէր գործում: Արդեն մի քանի ամիս է, ինչ միկրոավտոբուսային այդ երթուղին վերագործարկվել է: Արճիս գյուղի բնակիչ վարորդն ամեն առավոտ Այրում քաղաքից ժամը 8-ն անց 30-ին շարժվում է դեպի Նոյեմբերյան քաղաք, որտեղից էլ ժամը 9-ին մեկնում Երեւան: Նույն օրը «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի միկրոավտոբուսը մայրաքաղաքից վերադառնում է Նոյեմբերյան: 18 տեղանոց միկրոավտոբուսում սովորաբար լինում է 5-6 ուղեւոր: Պատճառն անհավասար մրցակցությունն է: Նոյեմբերյան-Երեւան-Նոյեմբերյան երթուղում գործում են բազմաթիվ տաքսիներ, որոնց վարորդները, մշտապես ուղեւորներ ունենալով, հարկեր չեն վճարում, քանի որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը նրանց ազատել է հարկերից: Տաքսիները, միկրոավտոբուսից քիչ առաջ երթուղի դուրս գալով, Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակավայրերից հավաքում են Երեւան մեկնող ուղեւորներին: Նման պայմաններում միկրոավտոբուսային երթուղու տիրոջը շատ դժվար է դիմանալ մրցակցությանը: Ուղեւորների համար ավելի ձեռնտու է միկրոավտուբուսը, որով ուղերթի գինը 2 հազար դրամ է, իսկ Երեւան մեկնող տաքսի ավտոմեքենաներինը` 3 հազար դրամ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս