«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգչուհի Անուշիկ Ալավերդյանը: Ընթերցողները հնարավորություն կունենան բացահայտել նրան բոլորովին նոր ռակուրսից: Վերջինս խոսել է իր նախասիրությունների, բնավորության գծերի, առավելությունների եւ թերությունների մասին: Անուշիկը խոստովանել է, որ նեղացկոտ է, զգայուն, թեպետ ցույց չի տալիս: Նա նաեւ պատմել է իր կյանքի դժվարին փուլի եւ իր ունեցած երազանքների մասին: Անուշիկը նշել է, թե ումից է ոգեշնչվում եւ ինչը կամ ում է համարում իր կյանքի լավագույն նվերը:
-Անուշի՛կ, շարունակե՛ք միտքը. «Երբ ես ծնվեցի…»:
-Ծնողներս բավականին վախեցել էին, քանի որ թերքաշ էի: Հետո արդեն վերականգնվեց քաշս:
-18 տարեկանում ինչի՞ մասին էիք երազում, հիշու՞մ եք:
-Այո, թերեւս երգարվեստով զբաղվելու եւ հայտնի դառնալու մասին:
-Շարունակե՛ք միտքը. «Այն ամենին, ինչին չեմ հասել…»:
-Անպայման հասնելու եմ:
-Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենահիշարժան, տպավորիչ նվերը:
-Դա եղել է ոչ նյութական նվեր Աստծո կողմից. խոսքը դստերս՝ Մայայի մասին է:
-Հե՞շտ եք զրույցի բռնվում անծանոթ մարդկանց հետ: Առհասարակ, ծանոթություններ հաստատելու հարցում ինչպիսի՞ն եք:
-Եթե հասկանում եմ, որ դիմացինս ադեկվատ մարդ է, շատ հեշտ է այդ ամենը ստացվում:
-Ո՞րն է Ձեր բնավորության վատագույն գիծը, կխոստովանե՞ք:
-Չափից դուրս զգայուն, նեղացկոտ լինելը: Ընդ որում, եթե ես նեղանամ, կարող է ցույց չտամ, իմ մեջ պահեմ: Բայց հետո, իհարկե, նախընտրում եմ պարզաբանումներ անել, որպեսզի ամեն բան ընկնի իր տեղը:
-Մահվան մասին հաճա՞խ եք մտածում, իսկ վախենու՞մ եք:
-Շատ, այդ պատճառով չափազանց զգույշ եմ: Միշտ եմ մտածում:
-Աստծո հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք: Հաճա՞խ եք աղոթում:
-Ես հավատում եմ Աստծուն: Կարծում եմ՝ դրանով ամեն բան ասված է: Նրա հետ զրուցում եմ դեռ մանկուց:
-Ո՞ր ժամանակահատվածն է եղել Ձեր կյանքի դժվարին փուլը, ինչի՞ հետ է այն կապված:
-Վերջերս իմ կյանքում իսկապես ծանր փուլ էր՝ հայրիկիս առողջական խնդիրներով պայմանավորված: Բայց, փառք Աստծո, ամեն բան հաղթահարվեց:
-Ձեր թիկունքում հյուսված մի լեգենդ, որը Ձեզ նույնիսկ ժպիտ է պարգեւել:
-Չեմ ասի (ծիծաղում է): Իսկ, առհասարակ, դրանք շատ չեն:
-Ի՞նչ եք կարծում, քաղաքականության մեջ կարելի՞ է ազնիվ ու արդար լինել:
-Անպայման, ես հավատում եմ, թեեւ նման կերպարների դեռեւս տեսել եմ միայն ֆիլմերում (ծիծաղում է):
-Ումի՞ց եք ոգեշնչվում որպես երգչուհի, որպես մարդ…
-Շատ լավ երաժիշտներ կան, որոնց անունն անգամ չգիտեմ, բայց որոնք ինձ վրա դրական ազդեցություն են ունեցել, տպավորել են: Ունեմ շատ լավ ստեղծագործ ընկերներ, որոնցից իսկապես կարելի է ոգեշնչվել: Ինձ շրջապատում են տաղանդավորներ, այնպես որ ոգեշնչման աղբյուրները քիչ չեն:
-Եթե էլի ծնվելու հնարավորություն ունենայիք, կցանկանայի՞ք հայտնի լինել, թե՞ կնախընտրեիք այս անգամ մնալ ստվերում:
-Անկեղծ կլինեմ, ու չեմ թաքցնի, որ անպայման կցանկանայի էլի հայտնի լինել:
-Հե՞շտ եք ներում մարդկանց, թե՞ հիշաչար եք:
-Այսպես ասեմ՝ «հիշա» եմ, բայց չար չեմ (ծիծաղում է):
-Սովորաբար վարում եք ակտիվ ֆիզիկակա՞ն, թե՞ նստակյաց կյանք: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Երկուսն էլ լինում է: Դա կախված է սեզոնից: Օրինակ՝ ամռանը, երբ շոգ է, հաճույքով եմ զբաղվում սպորտով, ավելի շարժուն եմ, տանը նստել չեմ կարողանում:
-Ինչպիսի՞ն եք սիրո մեջ:
-Շատ ազնիվ:
-Ի՞նչ եք կարծում, ազատությանը ձգտե՞լն է դժվար, թե՞ դրա մեջ ապրելը:
-Երեւի թե ազատության մեջ ապրելն ավելի դժվար է, քան դրան հասնելը:
-Ո՞ր դեպքում տղամարդը չի հեռանա կնոջից:
-Եթե հարաբերությունների մեջ առկա լինեն այս երեք կոմպոնենտները՝ սեր, հարգանք, ազնվություն:
-Եվ վերջում՝ շարունակե՛ք միտքը. «Սերը չի մեռնի, եթե…»:
-Իրար փայփայենք:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Ի՞ՆՉ ԲԻԶՆԵՍ ԿԲԱՑԻ ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ
Երգչուհի Սոնա Շահգելդյանը մեկ ամսից կբացի իր նոր բիզնեսը: Նա «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ պատրաստվում է օնլայն ընկերություն հիմնել, որը կզբաղվի հարսանեկան խնջույքների կազմակերպմամբ: Այն ներառում է շոու-ծրագրերի, պարերի կազմակերպում:
Չի բացառվում նաեւ, որ Սոնան բացի հարսանեկան թեմայով խանութ-սրահ. «Առաջին անգամ չէ, որ բիզնեսով եմ զբաղվում: Նախկինում, օրինակ, փայտե պայուսակների հավաքածու ունեի: Դա, իհարկե, ոչ այնքան գումար աշխատելու, որքան վարպետ Մելիքի ձեռքի աշխատանքները պրոպագանդելու եւ նրան օգնելու միջոց էր: Իսկ այս նոր բիզնեսը կլինի գումար աշխատելու միջոց: Եթե հնարավոր է երգարվեստում լինելուն զուգահեռ գործունեություն ծավալել նաեւ բիզնես դաշտում, ինչու՞ չփորձել»,-նշեց Սոնան:
Հարցին, թե արդյոք իր մեջ նկատում է գործարարի ջիղ, երգչուհին պատասխանեց՝ այո՛, ավելին՝ եթե նա չընտրեր երգարվեստի ուղին, անպայման գործարար կին կդառնար. «Այնպես որ, միայն երգելը չէ, որ ինձ մոտ լավ է ստացվում (ծիծաղում է): Բացի գործարարի ունակություններից՝ իմ մեջ տեսնում եմ նաեւ սպորտսմենուհու եւ դերասանուհու շնորհներ»,- հավելեց մեր զրուցակիցը:
Մենք հետաքրքրվեցինք՝ ինչպես է երգչուհին հասցնելու ե՛ւ երգել, ե՛ւ բիզնեսով զբաղվել, ե՛ւ երեխային խնամել. «Եթե մայրիկս երեխայիս խնամքի հարցում ինձ չօգներ, ես ոչինչ էլ չէի հասցնի, բայց, փառք Աստծո, հիմա հաջողվում է մի քանի գործ համատեղել»,-ասաց Սոնան:
Նա մի փոքր էլ պատմեց շոու-բիզնեսին առնչվող նորությունների մասին: Սոնան ունի երեք նոր երգ՝ մեկը անգլերենով օրիգինալ գործ է, մյուսը` հայալեզու, լիրիկական ստեղծագործություն, որի հիման վրա առաջիկայում կնկարահանվի նաեւ տեսահոլովակ, իսկ երրորդը՝ կրկին հայալեզու, հարսանեկան թեմայով երգ: Բացի տեսահոլովակներից՝ աշնանը Սոնան հանդես կգա նաեւ համերգներով: «Ես այն երգչուհիներից չեմ, որոնք պետք է պարբերաբար նոր տեսահոլովակ նկարահանեն, որպեսզի իրենց չմոռանան: Ունեմ հանդիսատես, որը հետեւում է իմ գործունեությանը դրանից դուրս»,- եզրափակեց Սոնան:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ
ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մարզական հավաք կանցկացնի Կիպրոսում: Մեր ընտրանու ֆուտբոլիստները Կիպրոս կմեկնեն փետրվարի 16-ին: Հայաստանի Մ19 հավաքականը Կիպրոսում կանցկացնի նաեւ ընկերական հանդիպումներ՝ փետրվարի 19-ին մրցելով ռուսական «Ուրալ» թիմի խառը կազմի, փետրվարի 22-ին՝ Ռուսաստանի Մ19 հավաքականի հետ: Մեր հավաքականի մարզիչ Արթուր Ոսկանյանը ներկայացրել է հայտացուցակը` դարպասապահներ` Նարեկ Հովհաննիսյան, Հարություն Մելքոնյան, Արսեն Եղիազարյան, Ֆելիքս Խաչատրյան, Արման Ղազարյան, Սերգեյ Մկրտչյան, Արսեն Սարգսյան, Պերճ Պողիկյան, Կարեն Մուրադյան, Էրիկ Ավետիսյան, Վոլոդյա Սամսոնյան, Դավիթ Փարեմուզյան, Մարտին Գրիգորյան, Արամ Խամոյան, Պատվական Ավետիսյան, Դիրան Բեբեքյան:
ՏՈՒԽԵԼԻ «ԿԱՐՄԻՐ ՔԱՐՏԸ»
Երեկ կայացան Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումներից երկուսը։ Մանչեստերի «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում տեղի «Յունայթեդը» զիջեց փարիզյան «ՊՍԺ»-ին՝ 0-2։ Մանկունյանցիները առաջին խաղակեսի վերջից սկսեցին քանդվել եւ երկրորդ կեսում մրցակցից բաց թողեցին երկու գնդակ։ Հյուրերի կազմում գոլերի հեղինակ դարձան Պրեստել Կիմպեմբեն եւ Կիլիան Մբապեն։ Երկրորդ խաղը կայացավ Հռոմում. «Ստադիո Օլիմպիկոյում» մրցեցին «Ռոման» եւ «Պորտուն»։ Տանտերերը հաղթեցին, սակայն մրցակիցը կարեւոր արտագնա գոլ հեղինակեց։ Տանտերերից դուբլ ձեւակերպեց Զանիոլոն: Պատասխան խաղերը կկայանան մարտի 6-ին։
ՊԱՐՏՎԵԼ Է
Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել է Ռոտերդամի մրցաշարի մեկնարկային խաղում: Խաչանովը, որ մրցաշարի երկրորդ համարն է, 1 ժամ 39 րոպե տեւած պայքարում 3 սեթում 6:3, 3:6, 2:6 հաշվով զիջել է աշխարհի հոլանդացի Տալոն Գրիկսպորին: Վերջինս աշխարհի 211-րդ ռակետն է: Հավելենք, որ Ռոտերդամի մրցաշարի գործող չեմպիոնը Ռոջեր Ֆեդերերն է:
ԻԿԱՐԴԻՆ ԶՐԿՎԵԼ Է
«Ինտերի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այսուհետ «Ինտերի» ավագի պարտականությունները Մաուրո Իկարդիի փոխարեն կատարելու է Սամիր Հանդանովիչը: Պատճառը, ըստ մի շարք հեղինակավոր պարբերականների, այն է, որ Իկարդին պայմանագիրը երկարաձգելու շուրջ չի կարողանում համաձայնության հասնել «Ինտերի» ղեկավարության հետ, եւ կողմերի միջեւ տարաձայնություններ են առաջացել: