ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ՊՐՈՑԵ՞Ս, ԹԵ՞ ՎՀՈՒԿՆԵՐԻ ՈՐՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 12-ին` կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ` Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո, դատական համակարգում ուշագրավ իրադարձություններ են զարգանում: Մասնավորապես, այսօր դատական համակարգը` ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, հավաքվելու է քննարկում իրականացնելու:

Այսպիսով, փետրվարի 12-ին ՀՀ վարչապետը կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ անդրադարձել էր դատական համակարգի առողջացման պրոսեցին եւ ասել. «Գիտե՞ք, ես կարծում եմ, որ հրահանգավորման բացակայությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է Ձեր ասած խնդրի կատարյալ լուծմանը հասնելու համար, բայց դա ընդամենը ճանապարհի առաջին քայլն է, որովհետեւ նաեւ կառավարությունը` Արդարադատության նախարարությունը, ունի հնարավորություն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, եւ այդ կարգապահական վարույթը բարձրագույն դատական խորհրդում քննարկման դնելու համար: Եթե այդ վատ դատավճիռը չի կայացվել մեր հրահանգավորմամբ, հետեւաբար մենք կաշկանդված չենք որեւէ ձեւով ապօրինի դատական վճռի կապակցությամբ կառավարությունը` Արդարադատության նախարարությունը, կարգապահական վարույթ հարուցել որեւէ դատավորի նկատմամբ. դա շատ կարեւոր մեխանիզմ է: Տեսեք, ինչ խնդիր կար. նախկինում իշխանությունը հրահանգավորում էր, դատարանը որոշումը կայացնում էր, իշխանությունը չէր կարող այլեւս կարգապահական վարույթ հարուցել: Ընդ որում` դա կարող է հետաքրքիր ինդիկատոր լինել. եթե կառավարությունը իր լծակները գործադրում է որեւէ ապօրինի դատավճռի արձագանքելու համար, դա ապացույց է, որ կառավարությունը այդ դատական վճռի հետ կապ չունի, հակառակ դեպքում անտրամաբանական կլինի` ինքը այդ դատավորին ասի` դու այդ վճիռը կայացրո՛ւ, այդ ապօրինի վճիռը կայացնի, հետո կառավարությունը ինքը բողոքարկի: Հետեւաբար, եթե տեղի է ունեցել ապօրինի աղաղակող վճիռ, եւ կառավարությունը չի արձագանքում, կարգապահական վարույթ չի հարուցում, դա շատ կոնկրետ ինդիկատոր է, որ կառավարության մատը ստեղ խառն է, չի ուզում ուղղակի այդ գործի հետեւից գնա, քանի որ ինքը այդ գործի համահեղինակն է: Հիմա տեսեք, եթե դատավորը իր վճիռը չի կայացնում հրահանգավորման արդյունքում, չի կայացնում կաշառքի արդյունքում, ստացվում է, որ նա վճիռը կայացնում է իր համոզմունքի շրջանակներում. սա այն է, ինչ պետք է դատական համակարգ ունենալու համար: Հիմա եթե մեկ-երկու անգամ ինքը կսխալվի, նույնիսկ առանց հրահանգավորման, կաշառքի կսխալվի եւ ինքը կստանա նկատողություն, դիտողութուն կամ, ընդհանրապես, կզրկվի դատավորի կարգավիճակից, դա կսկսի առողջացման պրոցես: Հետեւաբար, երբ մենք ասում ենք, որ անկախ դատական համակարգի կողմից կայացված վճիռ, մենք նկատի չունենք կառավարությանը կամ ընդդիմությանը հաճելի վճիռ, մենք նկատի ունենք օրինական վճիռ: Հետեւաբար, երբ ապօրինությունների ճանապարհները փակում ենք, այն բովանդակությունը, որ տակը մնում է, մնում է օրինականությունը, որ, կարծում եմ, մեր ուզածն է, եւ դա շատ կարճ եւ ուղիղ ճանապարհն է հարցը լուծելու համար»:
Վարչապետի այս հայտարարությունից հետո դատական համակարգը որոշել է հետեւություններ անել: Պատահական չէր, որ Փաշինյանի խոսքերից երկու օր անց՝ արդեն երեկ, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշում, որի արդյունքում Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցվեցին: Ասել է թե` Արայիկ Մելքումյանին զրկեցին դատավոր լինելուց: Իսկ ի՞նչ էր արել դատավորը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նա ՀՀ վերաքննիչ դատարանում բեկանված որոշմանը տվել է կատարողական թերթիկ, ինչը կոպիտ խախտում է: Դատական համակարգում տարածված տեղեկությունների համաձայն` Արայիկ Մելքումյանը լավ պրծավ, քանի որ նրան կարող էին եւ դատել` առաջ քաշելով այն վարկածը, թե նա ինչ շահագրգռվածություն է ունեցել` բեկանված որոշմանը տալով կատարողական թերթիկ: Վարչապետի հայտարարությունն ու դատավորի լիազորությունների դադարեցման որոշումը զարմանալի զուգադիպությամբ հաջորդեցին միմյանց: Արդյոք սա ազդա՞կ էր դատավորներին զգուշանալու, թե՞ պարզապես զուգադիպություն էր, ժամանակը ցույց կտա, սակայն իրավիճակը այսքանով չի ավարտվում:
Վարչապետի հայտարարությունից հետո նոր սկիզբ են ազդարարել դատական համակարգում: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` այսօր` ժամը 10-ին, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ` դատական համակարգը հավաքվելու է:
Այն, որ դատական համակարգը ինքնամաքրման կարիք ունի, գաղտնիք չէ ոչ ոքի, սակայն չմոռանանք կարեւորի մասին: Դատական համակարգը ապահովագրված է եւ անկախ է ՀՀ օրենսդրությամբ: Սակայն վարչապետի հայտարարությունից հետո (դատավորի լիազորությունների դադարեցնելը) այսօր դատավորների հավաքույթը, ըստ էության, կարող է շահագրգիռ անձանց կողմից շահարկվել՝ ներկայացվելով որպես ճնշում դատավորների վրա: Բայց դե դատական համակարգն էլ իսկապես մաքրվելու կարիք ունի, մաքրվելու, բայց ոչ վհուկների որսի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԱՌԵՐԵՍՈՒՄԸ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` իրավապահները Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի ու իր տան վրա հարձակված անձանց հետ առերեսում են փորձել կազմակերպել, սակայն չի կայացել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Արման Մկրտումյանը գնացել է Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի առերեսվի այդ անձանց հետ, սակայն գործով մեղադրյալները հրաժարվել են առերեսումից: Թե ինչն է եղել պատճառը, այդպես էլ հայտնի չէ. նրանք չեն մեկնաբանել իրենց քայլը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի օգոստոսի 28-ին` երեկոյան ժամը 23:40-ի սահմաններում, 3 անձինք զինված հարձակվել էին ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի` Կոտայքի մարզի Ձորաղբյուրում գտնվող առանձնատան վրա, եւ նրա որդուն հաջողվել էր վնասազերծել նրանցից մեկին. մյուս երկուսը փախուստի էին դիմել: Ավելի ուշ իրավապահները հայտնեցին, որ վնասազերծված անձը Գյումրի քաղաքի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն է, որպես մեղադրյալ ներգրավված երկրորդ անձը 49-ամյա Գագիկ Ղեւոնդյանն է, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել. նրան հայտնաբերել են Վրաստանում եւ ամիսներ անձ արտահանձնել:
Գրել էինք, որ իրավապահները, ուսումնասիրելով ավազակային հարձակման վարկածները, չեն բացառել, որ այս դեպքը կապ ունենա ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահի եւ ԱԺ նախկին պատգամավորի շուրջ տեւական ժամանակ հասունացած դատական թնջուկի հետ: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը բանկերից մեկի հետ խնդիր է ունեցել եւ չի ցանկացել կատարել իր պայմանագրային պարտավորությունները: Արդյունքում բանկի եւ նախկին պատգամավորի միջեւ դատական վեճը հասել է ՀՀ վճռաբեկ դատարան: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախկին պատգամավորը փորձել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի միջոցով իր եւ բանկի միջեւ առաջացած անհաշտությունը իր օգտին լուծել, սակայն մերժում է ստացել: Դրանից հետո Կարո Կարապետյանը դիմել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:
Ինչեւէ, այս գործով նախաքննությունը ավարտին է մոտեցել, քանի որ Կարո Կարապետյանը մահացել է, իսկ, ահա, ավազակային հարձակման գործով անցնող անձինք չեն ցանկանում առերեսվել տուժողների հետ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՊԱՀԱՆՋ
Բելառուսը պահանջում է արագացնել իր թեկնածուի՝ Ստանիսլավ Զասի նշանակումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում: «ՀԱՊԿ-ը արդեն տեւական ժամանակ աշխատում է առանց գլխավոր քարտուղարի: Այս իրավիճակը նպաստավոր չէ կազմակերպության համար եւ պետք է հնարավորինս արագ կարգավորվի»,- հայտարարել է Բելառուսի արտգործնախարարության խոսնակը: Բելառուսի արտգործնախարարությունը պնդում է, թե անցած տարեվերջին ՀԱՊԿ-ի քարտուղարությունը որոշման նախագիծ է պատրաստել գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասին նշանակելու վերաբերյալ, եւ որ Զասը դրանից հետո հանդիպել է կառույցի անդամ հինգ երկրների ղեկավարներին ու ստացել նրանց աջակցությունը.այս մասին գրում է «Ազատությունը»: Հիշեցնենք, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է անցած տարվա նոյեմբերից. Հայաստանը վաղաժամ ետ կանչեց 2017թ. ապրիլից այն զբաղեցնող Յուրի Խաչատուրովին, ում «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրված:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ
ՀՀ քննչական կոմիտեի գործողությունների արդյունքում պարզվել են կեղծ թղթադրամներ իրացնելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Երեւան քաղաքի 2 բնակչի: ՔԿ-ի փոխանցմամբ` 2019թ. փետրվարի 9-ին «ՀայԲիզնեսբանկ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն գրություն է ստացվել, որ Նոր Նորքի 2-րդ զագվածում գործող «ՀայԲիզնեսբանկ» ՓԲԸ-ին պատկանող ինքնասպասարկման մեքենայի դրամարկղից 08.02.2019թ. կատարված ինկասացմամբ պարզվել է, որ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թվով 8 թղթադրամներ կեղծված են: Հարուցվել է քրգործ: Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնք Երեւան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1994 եւ 1988թթ.: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

70.000 ԵՎՐՈ
ՄԻԵԴ-ի 6 վճիռներով` սեփականության եւ այլ գույքային իրավունքների խախտումներ են ճանաչվել Թեղուտի հանքավայրի շահագործման համար քաղաքացիներից գյուղատնտեսական նշանակության հողատարածքները «հասարակության եւ պետության կարիքների» համար հարկադրաբար օտարելու գործերով: Փաստաբան Վահե Գրիգորյանը նշել է. «Սրանք հողատարածքներ էին, որոնք այս տարածքի գյուղացիների ապրուստի աղբյուրն են եղել, ինչպես եւ արձանագրել է ՄԻԵԴ-ը: … Այս վճիռների հակիրճ էությունը կարելի է նկարագրել այսպես. ՀՀ ամբողջ դատական իշխանությունը՝ իր եռաստիճան համակարգով եւ հարյուրավոր դատավորներով, ի վիճակի չի եղել երաշխավորել այս գյուղացիների տարրական իրավունքների պաշտպանությունը: Այն փոխհատուցումը, որ ՄԻԵԴ-ը վճռել է այս ընտանիքների համար, չնչին գումարներ են` համեմատ այն ֆինանսական ներդրումային հնարավորությունների, որոնց տիրապետել է հանքարդյունաբերող կազմակերպությունը: Այս գործերով ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել այս գյուղացիական ընտանիքներին մոտ 70.000 եվրո գումար: Սա, իհարկե, այս ընտանիքների կրած ամբողջ վնասը չէ, սակայն այս ընտանիքների գործերի վերաբացման համար ՄԻԵԴ վճիռները իրական հնարավորություն են»:




Լրահոս