ՀՀԿ-Ի ՀԱՄԱՐ ՁԱՅՆԵՐ ՀԱՎԱՔՈՂ ՏՆՕՐԵՆԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու թիվ 37 հիմնական դպրոցում չարաշահումների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ` Գյումրու թիվ 37 հիմնական դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը, շահադիտական դրդումներով օգտագործելով պաշտոնեական դիրքը, դպրոցի ուսուցչուհիներից մեկին 2015-2016թթ. ուսումնական տարվա ընթացքում` շուրջ 9 ամիս, մեկ այլ ուսուցչուհու փոխարինող դասաժամերը հատկացնելու համար որպես կաշառք նրանից ստացել է ամսական 10-20 հազար ՀՀ դրամ։

Ըստ ձեռք բերված տվյալների՝ նույն դպրոցի տնօրենը մեկ այլ ուսուցչից 2018թ. փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին ստացել է ամսական 50 հազար դրամ՝ վերջինիս հաստիքը չկրճատելու համար։ Բացի այդ, դպրոցի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2013-2018թթ. դպրոցում կատարվելիք փաստաթղթերի պատճենահանումներն իրականացրել է վճարովի հիմունքներով իր համար շահեկան եւ ձեռնտու պայմաններում, ինչպես նաեւ դասերի պլանները, փոխադարձ դասալսման մատյաններն ու գրանցամատյանները վաճառել է ուսուցիչներին, մինչդեռ դրանց հատկացումը անվճար է։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ գումարները դպրոցի տնօրենին են փոխանցվել դպրոցի գործավարուհու միջոցով։
Ընդհանուր առմամբ, դպրոցի տնօրենի գործողությունների հետեւանքով անձանց օրինական շահերին առերեւույթ պատճառվել է էական վնաս՝ 507.000 ՀՀ դրամի չափով։
Նկատենք, որ Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանն առաջին անգամը չէ, որ հայտնվում է քրեական պատմություների կիզակետում:
Նա դպրոցը ղեկավարում է 2012 թվականից: Ժամանակին ակտիվ ՀՀԿ-ական էր, ընդ որում, տարիներ շարունակ ակտիվ մասնակցություն է ունեցել ընտրակեղծարարության՝ ՀՀԿ օգտին ձայներ հավաքագրելու գործին: Ավետիսյանը համապետական ընտրությունների ժամանակ եղել է իր ղեկավարած դպրոցում տեղակայված ընտրական հանձնաժողովում կա՛մ նախագահ, կա՛մ տեղակալ:
Հիշում եք 2017թ. ԱԺ ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ բացահայտած սկանդալը, երբ հրապարակվեց դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ինքնախոստովանական ձայնագրությունները, թե ինչպես են իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով` ՀՀԿ օգտին ձայներ հավաքագրել: Նրանց մեջ փայլատակեց նաեւ Աստղիկ Ավետիսյանի անունը: Հիշեցնենք` Աստղիկ Ավետիսյանն այդ ձայնագրության մեջ խոստովանել էր, որ ներկայացրել է 1700 հոգու անուն եւ ասել. «Լրիվ, լրիվ 1000 անգամ ստուգված մարդիկ են: Մենակ չեմ արել, իմ ամուսինս էլ է ոլորտի մեջ: Աշխատում են մեկ ամիս, ամենավերջին ձեւով վախեցնելով, ովքեր երկու տեղ են գրանցվել` հա՛մ էստեղ, հա՛մ էնտեղ, դուրս են բերվել ցուցակից: Այս ամենի գլխին կանգնած է ամուսինս»: Եւ, ահա, հենց ընտրողներին «ամենավերջին ձեւով վախեցնելու» մասին խոստովանությունն էլ եղավ պատճառ, որ նրա դեմ քրեական գործ հարուցվի:
Նշենք, որ Աստղիկ Ավետիսյանը Գյումրու թիվ 31 ընտրատարածքի նախագահ նախկին ՀՅԴ-ական, հետո ՀՀԿ-ին հավատարմության երդում տված Արտակ Ավետիսյանի կինն է: Արտակ Ավետիսյանն էլ մտերիմ հարաբերությունների մեջ է ԱԺ նախկին պատգամավոր Արման Սահակյանի հետ: Եւ, ահա, Աստղիկ Ավետիսյանի ու նրա ամուսնու՝ Արտակ Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործը շատ արագ կարճվեց նախորդ իշխանությունների՝ ՀՀԿ-ի օրոք: Նա էլ արդարանում էր, թե որեւէ մեկին չի սպառնացել, այլ ասել է, թե կնեղանա, եթե ՀՀԿ-ին չընտրեն:
Հիմա նրա գործունեության հետ կապված նորանոր փաստեր են ի հայտ գալիս: Ընդ որում` դատախազության ներկայացրած փաստերի մասին Գյումրիում խոսում են վաղուց, պարզապես ՀՀԿ իշխանությունները ժամանակին ամեն կերպ աչք են փակել իրենց համար ձայն հավաքող տնօրենների քայլերի վրա:
Ինչեւէ, մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Աստղիկ Ավետիսյանին, սակայն հարցազրույց տալ նա հրաժարվեց` խնդրելով կապվել փաստաբանների հետ, միայն հավելեց. «Այդ քրեական գործի մեջ ճշմարտության հատիկ անգամ չկա, երեք փաստաբան ունեմ, որոնք արդեն զբաղվում են գործով»,-ասաց Աստղիկ Ավետիսյանը:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՂԸ ԿԼՈՒԾԱՐԻ՞

Շիրակի մարզի Ջրաձոր գյուղական բնակավայրում իրավիճակը լարված է: Բանն այն է, որ հաջորդ տարեսկզբին կտրվի Կապսի ջրամբարի կառուցման մեկնարկը: Առաջին փուլի նախագծային աշխատանքներն արժանացել են հավանության եւ ավարտվել: Առաջին փուլով նախատեսվում էր 25 միլիոն խորանարդ մետր ծավալով ջրամբարի կառուցում, երկրորդ փուլով նախատեսված է ջրամբարի ծավալը հասցնել 60 միլիոն խորանարդ մետրի: Սակայն ջրամբարի կառուցման համար խոչընդոտ կա: Տարածքում Ջրաձոր գյուղական բնակավայրն է: Եթե ջրամբարը կառուցվի, գյուղը պարզապես ջրի տակ կհայտնվի:

Ջրաձորում մոտ 70 ընտանիք է ապրում։ Նրանցից 31-ը 88-ի երկրաշարժից անօթեւան է ճանաչված։ 30 տարի կառավարությունը նրանց խնդիրը չի լուծել։ Ստացվում է` 70 ընտանիքի օթեւանի խնդիր կմնա ՀՀ կառավարության ուսերին, ու սա այն պարագայում, երբ 3 տասնամյակ շարունակ ընդամենը 30 բնակարանի խնդիրը չի հաջողվել լուծել։ Միաժամանակ, Ջրաձորում կան պատմամշակութային երեք հուշարձան՝ ամրոց, որ թվագրվում է 3-4 դարերին, երկու դամբարանադաշտ՝ 2-րդ եւ 3-րդ դարերին թվագրվող, Սուրբ Գեւորգ եկեղեցի, որն էլ կառուցվել է միջնադարում, այնուհետեւ վերակառուցվել:
Այժմ քննարկվում է երկու հիմնական տարբերակ՝ գյուղի տեղափոխության եւ Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման մասին։ Գյուղի տեղափոխությունը առավել ծախսատար կլինի, քանզի այդ դեպքում անհրաժեշտություն կլինի նոր բնակավայրում նոր դպրոց, բուժամբուլատորիա, նախակրթարան ու ենթակառույցներ ստեղծել։ Նոր գյուղում, բացի տներ կառուցելուց, անհրաժեշտություն կլինի գազաֆիկացնել, էլեկտրաէներգիա անցկացնել ու ջրամատակարարումն ապահովել։ Դա, իհարկե, մեծ ծախս կպահանջի։ Առավել ձեռնտու տարբերակ կլինի գյուղաբնակներին որոշակի գումար տրամադրելով` լուծել խնդիրը: «Մեր պապերի գերեզմանոցը ստեղ է, ո՞ւր թողնենք էրտանք։ 30 տարի սպասեցինք։ Պապս ապրավ, չտեսավ, հայրս չտեսավ, ես չեմ տեսնի։ 30 տարի է` կսեն` գյուղը պետք է տեղափոխվի ։ Չկարողացանք մե սենյակմ սարքել։ Թույլ չտվեցին, որ սեփականաշնորհեինք, գոնե այդ կերպ կկարողանայինք մարդավարի ապրել։ Հմի էլ կսեն` փող տան, մեզի փող պետք չէ, մեզի մեր պապերի գյուղն է պետք»,-ասաց Ջրաձորի բնակիչներից մեկը։
Այժմ Ջրային պետական կոմիտեի` ծրագրերի իրականացման գրասենյակը ուսումնասիրություններ է կատարում։ Ծրագրի իրականացման այս փուլում գույքագրում ու հաշվառում է կատարվում, իսկ ջրաձորցիները գյուղի տեղափոխության իրենց տարբերակներն են մշակում: «Թող մեզ համար մի տեղ տան, ինչ անենք, մի դպրոց էլ թող մեզ համար կառուցեն։ Այսքան սպասել ենք։ Մեր գյուղը հայկական ամենահին գյուղերից է: Եթե կառավարությունը կգնա այդ քայլին ու կլուծարի գյուղը, թող փորձի։ Ամբողջ գյուղով ոտքի կկանգնենք։ Կապսի ջրամբարը իսկապես շատ կարեւոր ծրագիր է։ Մի շարք գյուղերի համար ջրամատակարարման խնդիրներ կլուծվեն։ Այնպես որ կարծում ենք` այդ հնարավորություններից ելնելով` հնարավոր է ընդամենը 70 ընտանիքի համար փոքր գյուղ ստեղծել։ Ջրաձորը չի լուծարվելու»,- ասաց Ջրաձորի բնակիչներից մեկը։
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանն էլ պնդում է. «Գերմանական KFW ծրագրով է ֆինանսավորվելու ջրամբարի կառուցումը: Գյուղի տեղափոխության հարցը ծրագրում ընդհանրապես ներառված չէ»:
Փաստորեն, իրավիճակն իսկապես լուրջ է, եւ իշխանությունները պետք է խնդիրը լուծեն այնպես, որ նաեւ գյուղացիների շահերը չոտնահարվեն:

Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի

 

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱՇԱՐ
Նախօրեին կայացավ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հանդիպումը մարզի համայնքների ղեկավարների, ավագանիների անդամների հետ: Նորանշանակ մարզպետը համայնքների ղեկավարներին հորդորում էր մարզպետարանի դահլիճում ամբիոնին մոտիկ նստել, սակայն նրանցից շատերը գերադասում էին դահլիճի խորքում տեղավորվել: Մարզպետը, ի թիվս այլ հարցերի, ասաց, որ գյուղին աջակցություն է ցուցաբերվելու: Նա հայտարարեց, որ գյուղատնտեսական գիտելիքներ տարածելու համար ամեն շաբաթ կամ ավելի հաճախ Տավուշի մարզային հեռուստաընկերության եթերում հեռարձակվելու է գյուղատնտեսական բնույթի հաղորդաշար, որը շատ պահանջված է լինելու մարզի բնակիչների կողմից, մարդիկ անհամբեր սպասելու են այդ հաղորդման ժամին: Ժողովից հետո մարզպետարանի դահլիճում մարզպետ Չոբանյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ հետեւյալի մասին. ներկայումս չգործող մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը շուրջ 7 միլիոն դրամ հարկային եւ այլ պարտքեր ունի, հեռուստաընկերությունը մասնավոր բիզնես է, որը պետական կառավարման մարմին մարզպետարանին ենթակա չէ. այս ամենը հաշվի առնելով` ինչպե՞ս է լուծվելու խնդիրը: Մարզպետն ասաց, որ մարզային հեռուստաընկերության վերագործարկման հետ կապված հարցերը կլուծվեն: Մնում է սպասել ու տեսնել, թե որ գործարարն է գնելու մարզային հեռուստաընկերությունը այնտեղ ֆինանսական ներդնումներ կատարելու, հեռուստաընկերության որակյալ աշխատակազմ հավաքելու եւ գյուղատնտեսական բնույթի հաղորդաշար թողարկելու համար:

 

 

ԸՆԴԴԵՄ ՍՏՎԵՐԻ
Փետրվարի 13-ին տեղի ունեցավ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Տավուշի մարզի համայնքների ղեկավարների, ավագանիների անդամների, հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Ելույթ ունենալով` նախարար Պապիկյանն արտահայտվեց համայնքների խոշորացման օգտին: Նա ասաց, որ դա հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ օգտագործել համայնքների ունեցած ռեսուրսները: Ասաց, որ երբ արտերկրից գործարարները ցանկանում են ներդրումներ անել, հողեր մշակել, պարզվում է, որ այդ քանակությամբ ազատ հողեր չկան: Նա հայտարարեց, որ համայնքներում շատ հողեր կան, որոնց տերերն արտերկրում են: Այդ հողերը տարիներ շարունակ չեն մշակվում, համայնքների ղեկավարները նրանց հետ կապ չեն հաստատում, որպեսզի պարզեն, թե այդ մարդիկ հրաժարվում են արդյոք իրենց հողերից կամ վարձակալությամբ այլոց են տալիս մշակելու: Նա հայտնեց, որ համայնքներ կան, որոնց ղեկավարները մշակում են արտերկրում գտնվողների հողերը, սակայն դրանց համար հարկ չեն վճարում, ձեւացնում են, թե այդ հողերը չեն մշակվում: Նախարարը հայտարարեց, որ համայնքների խոշորացման արդյունքում հողերի նման ստվերային օգտագործման դեպքերը բացահայտվում են:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս