ՉՈՐՍԸ` ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ` ՉՀԱՇՎԱԾ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՔԾ-ն ավարտել է «մարտ 1»-ի գործի նախաքննությունը` բայց միայն սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի դրվագով: ՀՔԾ հաղորդագրության համաձայն` «Քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը, համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գեւորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու եւ գործը դատարան ուղարկելու համար, վերը նշված անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է»: Չորս նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար:
Հետաքրքիրն այն է, որ ՀՔԾ հաղորդագրության մեջ որեւէ բառ չկա այս գործից մաս առանձնացնելու վերաբերյալ: Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվողները հինգն են, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որի նկատմամբ հայտարարված է հետախուզում, եւ որը, ինչպես պարզվում է, վաղուց ՌԴ քաղաքացիություն է ստացել:
Բացի այդ, այդ գործով առանձին դրվագ կա մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարկում նստացույցն օրենքի խախտմամբ դադարեցնելու եւ հետագայում ոստիկանության այդ գործողություններն արդարացնելու համար կեղծ փաստաթղթեր սարքելու մասով: Թեեւ ՀՔԾ-ն տեղեկացրել էր այդ դրվագով նախաքննության մասին, սակայն մինչեւ հիմա չի հաղորդվել՝ ոստիկանության նախկին ղեկավարությանն արդյոք մեղադրանք առաջադրվել է, թե ոչ:
ՈՒ, վերջապես, պարզ չէ՝ բացահայտվել են արդյոք կոնկրետ մարտի 1-ի 10 սպանություններն իրականացնողները, այս ուղղությամբ քրեական գործն ինչ փուլում է:
Ամեն դեպքում, «մարտի 1»-ի քրեական գործն առավել քան լուրջ է, եւ առավել քան լուրջ մոտեցում է այն պահանջում. պետք է ամեն ինչ արվի` սահմանադրության եւ օրենքի տառին համապատասխան, որպեսզի հետագայում խնդիրներ չունենա առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքական դաշտում իր հետաքրքրություններն ունի։ Եւ մեր աղբյուրների պնդմամբ` նախագահը համագործակցում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ, եւ, ըստ էության, ստվերային կերպով հովանավորում այդ քաղաքական ուժին: Ասում են` նա պարբերաբար հանդիպումներ է ունենում «Լուսավոր Հայաստանի» խորհրդարանական խմբակցության պատգամավորներից մի քանիսի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, իհարկե, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչերը հերքեցին այդ լուրը: ԼՀԿ խմբկացության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Իհարկե, Արմեն Սարգսյանը մեր նախագահն է, մենք նրան շատ հարգում ենք, բայց նման գաղափարներ եւ մտքեր չկան։ Անգամ նման խոսակցություններ չեմ լսել։ Առաջին անգամ Ձեզնից լսեցի»:

 

 

 

Այս տարվա առաջին ամսում ՀՀ պետական պարտքն ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պարտքն աճել է 28.1 տոկոսով. եթե դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել էր 6 մլրդ 922.9 մլն դոլար, ապա հունվարի 31-ի դրությամբ այն հասել է 6 մլրդ 951 մլն դոլարի: Այս պարտքի առյուծի բաժինը ՀՀ կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 400 մլն դոլար, որից 4 մլրդ 996.1 մլն դոլարը՝ արտաքին պարտքը: Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը սովորաբար վարում է պետական պարտքը նվազեցնելուն միտված քաղաքականություն. նրա պաշտոնավարման ընթացքում կառավարությունը խուսափել է նոր վարկեր վերցնելուց՝ փոխարենը միջոցներ ուղղելով հին պարտքերը փակելուն: Բայց եւ Փաշինյանին չի հաջողվել ընդհանրապես պարտք չվերցնել, պարզապես ավելի քիչ վարկային միջոցներ են ներգրավվել: Ու եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե Սերժ Սարգսյանի իշխանությունն ինչ ահռելի պարտքային բեռ է թողել, կարելի է ենթադրել, թե ինչ դժվարություններ են այս առումով սպասվում:

 

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում հայտարարել է ոչխարաբուծությունը զարգացնելու նպատակով գյուղացիներին աջակցելու անհրաժեշտության մասին: Նա հիշեցրել է, որ անցյալ տարի հավաստիացում էին ստացել, որ Հայաստանն ունի մանր եղջերավորների ու գառան եւ ոչխարի մսի արտահանման հսկայական պոտենցիալ, ու ասել, որ պետք է քննարկվի այս ուղղությունը վարկավորելու հնարավորությունը։ Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը, պաշտոնական վիճակագրությունն ուսումնասիրելով, պարզեց, որ Հայաստանում անասնագլխաքանակը տարեցտարի պակասում է. միայն ոչխարի գլխաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 67 հազարով. այն 2017 թվականին կազմել է 727 հազար 100 գլուխ, իսկ 2018-ին` 660 հազար 100: Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ ոչխարի գլխաքանակը Հայաստանից զանգվածաբար արտահանվեց դեպի հարեւան Իրանի Իսլամական Հանրապետություն, հայկական շուկայում առաջացան գառան մսի դեֆիցիտ եւ ահռելի գնաճ:

 

 

 

ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ հայտարարել է, թե նախկինում Հայաստանի ընտրական մշակույթի անբաժանելի մաս էր Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների բողոքարկումը: Նա ասել է, թե սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել, երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել: Եւ այս համատեքստում ԿԸՀ նախագահը հիշեցրել է, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո որեւէ մեկը բողոքարկման դիմում չներկայացրեց ՍԴ, ինչը նշանակում է, որ հիմա այդ ավանդույթից դուրս ենք եկել: «Սա փաստում է ընտրական գործընթացի թափանցիկության մասին, ինչը կարեւորագույն մշակույթ է եւ լրջագույն ձեռքբերում»,- ասել է ԿԸՀ նախագահը:
Ափսոս, Տիգրան Մուկուչյանը չի մանրամասնել, թե ինչ է նկատի ունեցել` ասելով, որ ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումն ընտրական մշակույթի մաս է եղել: Բացառությամբ վերջին խորհրդարանական արտահերթ ընտրությունների` նախորդ բոլոր համապետական քվեարկությունները մեզանում կեղծվել են ու կեղծվել են տարեցտարի ավելի ու ավելի նորացված, անզեն աչքի համար միգուցե աննկատ մեթոդներով: Եւ ընդդիմադիր ուժերը համապետական ընտրությունից հետո ՍԴ դիմել են ոչ թե իրենց հաճույքի համար, այլ աղաղակող ընտրակեղծիքների պատճառով` ի դեպ, քաջ գիտակցելով, որ իրենց բողոքը, միեւնույն է, կմերժվի:
Այնպես որ, իրականում մեզանում ավանդույթ է եղել ոչ թե ընտրությունների արդյունքները ՍԴ-ում բողոքարկելը, այլ իշխանությունների կողմից ընտրություններն ամենակեղտոտ մեթոդներով կեղծելը, իսկ ՍԴ դիմելն ընդամենը եղել է ընտրակեղծիքների հետեւանք: Ի դեպ, Տիգրան Մուկուչյանը` որպես ԿԸՀ նախագահ, կանգնած է եղել այդ «ավանդույթի» գլխին:
Հիմա այլ իրավիճակ է: Տիգրան Մուկուչյանն այս ընթացքում հավանաբար հասցրել է գիտակցել մեկ պարզ ճշմարտություն. խորհրդարանական վերջին արտահերթ ընտրություններն ազատ ու արդար անցկացվեցին բացառապես իշխանությունների քաղաքական կամքի շնորհիվ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր առաջ խնդիր էր դրել կոտրել ընտրակեղծարարության ողնաշարը՝ բացառելով ընտրախախտման ցանկացած փորձ: Խնդիր էր դրել ու իրագործեց այն: Ապացույցն այն է, որ պարտված կուսակցություները` անգամ ՀՀԿ-ն, չդիմեցին ՍԴ ու չբողոքարկեցին ընտրությունների արդյունքները: Այսօր այդ մասին հպարտորեն նշում է Տիգրան Մուկուչյանը, բայց դա, ինչպես հասկացաք, տեղի է ունեցել` անկախ իր կամքից:




Լրահոս