«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:
-Տիկի՛ն Զոհրաբյան, Դուք գլխավորում եք ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: Ի՞նչ եք արդեն հասցրել անել: Ի՞նչ նոր բաների սպասենք:
-Հանձնաժողովը շատ մեծ օրակարգ ունի: Եկող շաբաթ հանդիպում ունենք արդարադատության նախարարի հետ եւ նաեւ ունենք պլանավորված երկու այց «Նուբարաշեն» քրեակատարողական ու կանանց եւ անչափահասների գաղութ: Մեր օրակարգում է նաեւ այն խնդիրը, որ կառավարության որոշումը արդեն կա բուժծառայությունները քրեակատարողական հիմնարկներից հանելու եւ առանձին կառույց ստեղծելու մասով, բայց մինչեւ հիմա, չգիտես ինչու, կիսատ է, չի կատարվում: Սա շատ կարեւոր նախաձեռնություն է, որովհետեւ եթե բուժծառայությունները դառնան քրեակատարողական պետի ենթական, ապա իրենց աշխատանքի անաչառությունն ու օբեկտիվությունը մեծապես դրվում է կասկածի տակ: Հիմա մեր փորձագետներին հանձնարարված է ուսումնասիրել որդեգրման, հատկապես որդեգրման օրենսդրության հետ կապված դրույթները, եւ եթե այստեղ որոշակի լրացուցիչ կարգավորումների կարիք կա, ապա մենք այդ ճանապարհով եւս գնալու ենք:
Առաջիկայում սկսելու ենք հանդիպումների շարք մարդու իրավունքների հետ կապված տարբեր խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ եւ միասին փորձելու ենք մշակել իրենց հետ աշխատանքի ճանապարհային քարտեզ: Եվ եթե կլինեն առաջարկներ, որոնք օրենսդրական լուծումներ են պահանջում, ապա մեր փորձագետները մեզ կառաջարկեն այդ լուծումները: Բացի դրանից, պետք է հասկանանք` ինչու չի գործում ընդունված օրենքը ընտանիքում բռնության կանխարգելման մասին: Օրենքը ընդունվել է, բայց ես քանիցս ասել եմ, որ այն մեռելածին է, եւ մենք պիտի կարողանանք նաեւ հասնել նրան, որ ընտանիքում բռնությունը բացառվի:
-ԱԺ-ում Ձեր ելույթում ասացիք, որ դեմ եք քվեարկում կառավարության ծրագրին, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի կողքին եք: Ինչպե՞ս եք պատկերացնում նման բան:
-Ես նշեցի, որ մենք հեղափոխության կողքին ենք, ժողովրդի կողքին ենք, որը հավատացել է հեղափոխությանը եւ իր վստահության անվերապահ քվեն տվել է Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ մենք տեսնում ենք մեր երկրում հնարավորություն քաղաքական հեղափոխությունը կապիտալիզացնել տնտեսական հեղափոխության: Այն ծրագիրը, որը ներկայացված է, այդ խնդիրները չի լուծելու, բայց մենք փորձելու ենք մեր հնարավորությունների սահմաններում, մեր աջակցությամբ, այլընտանքային տարբերակներ առաջարկելով` հասնել նրան, որ երկրի տնտեսության ողնաշարը ուղղվի, որովհետեւ հաշմանդամ տնտեսությամբ մենք չենք կարողանալու տնտեսական հեղափոխություն իրականացնել:
-ԲՀԿ-ն 9 առաջարկ էր ներկայացրել, որոնք չընդունվեցին: Ի՞նչ առաջարկներ էին դրանք:
-Առաջարկները չէին կարող ընդունվել այն պարզ պատճառով, որովհետեւ սահամանադրությունը նման ընթացակարգ չի նախատեսում: Առաջարկները շատ հստակ էին. կոնկրետ սահմանել, օրինակ, 2020 թվին որքա՞ն աշխատատեղ է բացվելու, գործազրկությունը քանի՞ տոկոսով է նվազելու, աղքատությունը քանի՞ տոկոսով է նվազելու: Նույնը 2021-2022-ին, որպեսզի չափելի լինի պատասխանատվությունը, որպեսզի մենք` որպես ընդդիմություն, կարողանանք ունենալ չափելի թվեր վերահսկելու համար` արդյոք կառավարությունը իր ստանձնած պարտավորությունները կատարում է, թե ոչ: Շատ բարդ առաջարկներ չէինք ներկայացրել:
-Դուք ասում եք` առաջարկներ կներկայացնենք, կվերահսկենք: «Իմ քայլը» խմբակցությունը 88 պատգամավոր ունի: Մտավախություն չունե՞ք, որ ոչնչի վրա ազդել չեք կարող:
-Մտավախություն միշտ կա, որովհետեւ եթե կա քաղաքական մեծամասնություն, եթե իրենք ունեն անհրաժեշտ ձայներ, ինչպես դա ուներ նախկին իշխանությունը, ապա իրենք որեւէ այլ քաղաքական ուժի օժանդակության կարիք չեն ունենա: Բայց երբ որ ինձ հարցնում են` որն է տարբերությունը նախկին խորհրդարանական տոտալ մեծամասնության եւ այս խորհրդարանական տոտալ մեծամասնության միջեւ, ես ասում եմ, որ տարբերությունը Նիկոլ Փաշինյանի անձն է: Փաշինյանը` ե՛ւ որպես լրագրող, ե՛ւ պատգամավոր, ե՛ւ քաղաքական բանտարկյալ, իր մաշկի վրա է զգացել քաղաքական մենաշնորհի հետեւանքները: Եվ եթե ինքն իր մաշկի վրա զգացել է, թե ինչպես կարող է մեկ ուժի քաղաքական մենաշնորհը երկիրը տանել կործանման, ես չեմ կարծում, որ ինքը կգնա այդ ճանապարհով:
-ԼՀԿ-ից Գեւորգ Գորգիսյանը ասում էր, որ լավ կլիներ` մինչեւ կառավարության ծրագիրը ԱԺ բերելը Փաշինյանը հանդիպում ունենար խմբակցոթյունների հետ, լսեր առաջարկներ: Ի՞նչ կասեք այս մասով:
-Այդպիսի խորհրդարանական ավանդույթ եղել է, որ տարբեր կառավարություններ խմբակցությունների հետ հանդիպել են, քննարկել են: Բայց եթե շատ անկեղծ լինեմ, այնպես չէ, որ այդ հանդիպումների արդյունքում մենք ինչ-որ շատ կարեւոր կոնսենսուսի ենք եկել: Իմ տպավորությամբ` այդ հանդիպումների մեծ մասը ձեւական հանդիպումներ էին, որ հետո խորհրդարանական մեծամասնությունը ասի` մինչեւ ԱԺ բերելը մենք լսեցինք նաեւ ընդդիմության ձայնը: Բայց, իհարկե, այո, համաձայն եմ, եւ լավ կլիներ, որ մինչեւ խորհրդարան բերելը քաղաքական մյուս ուժերի հետ էլ լինեին քաղաքական կոնսուլտացիաներ, որպեսզի այն առաջարկները, որոնք մենք հնչեցրինք, բայց սահամանադրությունը թույլ չէր տալիս դրանք ներառել, դարձնեինք լսելի:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ՉԵՆ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ
Թավշյա հեղափոխությունից հետո մի շարք համայքներում ջրի երես դուրս եկան ղեկավարների հանդեպ դժգոհությունները: Այս առումով բավական ակտիվ վիճակ էր հատկապես Արմավիրի մարզի գյուղերում: Բանը հասավ նույնիսկ ծեծկռտուքի: Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի փոխանցմամբ` ինքը պարբերաբար հանդիպումներ է ունենում ե՛ւ համայնքի ղեկավարների, ե՛ւ ավագանու անդամների հետ իրավիճակից լուծումներ գտնելու նպատակով: Սակայն, ինչպես հայտնի է, մի քանի խնդրաշատ համայնքներում` Ջրառատում, Արշալույսում, լուծումներ գտնել չի ստացվում: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարերից մեկում տեղեկացրել էր՝ Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանը գյուղապետարան է գնում 10 օրը մեկ եւ վատ հարաբերություններ ունի ավագանու անդամների հետ: Ըստ մեր հավաստի աղբյուրների` մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը հանդիպումներ է ունենում վերջինիս հետ` փորձելով հասկացնել ստեղծված իրավիճակը, սակայն Սամվել Գալստյանը կառչած է իր աթոռից եւ ոչ մի կերպ չի ուզում հրաժարական տալ: Նույն իրավիճակում է նաեւ Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը: Ուշագրավն այն է, որ այս համայնքապետերը ոչ մի կերպ չեն հարմարվում նոր իրավիճակին նույնիսկ այն պարագայում, երբ, օրինակ, Ջրառատի գյուղապետի անունը կապվում է մեծ չարաշահումների հետ, եւ այդ մասով նույնիսկ քրեական գործ է հարուցված: Սակայն, օրինակ, Վարդանաշենում գյուղապետը կարծես հարմարվել է ստեղծված վիճակին, եւ, ըստ մեր հավաստի աղբյուրների, նա կհեռանա մինչ իր պաշտոնավարումը եւ կմասնակցի նույն արտահերթ ընտրություններին: Հիշեցնենք, որ հիմա գործադիրը պատրաստվում է ՏԻՄ մասին օրենքում փոփոխություններ կատարել` ներդնելով համայնքապետին հանրաքվեով ետ կանչելու մեխանիզմ:
ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՃՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Մարզպետարաններում պատրաստվում են լայնածավալ օպիտիմալացման` աշխատակազմի մինչեւ 30 տոկոսի կրճատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, տեղեկացավ, որ աշխատանքային ֆոնդը մնալու է անփոփոխ: Փաստորեն ստացվում է` մարզպետարանների աշխատողների աշխատավարձերը բարձրանալու են: Մարզպետարաններում կրճատումները սկսվել են հայեցակարգային պաշտոններից: Ըստ մեր տեղեկությունների` կրճատումների ժամանակ շեշտը դրվելու է այն բաժինների եւ վարչությունների վրա, որոնք ուռճացված են, այսինքն` շատ ավելի մարդիկ կան աշխատող, քան իրականացվող գործառույթների համար հարկավոր է: Կրճատումներ են լինելու այն բաժիններում, որտեղ գործառույթները կրկնվում են: Օրինակ` գոյություն ունի իրավաբանական առանձին բաժին, եւ կա վարչություն, որը իր մեջ ներառում է նաեւ իրավաբանի հաստիք: Օպտիմալացման հետ կապված կրճատումներ լինելու են նաեւ տեղակալների մասով: Յուրաքանչյուր մարզպետ ունի 3 տեղակալ, որն ավելի քան ճոխություն է այս պայմաններում: Դա իրենից ենթադրում է նաեւ տեղակալների վարորդների հաստիքների կրճատում:
Լ. ՄԻՆԱՍՅԱՆ
ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ տարեսկզբին Հայաստանում գնաճը շատ քիչ է եղել: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ գնաճը հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդամենը 0.6 տոկոս է կազմել: Իսկ ահա 2018թ. դեկտեմբերի համեմատ այս տարվա հունվարին գնաճը հասել է 1.7 տոկոսի: Մեկ ամսվա ընթացքում հիմնականում թանկացել է սնունդը՝ 4.2 տոկոսով, մյուս ոլորտներում իրավիճակն առավել մեղմ է՝ կա՛մ գնանկում է արձանագրվել, կա՛մ էլ գնաճը 1 տոկոսի չափով է: Կտրուկ թանկացել է կարտոֆիլը՝ 15.1 տոկոսով. խոսքն այն մթերքի մասին է, որը ԱԺ նախկին պատգամավոր ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը համարում էր աղքատների ուտելիք՝ խորհուրդ տալով բավարարվել դրանով: 28.8 տոկոսով դեկտեմբերի համեմատ թանկացել են բանջարեղենը, 6.7 տոկոսով՝ մրգերը, 38.6 տոկոսով՝ տերեւավոր ու ցողունավոր բանջարեղենը: Թանկացել է գառան միսը՝ 3.8 տոկոս, իսկ խոզի մսի գինը նվազել է 0.8 տոկոսով, տավարի միսը՝ 2.2 տոկոսով: Թեեւ քիչ՝ 0.4 տոկոսով, սակայն թանկացել է մակարոնեղենը, իսկ հացի գինը 0.6 տոկոսով է ավելացել:
ՆԱՀԱՆՋՈՒՄ Է
Երբեմնի խոշոր հարկատու «Թեղուտ» ընկերությունը զգալի պակասեցրել է հարկային վճարումները: Հազար խոշոր հարկատուների ցանկում «Թեղուտ»-ը սկսել է նահանջել. մեկ տարվա ընթացքում ընկերությունը 7 մլրդ 605 մլն դրամով նվազեցրել է հարկերն ու տուրքերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Թեղուտ»-ը 2018 թվականին զբաղեցրել է հազար խոշոր հարկատուների ցանկի 42-րդ տեղը: Նույն տարում ընկերության կողմից կատարած հարկային վճարումները կազմել են 3 մլրդ 973 մլն 256 հազար դրամ, մինչդեռ 2017 թվականի ընթացքում ընկերությունը պետական բյուջե կատարել է 11 մլրդ 578 մլն 338 դրամի հարկ ու տուրք: Նշենք, որ պղնձի եւ մոլիբդենի արդյունահանմամբ զբաղվող Հայաստանի խոշոր ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-ն արդեն մեկ տարի է, ինչ դադարեցրել է Թեղուտի հանքավայրի շահագործումը: Այժմ ընկերության ավելի քան 800 աշխատող պայքարում է հանքավայրի վերաբացման համար: Նշենք, որ հանքավայրը գրավադրված է ռուսաստանյան ՎՏԲ բանկում, եւ այժմ բանկը հանքավայրը վերագործարկող այլ օպերատոր է փնտրում, սակայն հարցը ձգձգվում է: