ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՄԻԵԴ-Ի ՈՐՈՇՈՒՄԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` հայրենի իրավապահ համակարգում արդեն իսկ մտավախություններ կան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործի մասով ընդդեմ Հայաստանի որոշում է կայացնելու: Եւ հիմա խոսվում է այն մասին, որ իրավախախտ որոշումներ կայացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Ինչպես հայտնի է, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննության: Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:
Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի եւ ազատել կալանքից: Բայց դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ: Այս իրավիճակից ելնելով` նրա պաշտպանական կողմը ՄԻԵԴ գանգատ ուղարկեց:
Գանգատներից մեկը ներկայացվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի եւ պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով, իսկ մյուսը` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման որոշումն ընտրելու հիմքով: Եւ, ահա, փետրվարի 1-ին ՄԻԵԴ քարտուղարության կողմից Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը տեղեկացվել է, որ դատարանը քննության կառնի գործերն առաջին իսկ հնարավորության դեպքում:
Եվ այս իրավիճակից ելնելով` իրավապահ համակարգը քննարկում է, թե ով կամ ովքեր են իրավախախտումներ թույլ տվել, որի համար կարող են պատասխանատվություն կրել: Բանն այն է, որ դատախազներն ու քննիչներն այսուհետեւ պատասխանատվության կենթարկվեն, եթե պարզվի, որ Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշումների համար մեղավոր են նաեւ նրանք:
Ու մինչ իրավապահները սպասում են ՄԻԵԴ-ի որոշմանը արդեն եղած փաստերի մասով, նախաքննական մարմինը՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, նոր մեղադրանք առաջադրեց Ռոբերտ Քոչարյանին՝ այս անգամ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ: Սրանով, իհարկե, մի փոքր անլրջացվեց այն մեղադրանքը, որն առաջադրված էր մինչ այս, քանի որ իրավաբանության հետ առնչություն ունեցող մարդը հասկանում է, որ անհեռանկար մեղադրանք է: Ինչո՞ւ. որովհետեւ կաշառքի մասին հայտարարությունը դարձյալ արել է գործարար Սիլվա Համբարձումյանը, որն, ըստ այլ առիթով հարուցված քրգործերի, կաշառք է տվել Սամվել Մայրապետյանին, նա էլ իր հերթին այդ գումարը պետք է փոխանցեր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգնական Արմեն Գեւորգյանին: Հենց Գեւորգյանն էլ, ենթադրվում է, որ պետք է գումարը տար Ռոբերտ Քոչարյանին, սակայն կաշառք ստացողներից մեկը` Սամվել Մայրապետյանը, չի ընդունում մեղադրանքը, Արմեն Գեւորգյանին դատարանը չկալանավորեց, քանի որ գործով որեւէ հիմնավոր ապացույց չկար, որ նա կաշառք է ստացել: Ու այդ դեպքում անհասկանալի է, թե ինչպես, ինչ հիմնավորմամբ է մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին: Ավելին` այնքան էլ լուրջ չեն ընկալվում գործերը, որոնցով խոսվում է, որ նախկին պաշտոնյաներին Սիլվա Համբարձումյանը կաշառել է ժամանակին:
Նախաքննական մարմնի կողմից հանցանքի այս տեսակը՝ կալանքը, այսքան անլրջացնելը կարող է ավելի վատ հետեւանքներ ունենալ, քանի որ կաշառքի գործերն ամենադժվար ապացուցվող հանցատեսակներն են: Նույնիսկ հանցաքնի վայրում են մարդկանց բռնում կաշառք ստանալիս, չեն կարողանում ապացուցել. արդարանում են, թե պարտքն էր վերադարձնում: Ու դժվար է պատկերացնել, թե 10 տարի առաջվա կաշառքի դեպքը ինչպես պիտի ապացուցվի: Բայց պարզվում է՝ այս գործերով նախաքննությունն ավարտվել է, եւ գործն ուղարկվել է դատավարական կողմերին:
Տեսնենք, թե ինչ դատական ավարտ կունենան այս գործերը, որոնց ելքի մասով վատ եվրահեռանկար է ուրվագծվում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՈՉ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾԱԽՍԵՐ ՉԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրականացված ստուգումներին: Նշենք, որ Հաշվեքննիչ պալատը նախորդ տարի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում չարաշահումների մասին վկայող ուշագրավ փաստեր էր հայտնաբերել: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ պաշտապանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն այս թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով: ՊՆ լրատվականից անմիջապես հայտարարեցին, որ Տոնոյանի նախարարության ժամանակաշրջանում ոչ նպատակային ծախսեր չեն կատարվել:
Այսպես, ըստ ՊՆ լրատվականի` Հաշվեքննիչ պալատի կողմից ԱԻՆ-ում կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունը ուսումնասիրվել է ԱԻՆ-ում, որի վերաբերյալ ներկայացվել են մանրամասն պարզաբանումներ եւ լրացուցիչ փաստաթղթեր, որոնցով հիմնավորվել են կատարված ծախսերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ նախարարության կողմից ներկայացված պարզաբանումներում տրվել է բոլոր ծախսերի հիմնավորումը:
Նրանց մեկնաբանմամբ` Փրկարար ծառայության համակարգում բացի «Իսուզու» մակնիշի հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներից շահագործվում են նաեւ դեռեւս 1980-90-ական թվականների ԽՍՀՄ արտադրության «Զիլ» եւ «ՈՒրալ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց անվադողերով եւ այլ պահեստամասերով ապահովելը հրատապ անհրաժեշտություն է եղել: Այդ պատճառով «Իսուզու» մակնիշի ավտոմեքենաների պահեստամասերի հետ ներկայացվել է նաեւ նշված ավտոմեքենաների պահեստամասերի գնման հայտը: Պահեստամասերը փաստացի ձեռք են բերվել եւ տեղադրվել են համապատասխան մեքենաների վրա: Ինչ վերաբերում է անվադողերի գներին, ապա, ըստ ՊՆ լրատվականի, պետք է նկատի ունենալ, որ այստեղ ներառված են նաեւ անվադողերի բալանսավորման եւ տեղադրման աշխատանքները, նաեւ մրցույթին մասնակցել է միայն մեկ ընկերություն: Նախարարությունից պնդում են, որ «Իսուզու» մակնիշի հրշեջ ավտոմեքենաների վերանորոգման համար 2010 թվականից ի վեր բյուջեով որեւէ գումար չի հատկացվել, այդ պատճառով այս գումարով կատարվել են «Իսուզու» մակնիշի ավտոմեքենաների ամենաշատ շարքից դուրս եկող պահեստամասերի գնում եւ պահեստավորում այդ ավտոմեքենաների անխափան շահագործումն ապահովելու նպատակով:
ՊՆ լրատվականը անդրադարձել է նաեւ գնումների պլանով չնախատեսված ծախսերին. դրանք կատարվել են` խիստ հրատապ անհրաժեշտությունից ելնելով, խոշոր հրդեհների եւ այլ ծավալուն միջոցառումների ընթացքում, մասնավորապես` Խոսրովի, Բյուրականի եւ մյուս խոշոր հրդեհների, «Արմ Սեքյուրիտի» միջազգային ցուցահանդեսի, Թումանյանի սողանքի կանխարգելման աշխատանքների ընթացքում եւ այլն: Իսկ գործուղման ծախսերը, ինչպես նշում են ՊՆ լրատվականից, տարվա ընթացքում վերաձեւակերպվել են, որի վերաբերյալ Հաշվեքննիչ պալատը որեւէ չարաշահում չի արձանագրել. «Բոլոր մնացած ուղղություններում եւս չի արձանագրվել չարաշահումներ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ
ՀՀ Կառավարության նիստում քննարկվել է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը: «Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչեւ 2018թ. դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչեւ 2019թ. ապրիլի 1-ը»,- ներկայացրել է նախարարը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ պայմանավորվածություն է եղել նախաձեռնղ խմբի կողմից, որ խոսքը այն մեքենաներին պետք է վերաբերի, որոնք տվյալ օրը գտնվել են մաքսային գոտում:

 

 

ՀԵՏ Է ՎԵՐՑՐԵԼ
Կառավարությունը որոշել է 45 ծառայողական ավտոմեքենա հետ վերցնել Պետական եկամուտների կոմիտեից եւ փոխանցել դրանք պետական այլ մարմինների: ՊԵԿ-ից 28 ավտոմեքենա կստանա Պետական գույքի կառավարման կոմիտեն, 5 մեքենա` Քննչական կոմիտեն, 6-ական ավտոմեքենաներ` Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն ու Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը: Ավտոմեքենաները ՊԵԿ-ից հետ են վերցվում ծառայողական ավտոմեքենաների համար կատարվող ծախսերը կրճատելու եւ կոմիտեին պետական բյուջեից հատկացվող գումարների ծախսման ուղղություններն օպտիմալացնելու նպատակով:

 

 

827 ՄԼՆ ԴՐԱՄ
2018թ. մինչեւ 2019թ. սկզբի տվյալներով` ՀՀ ՎԱ պետական վերահսկողական ծառայության ստուգումների արդյունքում պետական բյուջե է վերադարձվել 827 մլն դրամ: Ըստ ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի` դա բավականին նորմալ արդյունք է նոր ստեղծված կառույցի համար: «Չնայած կարող եմ ասել` սա մեր ֆունկցիան չէ: Առհասարակ, մենք սկզբից մի քիչ սխալ պատկերացումներ ստեղծեցինք: Մեր ֆունկցիան չէ գումար հետ բերելը, դա իրավապահ մարմինների գործն է: Մենք հիմա առավել եւս մեր ուշադրությունը դարձնում ենք կանխարգելելու վրա, թե ինչպես առողջացնենք համակարգը»,- ասել է Սանասարյանը: Ըստ նրա` խորը ուսումնասիրությունների փուլում են քրեակատարողական վարչություններում, «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամում, Ջրօգտագործողների ընկերությունում, Բժշկական համալսարանում եւ այլն:

 

 

ԿԲԱՐՁՐԱՑՆԵՆ
Պետական համակարգում սպասվում է աշխատավարձերի բարձրացում. այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «Դրա նպատակն է, որպեսզի նաեւ մասնավոր հատվածից կարողանանք բարձրակարգ կադրեր հրավիրել պետական հատված, քանի որ մասնավոր հատվածում աշխատավարձերը տասնապատիկ բարձր են»,- ասել է նա: Սակայն վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ դեռեւս հայտնի չէ, թե քանի տոկոսով կլինեն աշխատավարձերի բարձրացումները:




Լրահոս