«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ԿՈՂՔՈՎ Է ԱՆՑԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Զավեն Վարդանյանի հետ զրուցել է թատրոնում ներկայումս տիրող իրավիճակի, գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանի աշխատելաոճի եւ այլ թեմաների շուրջ: Նա նշել է, որ հեղափոխությունը օպերային թատրոն չի մտել, եւ ղեկավարությունը շարունակում է առաջնորդվել նախկին ավանդույթներով: Դիրիժորի համոզմամբ՝ այսօր Օրբելյանի կողքին ոչ թե բանիմաց, այլ շողոքորթ մարդիկ են, որոնք նրան սխալ տեղ են ուղղորդում:

-Պարո՛ն Վարդանյան, Դուք պարբերաբար հանդես եք գալիս թատրոնի կառավարման հետ կապված Ձեր մտահոգություններով: Ըստ Ձեզ՝ այսօր ո՞րն է օպերային թատրոնի առջեւ ծառացած թիվ մեկ խնդիրը:
-Աշխատանքային գրաֆիկի անարդյունավետությունը, անկազմակերպ վիճակը: Թատրոնը հաստատուն գրաֆիկով չի աշխատում, այլ ինչպես պատահի: Օրինակ՝ մեներգիչը չգիտի` ամսվա որ օրը պետք է ելույթ ունենա, որ օպերայում, դրա հետեւանքով աշխատանքը ոչ պրոֆեսիոնալ հիմքերի վրա է դրվում: Մեներգիչների հետ ռեժիսորական աշխատանք չի տարվում: Եթե կոնցերտմայստերների գիտելիքները չլինեին, շատ ծանր վիճակ կտիրեր: Եվ հետո մի բան էլ. երգիչն այսօր ելույթ ունեցավ, մեկ էլ կարող է վերց ամիս հետո երգի: Դրա հետեւանքով արտիստը կորցնում է բեմական զգացողությունը, դերի սրությունը, ձայնալարերը թմրում են, էլ չասեմ, որ հոգեպես վհատվում է: Կոնստանտին Օրբելյանը թող լինի պրոդյուսեր, բայց ոչ գեղարվեստական ղեկավար: Նա չկարողացավ կարգավորել այս ներքին աշխատանքները, երբեւէ թատրոն չի ղեկավարել, օպերային ներկայացում չի ղեկավարել, չունի հստակ պատկերացումներ:
-Ի՞նչ եք կարծում, հեղափոխությունը մտե՞լ է օպերային թատրոն:
-Ոչ, չի մտել, կողքով է անցել: Օրբելյանին պետք է ազատել գեղարվեստական ղեկավարի պաշտոնից եւ ժամանակավորապես բերել ուրիշին, մինչեւ որ կգտնվի այն մարդը, որը լրաժեք կկատարի իր աշխատանքը եւ կհամապատասխանի գեղարվեստական ղեկավարի պաշտոնի պահանջներին: Որպես պրոդյուսեր` նա պետք է թատրոնին. ունի լավ կապեր, ծանոթություններ: Ինքս էլ ինչով կարող եմ, կօգնեմ նրան: Բայց որպես գեղղեկավար` թատրոնի հետ կապված նրա պատկերացումները ավելի շուտ հալյուցինացիաներ են հիշեցնում, դրանք կապ չունեն իրականության հետ: Թատրոնն ունի 56 երգիչ, բայց դրան համապատասխան թվով օպերային ներկայացումներ չունի: Նախկինում Օրբելյանն իր դիրքերն ամրապնդելու համար դիմում էր Սերժ Սարգսյանին, Ռիտա Սարգսյանին: Հիմա նրանք չկան, եւ բնական է, որ հենց նեղն է ընկնում, դիմում է փոխվարչապետին (Կոնստանտին Օրբելյանն օրեր առաջ մեկնել էր Լոս Անջելես՝ «Գրեմմի» մրցանակաբաշխությանը ներկա լինելու: Սակայն վերջինիս մասնակցությունն այնքան մեծ դժվարությամբ էր հաստատվել Մշակույթի նախարարության կողմից, որ պահանջվել էր անգամ փոխվարչապետի միջամտությունը: Փոխնախարար Նազենի Ղարիբյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր, որ իրեն է զանգահարել փոխվարչապետներից մեկը եւ հարցրել է, թե ինչու Օրբելյանին թույլ չի տալիս, որ գնա, մրցանակ ստանա-հեղ.): Իրավիճակը կարելի է շտկել, եթե Օրբելյանն իր կողքին ունենա բանիմաց մարդիկ, ոչ թե շողոքորթներ, որոնք շարժվում են հին սովորությունների համաձայն եւ սխալ ուղղության վրա են դնում նրան:
-Պարո՛ն Վարդանյան, այսօր օպերային թատրոնում բարոյահոգեբանական ի՞նչ մթնոլորտ է տիրում:
-Առկա է հարմարվողական, վհատվածության եւ շողոքորթության մթնոլորտ: Բոլորն են դժգոհ. եթե նրանց մոտենաք, հարցնեք՝ ինչից են դժգոհ, գուցե պատմեն Ձեզ, բայց կնախընտրեն անանուն մնալ: Մեկը վախենում է, որ իր հետ կնքած պայմանագիրը չեն երկարացնի, մյուսը արդեն համակերպվել է այդ իրականությանը…

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՆԵՐՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՉԿԱ, ՄԵՆՔ ԻՐԱՐ ՀԱՍԿԱՑԵԼ ԵՆՔ»

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը խոստանում էր զրպարտության համար դատի տալ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վիգեն Ստեփանյանին, եթե վերջինս հրապարակավ ներողություն չխնդրեր իրենից: Այս մասին Մակունցը գրել էր ֆեյսբուքյան էջում՝ կցելով օրերս լրագրողների հետ հանդիպման տեսանյութը՝ արտիստի մասնակցությամբ:

«Հարգարժան դերասան Վիգեն Ստեփանյանն ինձ վերագրում է խոսքեր, որոնք իբրեւ ասել եմ Միացյալ Նահանգներում հայ արվեստագետների հետ հանդիպման ժամանակ: Դիմում եմ պարոն Ստեփանյանին հետեւյալ կոչով՝ կա՛մ ապացուցում եք, որ ես նման բան եմ ասել, կա՛մ հրապարակավ ներողություն խնդրում ինձանից: Հակառակ պարագայում զրպարտության համար համապատասխան ընթացակարգով դիմելու եմ իրավապահ մարմիններին: Ի դեպ, այդ հանդիպումը տեսագրվել է»,-գրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:
Լիլիթ Մակունցը նկատի ունի Վիգեն Ստեփանյանի հետեւյալ հայտարարությունը. «Միացյալ Նահանգներում հայ արվեստագետների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով մի կնոջ հարցադրմանը, թե ինչու են անտեսվում տարիքն առած արվեստագետները` Մակունցը պատասխանել է. «Ավագ սերունդը կոռումպացված է»»:
«Ժողովուրդ» օրաթերթը պարոն Ստեփանյանից հետաքրքրվեց՝ արդյոք տեղյակ է Մակունցի` իրեն դատի տալու մասին հայտարարությունից եւ ինչ է պատրաստվում անել. «Թյուրիմացություն է եղել, ես եւ տիկին Մակունցը զրուցել ենք, իրար հասկացել ենք, գործը դատի տալուն չի հասնի: Նախ ես փորձեցի կապ հաստատել նրա հետ, հետո տիկին Մակունցը հետ զանգեց ինձ, մենք միմյանց պարզաբանումներ տվեցինք, նա խոսեց շատ կիրթ, պատշաճ մակարդակով, եւ ես հակված եմ հավատալ, որ նա իսկապես նման արտահայտություն չի արել: Պարզապես որոշ մարդիկ մեկնաբանել են այդ խոսքն իրենց ուզած ձեւով»,- տեղեկացրեց պարոն Ստեփանյանը:
Հարցին, թե պատրաստվում է արդյոք ներողություն խնդրել տիկին Մակունցից, դերասանը պատասխանեց. «Դրա կարիքը չկա: Ես տիկին Մակունցին բացատրեցի, թե իմ ասածն ինչ էր, նպատակս որն էր, ասացի, որ իրեն վիրավորելու, վարկաբեկելու միտում բացարձակ չունեի: Ես որեւէ մեկի նկատմամբ թշնամանք չունեմ, առավել եւս այդ աղջկա, որին նույնիսկ չեմ ճանաչում»:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿՍԿՍԻ
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» դրսում 2-1 հաշվով հաղթեց «Այաքսին», որտեղ դեղին քարտ ստացավ մադրիդցիների ավագ Սերխիո Ռամոսը: Այդ քարտի պատճառով նա չի մասնակցի պատասխան խաղին եւ թիմի` հաջորդ փուլ անցնելու դեպքում արդեն կխաղա «մաքուր» վիճակում: ՈւԵՖԱ-ն Ռամոսի մոտ միտում է նկատել եւ հետաքննություն կսկսի: Եթե Ռամոսի մեղքը ապացուցվի, նրան սպառնում է 2-խաղյա որակազրկում:

 

 

ԻՐԱՎԻՃԱԿ Է ԹԵԺԱՆՈՒՄ
Միլանի «Ինտերի» արդեն նախկին ավագ Մաուրո Իկարդին անդրադարձել է իր շուրջ պտտվող իրադարձություններին եւ իր մտածածը փորձել հայտնել Մարկ Տվենի խոսքերով. «Ավելի լավ է բերանդ փակ պահել եւ հիմարի տեսք ունենալ, քան բացել եւ ցրել դրա շուրջ բոլոր կասկածները»: Հիշեցնենք, որ, ըստ շրջանառվող լուրերի, Իկարդին ավագի թեւկապից զրկվել է թիմի հետ պայմանագրի հարցում հայտարարի չգալու պատճառով:
Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս