«Ուրեմն Ձեզ ասեմ, որ եղել է շատ բարձր մակարդակի ընդունելություն». «Իմ քայլի» պատգամավորներն Արցախ «ֆոտոսեսիայի» համար չեն այցելել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով օրերս Արցախ իրենց խմբակցության այցին, վտահեցրեց, թե այն եղել է շատ ջերմ, ու այն տեղեկությունները, թե իրենց Արցախի իշխանությունները «գրկաբաց» չեն ընդունել, իրականության հետ կապ չունեն:

-Պարո՛ն Փամբուխչյան, օրերս «Իմ քայլը» խմբակցությունը գտնվում էր Արցախում, ու, կարծես թե, քաղաքական դաշտում տարակուսանք է առաջացել այցի հետ կապված: Ինչո՞ւ էր որոշվել Փաշինյան-Ալիեւ այցի օրը լինել Արցախում:

-Մեր խմբակցության այցն էր Արցախի Հանրապետություն, խորհրդարանական խմբակցության այցելություն էր, ծանոթություններ, շփումներ Արցախի պատգամավորների հետ, կառավարության անդամների հետ:

Մեր նպատակը առաջիկա մեր անելիքների վերաբերյալ անելիքները գծելն է, թե ինչի շուրջ պետք է տարվեն մեր աշխատանքները, ինչպես նաեւ մեր համագործակցության վերաբերյալ հետագա քայլերի տեսլականի ներկայացումը: Մենք ԱԺ-ում մեծամասնություն ենք եւ մենք պետք է գնայինք Արցախի Հանրապետություն մեր գործընկերների հետ ծանոթանալու, մեր գործունեության վարաբերյալ զրուցելու համար: ԱԺ ամեն հանձնաժողով` իր պրոֆիլով, համագործակցության տարբեր համաձայնություններ է ձեռք բերել:

-Այսինքն` Ձեր այցելությունը որեւէ առնչություն չունե՞ր Փաշինյան-Ալիեւ հանդիպման հետ:

-Մենք որեւէ արտառոց բան չենք արել, մենք այս հանդիպումը պլանավորել էինք շատ վաղուց, ուղղակի մեր հանդիպումը համընկավ ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպման օրվա հետ: Այստեղ որեւէ արտառոց բան չկա, ծանոթության այց էր Արցախ:

-Ըստ շրջանառվող տեղեկությունների` Արցախի իշխանությունները «գրկաբաց» չեն ընդունել Ձեր խմբակցությանը, անգամ նշվում է, որ իրենց համար եւս անհասկանալի է եղել այդ օրով Ձեր այցի նպատակը:

-Ուրեմն Ձեզ ասեմ, որ եղել է շատ բարձր մակարդակի ու շատ ջերմ ընդունելություն, երեւի թե այդպիսի ջերմ ընդունելություն ես չէի տեսել, երբեւիցե չէի էլ պատկերացնի, կրկնում եմ, մենք արժանացել ենք շատ ջերմ ընդունելության: Այդ երկու-երեք օրերի ընթացքում ունեցել ենք շատ ջերմ շփումներ, ու յուրաքանչյուր պատգամավոր իր մեջ որոշում է կայացրել, որ մենք այսուհետ շատ հաճախ ենք Արցախ գնալու, հաճախ ենք ունանալու շփումներ թե՛ մեր կոլեգաների, թե՛ Արցախի բնակիչների հետ:

-Ընդդիմությունը նշում է, որ այս այցն արվել է հերթական «ֆոտոսեսիայի» համար, քանի որ բոլոր պատգամավորներն իրենց անձնական էջերում անընդմեջ լուսանկարներ են հրապարակել Արցախի տարբեր վայրերից, անգամ նախագահ Բակո Սահակյանի հետ ճաշից:

-Չի կարող նման բան լինել. ցանկացած այցով հանրությունը հետաքրքրվում է, բոլորն էլ ցանկանում են, որպեսզի լուսաբանվի, թե ինչ այց էր դա, որտեղ են եղել այցելությունները: Իսկ այդ լուսանկարները, լուսաբանումները եղել են միմիայն հանրությանը տեղեկացնելու, լուսաբանելու համար:

Պետք էր, չէ,՞ հանրությունը տեղեկացված լիներ այդ այցի մասին, պետք էր հստակեցվեր, թե այցը որտեղ էր: Իսկ դիրքեր գնացել ենք, որպեսզի տեղում հասկանանք, թե ինչպես են պահվում սահմանները, ինչպիսի պատրաստվածություն ունեն մեր զինված ուժերը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս