ՖՈՏՈ. Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման. Նիկոլ Փաշինյանը` «Եռաբլուրում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, ՀՀ ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

Վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, ապրիլյան պատերազմում իրենց կյանքը զոհած հերոսների շիրիմներին, մոտեցել նրանց հարազատներին և զորակցության խոսքեր ասել: Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: «Եռաբլուր»-ում մատուցվել է հոգեհանգստի կարգ:

Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչ հետևություններ են արվել ապրիլյան պատերազմից 3 տարի անց, նշել է. «Ես ասել եմ նախկինում, և այսօր էլ այդ խնդիրն իմ օրակարգում է և կառավարության օրակարգում է՝ մենք պետք է խորությամբ և լրջությամբ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել և հետևություններ անենք»:

Ադրբեջանի նախագահի հետ վերջին հանդիպմանը և սահմանային իրավիճակին վերաբերող հարցադրման առնչությամբ երկրի վարչապետն ասել է. «Բանակցային գործընթացը, խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց մենք պետք է հասկանանք նաև, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենք՝ որպես պետություն, ժողովուրդ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»։

Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարի՝ օրեր առաջ Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությանը վերաբերող հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկն անիմաստ է, որովհետև, ճիշտն ասած, եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից, որովհետև ի՞նչ է ասել պաշտպանության նախարարը, ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է՝ հաղթել այդ պատերազմում:

Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի: Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը, շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը: Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման և ենթակայության ներքո»:




Լրահոս