Ինչ է ասել կաշառք վերցնելու մեջ մեղադրվող փոխնախարարը. նոր զարգացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո նոր Հայաստանում պաշտոնատար անձինք պետք է օրինակ ծառայեին. ոչ միայն դատապարտեին կաշառքի ցանկացած դրսեւորում, այլեւ իրենք չվերցնեին գումար: Սակայն պարզվում է, որ անգամ հեղափոխությունից հետո նորանշանակ պաշտոնատար անձինք չեն դիմանում փողի գայթակղությանը: Ինչպես հայտնի է, կաշառք վերցնելու համար ձերբակալվել է ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը:

Դեպքից հետո մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ կաշառքի գումարը եղել է 3 հազար դոլար, այն փոխանցվել է փոխնախարարի կաբինետում: Խոսքը վերաբերում է առողջապահության ոլորտին պետպատվերի գումարների վերաբաշխմանը, ինչով զբաղվել է նշված փոխնախարարը:

Ըստ մամուլի հրապարակումների` կաշառատուն եղել է հանրապետության գլխավոր մանկաբարձ, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը, ում նույնպես ձերբակալել են նույն օրը, սակայն ժամեր անց ազատ արձակել:

Դեպքից երկու օր անց ԱԱԾ-ն պաշտոնապես ներկայացրեց իրավիճակը` հայտնելով, որ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ բժշկական հաստատության տնօրենը նպատակ է ունեցել ապահովել Առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող փոխնախարարի հովանավորչությունը եւ նրա հետ ձեւավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ:

Վերաբաշխման արդյունքում պետպատվերի շրջանակներում տարբեր ծրագրերով հատկացվելիք գումարներով կազմակերպության ֆինանսավորման պակասը լրացնելու համար 2019 թվականի մարտի 30-ին առողջապահության նախարարի տեղակալին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք վերոնշյալ անձն անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերի գումար, որի փոխանցումն իրականացվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Նույն օրը բերման ենթարկված փոխնախարարը ձերբակալվել է` առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու կասկածանքով, իսկ կաշառք տալու համար կասկածվող անձի նկատմամբ, հաշվի առնելով վերջինիս տարիքը եւ առողջական վիճակը, որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել այդ գործից: Մասնավորապես, իրականում իրավապահների ուշադրությունը Առողջապահության նախարարության գործունեության նկատմամբ սկսվել է մեկ ուրիշ դեպքից: Ինչպես հայտնի է, տեւական ժամանակ է, ինչ նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքար է տանում եւ տարբեր ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ գրություններ է ուղարկում իրավապահ մարմիններին: Տրամաբանական է, որ այդ գրությունները ուսումնասիրելու համար իրավապահները պետք է փորձեին իրենց ուշադրության կենտրոնում պահել նաեւ առողջապահության ոլորտում աշխատող պաշտոնյաներին, եւ, ըստ ամենայնի, այս իրավիճակն էլ բերել է իրավապահներին նոր հետքի վրա: Արդյունքում ձերբակալվել է փոխնախարար:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ հանրապետության գլխավոր մանկաբարձ, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի գինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Ռազմիկ Աբրահամյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է այդ միջադեպը եւ ասել. «Թող քննությունը պարզի», իսկ, ահա, փոխնախարարը իրավապահներին հայտնել է, որ ինքը նման բան չի արել:

Տեղեկությունը փորձեցինք պարզել փոխնախարարի փաստաբան Երեմ Դավթյանից, սակայն վերջինս ասաց, որ տեղեկություն տրամադրելու լիազորություն չունի:

Նկատենք, որ մինչ նախարարը առողջապահության համակարգում պայքարի մասին է խոսում, իր անմիջական ենթական զբաղված է իրական կոռուպցիայով: Ավելին` սա բժիշկների պատասխանն է նախարարին, որ իրենց վրա հարձակվելու, իրենց մեղադրելու փոխարեն կոռուպցիան փնտրի իր թիմում. չէ՞ որ այս ողջ պատմությունը բացահայտվեց հենց բժշկի «մեղքով»:

Քնար Մանուկյան




Լրահոս