Որքան գումար է 2018 թվականին վճարվել բյուջե. կոռուպցիայի դեմ պայքարի հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության կողմից խորհրդարանին է ուղարկվել կառույցի 2018 թվականի տարեկան հաշվետվությունը: Փաստաթուղթն, ի դեպ, բավական ծավալուն է ստացվել. այն բաղկացած է 10 գլուխներից եւ 134 էջից։ Թերեւս առանձին ուշադրության են արժանի կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը եւ այնտեղ արձանագրված ցուցանիշները։

Ըստ այդ հաղորդման` 2018 թվականին Հայաստանում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թվի զգալի աճ։ Մասնավորապես, 2018 թվականին կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերն աճել են 298-ով, անցյալ տարի գրանցվել է 481 նման դեպք։

Որպես համեմատություն` նշենք, որ 2007 թվականին արձանագրվել էր այդպիսի ընդամենը 7 դեպք։ Աճել են նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու դեպքերը, եւ եթե 2017 թվականին այդպիսի 150 դեպք էր գրանցվել, ապա նախորդ տարի 240-ն է եղել։ Կրկին համեմատության համար նշենք, որ 2007 թվականին եղել էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու ընդամենը 26 դեպք։

Հարկ է նկատել, որ արձանագրված դեպքերի ճնշող մեծամասնությունը նախորդ տարիներին կատարված եւ 2018 թվականին բացահայտվածներն են: Այսինքն՝ աճել է ոչ թե կոռուպցիան, այլ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումները: Այդ հանգամանքն ընդգծված է նաեւ դատախազության հաղորդման մեջ: Դատախազությունը փաստում է, որ սա վկայում է ոչ թե կոռուպցիոն հանցանքների ծավալների ընդլայնման, այլ հանրային լայն աջակցությամբ դրանց հայտնաբերման եւ բացահայտման մասին, մի փաստ, որը բազմիցս շեշտել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ներկայացված թվերն ինքնին խոսուն են․ 2018 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1988 նյութ, որը գրեթե 4 անգամ գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը, որը եղել է 500։ Եվ դրանցից 1469-ով հարուցվել են քրեական գործեր, իսկ այս թիվն էլ 3,6 անգամ ավելի է 2017 թվականի ցուցանիշից: Տեղեկանում ենք, որ հարուցված քրեական գործերի մեծ մասի՝ 988-ի համար առիթ են հանդիսացել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաղորդումները։

Բացի այդ, 2018 թվականի ընթացքում քրեական հետապնդման է ենթարկվել 960 անձ, որը 60 տոկոսով ավելին է 2017 թվականին հետապնդման ենթարկված անձանց թվից։ Եվ եթե 2017 թվականին քրեական հետապնդման ենթարկված անձանցից միայն 292-ն է եղել պաշտոնատար անձ կամ հանրային ծառայող, ապա 2018 թվականին՝ 470-ը։

Սակայն հետաքրքիր միտում է նկատվում այն առումով, որ, չնայած ավելացել է քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը, որպես խափանման միջոց կալանքը կիրառվել է ավելի քիչ մարդկանց նկատմամբ: Օրինակ` եթե 2017 թվականին կալանքը որպես խափանման միջոց կիրառվել է 112 անձի նկատմամբ, ապա 2018 թվականին՝ 84 անձի նկատմամբ, 33 անձի նկատմամբ էլ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ, որը, նախորդ տարվա համեմատ, ավելի է 32 տոկոսով։

Դատախազությունն իր հաղորդման մեջ նկատում է, որ նման միտումներն առաջին հերթին պայմանավորված են խափանման միջոց կալանավորման պրակտիկան արմատապես փոխելու քաղաքականության հետ։

Ընդհանուր առմամբ, 2018 թվականին, նախորդ տարվա համեմատ, մոտ 3 անգամ ավելի են եղել կաշառք ստանալու, տալու կամ միջնորդության հատկանիշներով նախապատրաստված նյութերը, մոտ 2,7 անգամ՝ հարուցված քրեական գործերը, եւ 2 անգամ՝ վարույթում քննված քրեական գործերը։ Իսկ, օրինակ, փողերի լվացման դեպքի առթիվ նախապատրաստվել է 7 նյութ, եւ սա այն դեպքում, երբ 2017 թվականին այդ հատկանիշներով նյութեր չեն նախապատրաստվել։

2018 թվականի ընթացքում 960 անձ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հետապնդման է ենթարկվել, եւ նրանցից 470-ը եղել են պաշտոնյաներ։ Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին քրեական հետապնդում է հարուցվել 599 անձի նկատմամբ, եւ նրանցից միայն 292-ն են եղել պաշտոնյաներ։

2018 թվականի ընթացքում ամենաշատը քրեական հետապնդման են ենթարկվել Զինված ուժերի տարբեր պաշտոնյաներ։ Քրեական հետապնդման ենթարկված անձանց շրջանակն ունի հետեւյալ տեսքը․

Ոստիկանության աշխատակիցներ՝ 17 անձ,

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձինք՝ հարկադիր կատարողներ՝ 3 անձ,

ՊԵԿ-ի պաշտոնատար անձինք՝ 14 անձ, որոնց թվում են եղել վարչության պետ եւ պետի տեղակալներ,

Զինված ուժեր՝ 135 անձ, այդ թվում՝ զորամասի հրամանատարներ,

ԱՆ քրեակատարողական վարչության 15 աշխատակից, այդ թվում՝ ՔԿՀ-ի պետ, պետի տեղակալ՝ 3 անձ, ՔԿՀ-ի բաժանմունքի պետ։

Առավել մեծ թիվ են կազմում նաեւ սոցիալական ապահովության ոլորտում եւ տեղական ինքնակառավարման ոլորտում քրեական հետապնդման ենթարկված անձինք: Սոցիալական ոլորտում մեղադրյալի աթոռին հայտնվել է 56, ՏԻՄ ոլորտում՝ 73 հոգի։

2018 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի միայն նախապատրաստված եւ ավարտված 100 նյութերով եւ քննված ու ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 4 մլրդ 629 մլն դրամ, ինչը 12 անգամ գերազանցում է 2017 թվականի արդյունքը (361 մլն 445 հազար դրամ)։ 2018 թվականին պատճառված վնասից վերականգնվել է 3 մլրդ 9328 մլն 873 հազար դրամը, որը 2017 թվականի ցուցանիշը գերազանցում է 15 անգամ։

Ամփոփելով արդյունքները` դատախազությունը ընդգծել է, թե իրավապահ մարմիններն աննախադեպ արդյունքներ են արձանագրել կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում` ինչպես քրեական հետապնդման, այնպես էլ պետությանը պատճառված վնասի հայտնաբերման եւ վերականգնման ուղղություններով։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս