Շիրակի մարզպետարանում նույն օրը երկու աշխատակից է ազատվել աշխատանքից: Նրանցից մեկը Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի ԺՊ Հասմիկ Պետրոսյանն է: Վերջինս վարչությունը ղեկավարում էր արդեն 5 ամիս, պաշտոնում նշանակվել էր նախորդ տարի` թավշյա հեղափոխությունից հետո, երբ մարզպետ նշանակվեց ՔՊ անդամ Կարեն Սարուխանյանը: Ասել է թե` Հասմիկ Պետրոսյանը Կարեն Սարուխանյանի կադրերից էր: Աշխատանքից ազատման մասին որոշումը անակնկալ է եղել Հասմիկ Պետրոսյանի համար:
«Քաղծառայության հանձնաժողովը 5 ամիս անց, չգիտեմ` ինչպես, հայտնաբերել է, որ խնդիրներ կան իմ փաստաթղթային փաթեթի հետ: 5 ամիս առաջ, երբ ուղարկվել է այդ փաթեթը, նույն հանձնաժողովը հավանություն է տվել: Քաղծառայության հանձնաժողովից մեկնաբանում են, որ իմ տվյալները չեն համապատասխանում չափորոշիչներին: Նոյեմբերին այդ փաթեթն ուղարկված է եղել. չեմ հասկանում` 5 ամսվա ընթացքում ինչ է փոխվել: Խոսքը վերաբերում է մասնագիտական ստաժին եւ ղեկավար պաշտոնում աշխատելու ստաժին:
Պիտի լինի առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ եւ առնվազն 1 տարվա ղեկավար պաշտոնում աշխատելու ստաժ: Ես ունեմ 5 տարվա մասնագիտական եւ 5 տարվա ղեկավար պաշտոնում աշխատելու ստաժ: Իմը պահանջվող չափորոշիչներից էլ ավել է, ու պարզվում է` դրա համար չեմ համապատասխանում»,- ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը:
Շիրակի մարզպետի համար Քաղծառայության հանձնաժողովի կողմից կատարված միջնորդությունը եւս անակնկալ է եղել: Վերջինս Հասմիկ Պետրոսյանի աշխատանքից գոհ էր, սակայն որոշում չկայացնել չէր կարող: «Մենք միջնորդություն ենք ստացել: Այդ պաշտոնում տիկին Պետրոսյանի հետ աշխատանքը շատ գոհացուցիչ էր: Ինձ համար այդ միջնորդությունը անակնկալ էր, բայց այլ ելք չկար, ու ես ստորագրեցի որոշման տակ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Պաշտոնից ազատվել է նաեւ Շիրակի մարզպետի օգնական Սերգեյ Տոնոյանը: Վերջինս պաշտոնը զբաղեցնում էր դեռ Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի օրոք: Տիգրան Պետրոսյանի նշանակումից հետո Կարեն Սարուխանյանը իր նշանակած կադրերի համար այլընտրանք գտել էր. օգնականներից Էմմա Պալյանին իր հետ Ազգային ժողով էր տարել, իսկ Սերգեյ Տոնոյանը` որպես մարզպետի օգնական, դեռ աշխատում էր: Այժմ վերջինս ազատվել է պաշտոնից` համաձայն Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հրամանի: Նշենք, որ Սերգեյ Տոնոյանի պաշտոնը հայեցողական էր:
Այն հարցին, թե սպասվում են նոր կրճատումներ, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պատասխանեց, թե տվյալ որոշումն էլ իր համար անակնկալ էր, եւ չի կարող հստակ պատասխանել` արդյոք նոր կրճատումներ սպասվում են, թե ոչ:
Հեղինե Մանուկյան
Գյումրի