700 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր են ներկայացվել. «Իմ քայլի» պատգամավորը` տնտեսական հեղափոխության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն ԱԺ է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխությունների նոր նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի անդամ Արգիշտի Մեխակյանի հետ:

-Պարո՛ն Մեխակյան, ո՞րն էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու նպատակահարմարությունը հենց այս փուլում:

-Հենց այս փուլում շատ նպատակահարմար էր: Բանն այն է, որ մենք պետք է օր առաջ հրատապ լուծումներ պահանջող խնդիրներին տանք հստակ լուծումներ:

-Որպես տնտեսագետ` ի՞նչ կարծիք ունեք, արդյոք սա՞ էր լավագույն տարբերակը քայլեր անելու, լուծումներ ստանալու:

-Իհարկե ոչ: Սրանով ընդամենը առաջնային խնդիրներն են լուծվում, բայց մենք՝ մեր հանձնաժողովի անդամներով, համոզված ենք, որ Հարկային օրենսգիրքը դեռ գլոբալ փոփոխությունների կարիք ունի, եւ առաջիկայում մենք աշխատելու ենք այս ուղղությամբ:

-Կառավարությունը հռչակել է տնտեսական հեղափոխություն: Թավշյա հեղափոխությունից հետո ի՞նչ աճ կա տնտեսության մեջ: Մենք հիմա կարո՞ղ ենք վստահ ասել, որ Հայաստանը ներդրումներ անելու առումով գրավիչ երկիր է:

-Իհարկե, դատելով նաեւ պարոն Փաշինյանի խոսքից` նախ` նկատենք, որ հարկային հավաքագրումներն արդեն այս տարվա եռամսյակի դրությամբ գերակատարվել են շուրջ 10 միլիարդ դրամից ավելի, ինչպես նաեւ, եթե չեմ սխալվում, արդեն 700 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր են ներկայացվել, որոնք այս պահին կառավարությունում քննարկման տարբեր փուլերում են գտնվում: Եւ, իհարկե, կարող ենք ասել, որ տնտեսական հեղափոխությունը արդեն իսկ սկսված է, եւ դրան զուգահեռ պետք են հարկային գլոբալ բարեփոխումներ, ավելի պարզեցված, ավելի հստակ Հարկային օրենսգիրք:

-Հասարակության մեջ էլ կարծիքներ շատ են հնչում, որ տնտեսական հեղափոխությունը, ըստ էության, կհաջողի այն ժամանակ, երբ մարդկանց սառնարաններում իրավիճակ փոխվի: Եթե շարժվենք այս տեմպերով, քանի՞ տարի հետո ժողովուրդը իր մաշկի վրա կզգա տնտեսական հեղափոխության արդյունքները:

-Գիտեք, Ձեր տված հարցը իրենից շատ սուբյեկտիվ պատասխաններ է ենթադրում, որովհետեւ յուրաքանչյուրը յուրովի կարող է ընկալել տնտեսական հեղափոխություն ասվածը: Պետության ամբողջ մտահոգությունը ուղղված է սոցիալական վիճակի բարելավմանը:

-Ինչքա՞ն ժամանակ հետո արդյունք կունենանք:

-Կարծում եմ՝ առաջիկա տարիներին արդեն տարբերությունը ակնհայտ կլինի: Խորհրդարանում կառավարության ծրագրի ընթացքի վերաբերյալ զեկույցի ժամանակ մի հսկայական մաս տրամադրված էր գյուղատնտեսության ոլորտին, եւ այստեղ բավականին լուրջ քայլեր են արվել աջակցելու մեր գյուղացիներին, գյուղացիական տնտեսություններին տարբեր սուբսիդավորման միջոցներով:

-Հարկային օրենսգրքի հետ կապված խմբակցությունում իրարամերժ կարծիքներ կա՞ն: Իշխող խմբակցությունը որքանո՞վ է համագործակցում մյուս երկու խմբակցությունների հետ այս թեմայի շուրջ:

-Հարկային օրենսգիրքը դեռ նոր է եկել Ազգային ժողով, եւ քննարկումները դեռ առջեւում են: Չէի ասի, թե կարծիքները իրարամերժ են: Կասեի՝ ավելի ճիշտ տեղի են ունենում բուռն քննարկումներ, կան տարբեր կարծիքներ, եւ այդ կարծիքների, բանավեճերի արդյունքում մենք կգտնենք լավագույն լուծումները, իհարկե, ոչ միայն խմբակցությունում, այլ նաեւ մյուս երկու խմբակցությունների եւ հատկապես տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում:

-Մասնավոր զրույցների ժամանա՞կ էլ այլ խմբակցությունների հետ չեն քննարկվել այս հարցերը:

-Ես դեռ առիթ չեմ ունեցել: Խմբակցության մյուս անդամների հետ միգուցե եղել են առիթներ խոսելու այդ մասին:

-Խոսում եք Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու կարեւորության մասին, ինչպես նաեւ նշեցիք` քննարկումները դեռ առջեւում են, այնուամենայնիվ, ո՞րն է այն առանցքը, որը պետք է փոփոխության ենթարկվի, ինչի՞ վրա պետք է դրվի շեշտը:

-Այստեղ երեւի հիմնական խնդրահարույցը պետտուրքի վերաբերյալ հարցն է, այսպես ասած, 60 անգամ թանկացումները, գրավատների, փոխանակման կետերի պետտուրքերի մասին է խոսքը: Ասեմ իհարկե, որ կառավարությունը իր հիմնավորումներն ունի: Մենք հաշվի կառնենք այդ հիմնավորումները, իսկ դրանից առաջ մենք նաեւ այդ ոլորտի տնտեսավարող սույբեկտների հետ ենք հանդիպումներ ունեցել իրենց մտահոգությունները լսելու համար:

Լուսինե Մինասյան




Լրահոս