ՀՀ հաշվեքննիչ պալատը մի շարք թերություններ է հայտնաբերել Բնապահպանության նախարարությունում: Ընդ որում` այդ թերությունների հետեւանքները, սխալված չենք լինի, եթե ասենք, գրեթե անվերականգնելի են, կամ շատ երկար ժամանակ կպահանջի վերականգնումը:
Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության` 2017 թվականի դրությամբ ՀՀ 10 մարզերում գործել են 178 ձկնաբուծական տնտեսություններ, որոնցից 160-ը` Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում: Ի դեպ, ելնելով ՀՀ կառավարության` 2014 թվականի սեպտեմբերի 18-ի Արարատյան, Հրազդանի եւ Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրության եւ երաշտի մասին որոշումից` առավել ռիսկային են համարվել նշված ավազանային կառավարման տարածքներում գործող ձկնաբուծարանները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ տարածքներում տեղակայված 25 ձկնաբուծական տնտեսությունների համար ջրային ռեսուրս են հանդիսանում խորքային հորերը: Միայն ՀՀ հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների ընթացքում կազմվել են 28 ջրաչափական եւ 4 կապարակնքման ակտեր: Արդյունքում պարզվել է, որ 28 ձկնաբուծարաններից 2-ի կողմից շահագործվող հորերը չեն գործում, 4-ը չունեն ջրօգտագործման թույլտվություն, 20-ի կողմից օգտագործվող ջրի ծավալը սահմանվածից ավելի է, 4-ի կողմից օգտագործվող ջրի ծավալը ջրօգտագործման թույլտվության սահմաններում է, իսկ 4-ի մոտ հորերի փականների կապարակնիքները բացակայել են:
Ի դեպ, ձկնաբուծարանների ջրօգտագործման թույլտվություններով սահմանված տարեկան ջրի ծավալը կազմում է 104 մլն 999 հազար խորանարդ մետր, փաստացի օգտագործվող ջրի տարեկան ծավալը թույլտվություններով սահմանվածից ավելի է 79 մլն 663 հազար խորանարդ մետրով, իսկ ապօրինի օգտագործվող ջրի տարեկան ծավալը 8 մլն 789 հազար խորանարդ մետր է:
Ջրօգտագործման թույլտվություն չունեցող կամ սահմանված չափաքանակից ավելի ջուր օգտագործող դիտարկված ձկնաբուծարանները ՀՀ բյուջե չեն վճարել շուրջ 325 մլն 350 հազար 605 դրամ բնօգտագործման վճար: Նշենք, որ ձկնատնտեսական նպատակներով օգտագործվող մակերեւութային եւ ստորերկրյա քաղցրահամ ջրերի 1 խորանարդ մետրի համար սահմանված բնօգտագործման վճարը կազմում է մեկ դրամ:
Սա դեռ ամենը չէ. պարզվում է՝ առանց արտահանման լիցենզիայի 2017-2018 թվականների ընթացքում արտահանվել է 350 տոննա խեցգետին, որից միայն 104 տոննայի համար են կնքվել պայմանագրեր, իսկ ՊԵԿ-ի կողմից չի արգելվել անօրինական արտահանումը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ խեցգետին արտահանել է 7 կազմակերպություն, բայց դրանցից միայն 4-ն են նախարարության հետ կնքել «Բնական կենդանական պաշարների օգտագործման» պայմանագրեր եւ ստացել 104 տոննա խեցգետնի որսի թույլտվություն: Ըստ Հաշվեքննիչ պալատի` այդ կազմակերպությունները 2017-2018 թվականներին ՀՀ տարածքից արտահանել են շուրջ 245 տոննա ավելի շատ խեցգետին, քան նրանց օրինական ձեռքբերումները տվյալ ժամանակահատվածում: Գործընթացը չի վերահսկվել Բնապահպանության նախարարության կողմից, քանի որ արտահանման վրա վերահսկողության գործառույթ չունի:
Նախարարությունը 2017-2018 թվականների ընթացքում ընդամենը երկու կազմակերպությունների տրամադրել է 3.4 տոննա ընդհանուր քաշով ներմուծման թույլտվություն: Բայց, մյուս կողմից, պալատը ՊԵԿ-ից տեղեկություն է ստացել այն մասին, որ թվով 21 ընկերությունների կողմից ներմուծվել է 45.5 տոննա խեցգետին: Ստացվում է, որ առանց լիցենզիայի եւ լիազոր մարմնի գիտության ՀՀ է ներմուծվել 42.1 տոննա ընդհանուր քաշով կենդանի խեցգետին:
Իսկ, ահա, ըստ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի` (դարձյալ պալատին տրված տեղեկության համաձայն) Հայաստան 2017-2018թթ.-ի ընթացքում ներմուծվել է 28.3 տոննա խեցգետին: Ստացվում է, որ առանց ՍԱՏՄ հսկողության ՀՀ է ներմուծվել 17.2 տոննա խեցգետին: Թե ինչ ճանապարհով եւ ինչպես, հայտնի չէ:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադարձել է Սեւանա լճում խեցգետնի քանակի զգալի նվազմանը: Այս խնդիրն արձանագրել է նաեւ Հաշվեքնիչ պալատը: Ըստ այդմ` Սեւանա լճում խեցգետնի անխնա որսի հետեւանքով 2017-2018-ին արդյունագործական որսի թույլտվության բնեղեն քանակը կտրուկ պակասել է. 2017-ին այն կազմել է 42 տոննա, իսկ 2018-ի 9 ամիսների ընթացքում` 3 տոննա, որը 2015-ի համեմատ պակաս է շուրջ 900 անգամ: Սա, համաձայնեք, խիստ մտահոգիչ է:
Պարզվում է` «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենը 2017-ի փետրվարի 14-ի, մարտի 10-ի եւ մայիսի 4-ի ահազանգող գրություններով խնդրել է բնապահպանության նախարարին արգելել խեցգետնի որսը Սեւանա լճում, խեցգետնի պոպուլյացիայի վրա անդառնալի հետեւանքներից խուսափելու համար:
Բայց, ինչպես տեսնում եք, ունենք այն, ինչ ունենք: Այսօր Սեւանա լճում խեցգետին չկա կամ շատ քիչ քանակությամբ կա, հետեւաբար, ներքին շուկայում վաճառքի խեցգետին չկա: Միայն Վայոց Ձորի մարզի Հերհերի ջրամաբարից կատարվել է թույլատրելի որսաչափից շուրջ 54 տոննայով ավելի խեցգետնի որս, իսկ 2018 թվականի 9 ամիսների ընթացքում Սեւանա լճից տրվել է 3 տոննա խեցգետնի որսի թույլտվություն այն դեպքում, երբ արտահանումը կազմել է 110,6 տոննա կամ շուրջ 37 անգամ ավելի, քան օրինական որսը: Հուսանք` Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության այս արդյունքները չեն մնա միայն թղթի վրա, այլ կհայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում:
Չմոռանանք նշել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը, պալատի կողմից իրականացված ուսումնասիրությունների հետքերով, ներկայացրել է նաեւ իր առարկություններն ու բացատրությունները: ԲՆ-ն հայտարարում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ, որ բոլոր արտահանող ընկերություններին պարտադիր է տրամադրել արտահանման լիցենզիա:
Ըստ ԲՆ-ի` 2017-2018 թվականների ընթացքում ՀՀ տարածքից խեցգետնի քանակի ավելի շատ արտահանելը, քան տվյալ ժամանակահատվածում նրանց կողմից օրինական ճանապարհով ձեռք բերված քանակությունը, ԲՆ-ի կողմից գործընթացի անվերահսկելիության արդյունք չէ, քանի որ նախարարությունը օրենսդրությամբ սահմանված կարգով արտահանման մեկանգամյա լիցենզիաներ տրամադրում է դիմումատուների հայտերի հիման վրա: Պարզվում է` ՀՀ-ից խեցգետնի ապօրինի արտահանման գործընթացի վրա Բնապահպանության նախարարությունը վերահսկման գործառույթ չունի:
Հ.Գ. Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը, պալատի կողմից իրականացված ուսումնասիրությունների հետքերով, ներկայացրել է նաեւ իր առարկություններն ու բացատրությունները: Գործընթացը չի վերահսկվել Բնապահպանության նախարարության կողմից, քանի որ արտահանման վրա վերահսկողության գործառույթ չունի:
Սյունէ Համբարձումյան