ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԵՆՑ ՎՐԱՅԻՑ ԳՑՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանները տեւական ժամանակ պայքարում էին Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ՝ պատճառաբանելով, որ այն բնապահպանական վտանգ է ներկայացնում: Պարզվում է, սակայն, այսօր, երբ հանքավայրի գործունեությունը դադարեցված է, բնապահպանական խնդիրները ոչ միայն չեն չեզոքացել, այլեւ նոր վտանգներ են ի հայտ եկել: Մասնավորապես, ըստ հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության` ձմռան այս ամիսներին Ամուլսարի տեղամասում արձանագրվել են ձյան առատ տեղումներ, բայց շրջափակման պատճառով հնարավոր չի եղել իրականացնել մակերեւութային ջրերում նստվածքների առաջացումը վերահսկելու համակարգի կառուցման աշխատանքները: Նրանց պնդմամբ` այս աշխատանքները պետք է իրականցվեին մինչ ձյան տեղումները, մինչդեռ հանքավայրը շրջափակված է, կառավարությունը քայլեր չի ձեռնարկում ապօրինի շրջափակման վերացման ուղղությամբ, եւ «Լիդիան Արմենիա»-ն հայտարարել է, թե շրջակա միջավայրի, ջրի եւ օդի որակի վատթարացման հետ կապված ցանկացած խնդրի առաջացման ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը: Կառավարությունը` ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ բնապահպանական տեսչությունը, դեռ չեն արձագանքել «Լիդիան Արմենիային»: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն առաջիկայում նշանակված միջազգային փորձաքննությունից հետո շարունակելու է իր գործունեությունը ՀՀ-ում, քանի որ եզրակացությունը լինելու է հօգուտ իրենց: Մինչ այդ նկատենք, որ այս ընկերությունը 2018 թվականին, 2017-ի համեմատ, ավելի քան 3 մլրդ 132 մլն դրամով նվազեցրել է հարկերը: Եթե 2017թ. նրանք 16-րդ խոշոր հարկատուն էին, վճարել էին 7.8 մլրդ դրամ, ապա 2018 թ. նրանց վճարած հարկերը կազմել էին 4.7 մլրդ դրամ` խոշոր հարկատուների մեջ զբաղեցնելով 33-րդ տեղը:

 

 

Օպտիմալացման ենթակա պետական գերատեսչությունների աշխատակիցները դեռ մեկ-երկու ամիս էլ կմնան սպասողական վիճակում։ Բանն այն է, որ ԱԺ հաջորդ նստաշրջանը մեկնարկելու է մարտի 5-ին, եւ միայն այդ ժամանակ խորհրդարանի օրակարգում կներառվի ու կքննարկվի «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այդ նախագծով, հիշեցնենք, նախատեսված է կրճատել նախարարությունների թիվը՝ 17-ից դարձնելով 12-ը: Միաժամանակ սա ենթադրում է, որ օպտիմալացվելուց հետո այդ նախարարությունների աշխատակիցներից ոմանք գործազուրկ կդառնան: Նախագիծն ընդգրկված է մարտի 5-ին մեկնարկող ԱԺ նստաշրջանի օրակարգում, սակայն պարզ չէ՝ երբ այն կքննարկվի ու կընդունվի: Իսկ մինչ օրենքն ուժի մեջ կմտնի, այդ գերատեսչությունները կշարունակեն իրենց աշխատանքը նույն ռիթմով` իհարկե, կրճատումների սպասելիքով շունչները պահած:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորը վերջերս դիմել է ՍԴ՝ վիճարկելով համաներում հայտարարելու մասին 2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած ՀՀ օրենքի սահմանադրականությունը: Բանն այն է, որ եթե նախկինում համաներման ժամանակ նշված է եղել, որ այն չի կարող կիրառվել պետությանը կամ անձին հասցրած վնասը չփոխհատուցած անձանց դեպքում, ապա այս անգամ նման արգելք չկա: Վերջերս հայտարարված համաներման արդյունքում ազատ արձակվեցին նաեւ անձինք, որոնք պետության կամ քաղաքացու վնասը չեն հատուցել: Նրանց նկատմամբ համաներում կիրառվել է, միեւնույն ժամանակ, օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` տուժողներին հնարավորություն է տրվել քաղաքացիական հայց ներկայացնել դատարան՝ մեղադրյալներից պահանջելով վնասի փոխհատուցումը: Դատավորները հենց սա էլ համարում են խնդրահարույց ու հիմա այս կապակցությամբ դիմել են ՍԴ:

 

 

 

Հոգեբուժարաններում ու ՔԿՀ-ներում պահվող թոշակառուների թոշակը կարող են ստանալ ոչ միայն հարազատները, այլեւ անձինք, որոնց անունով տրված է լիազորագիր այդ պետական հիմնարկի ղեկավարի կողմից: Այս ընթացակարգը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ, սակայն պարզվում է` այն իր մեջ լրջագույն կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. ՔԿՀ ղեկավարությունը կարող է ստանալ ու պարզապես գրպանել կալանավորի կամ դատապարտյալի թոշակը կամ դրա մի մասը: Իսկ այդ անձինք չեն կարող բողոքել հետագա անախորժություններից խուսափելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս խնդրին անդրադարձել է նաեւ Հաշվեքննիչ պալատն իր եզրակացության մեջ` արձանագրելով, որ այս դեպքում գործ ունենք տարեկան 500 մլն դրամի հետ: ՈՒ հիմա Պալատն առաջարկում է վերանայել օրենքը` տալով համապատասխան լուծումներ: Միայն թե, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, կառավարությունը դեռեւս համապատասխան արձագանք չի տվել խնդրին ու դեռեւս հանդես չի եկել օրենսդրական փոփոխությունների նախագծով:

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ
ՀՀ սահմանադրությունը փոփոխելու եւ կիսանախագահական կառավարման համակարգի անցում կատարելու վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի վերջին հայտարարության մեջ հնչած առաջարկը դարձել է ակտիվ քննարկումների թեմա: Կիսանախագահական կառավարման համակարգի անցման առաջարկին հիմնականում դեմ է խորհրդարանական ընդիմությունը. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այն որակել է ետընթաց: ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մելքումյանն էլ թեեւ ասել է, որ կուսակցությունում այս հարցը չեն քննարկել, միաժամանակ հավելել է, որ հարկավոր է հաշվի առնել ռիսկերը: Այս թեմային անդրադարձել է իշխող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներից ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը` ասելով, թե սահմանադրական բարեփոխումներն իրենց օրակարգում են, սակայն պետության կառավարման մոդելի փոփոխության հետ կապված քննարկումներ դեռ չեն ունեցել, եւ պատեհ պահի կքննարկեն այդ հարցը: Այլ կերպ ասած` իշխող քաղաքական ուժը չի բացառել կառավարման համակարգի փոփոխությունների հավանականությունը` միաժամանակ տեղ թողնելով այս հարցի շուրջ հետագա քննարկումների ու բանավեճերի համար:
Մինչ այդ նկատենք, որ տեսակետների այս տարբերությունը պատահական չէ: «Իմ քայլը» խմբակցությունը, որի անդամ ուժերը «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Առաքելություն» կուսակցություններն են, 2015թ. չի սատարել սահմանադրական փոփոխությունների գործընթացը, մինչդեռ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ՀՀԿ-ի հետ նույն ճամբարում էին: ԲՀԿ-ն սատարում էր սահմանադրական փոփոխությունները, իսկ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը մասնակցել էր այդ գործընթացի շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:
Ժամանակը նաեւ եկավ ապացուցելու սահմանադրական փոփոխությունների դեմ արտահայտվող քաղաքական ուժերի պնդումների ճշմարտացիությունը, որ ՀՀԿ-ն այս ամենը նախաձեռնել էր միմիայն Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու համար: 2018թ. ապրիլին՝ նախագահական լիազորությունների ավարտից հետո, ՀՀԿ-ն հենց Ս. Սարգսյանին առաջադրեց վարչապետի թեկնածու, պարզապես թավշյա հեղափոխությունն ի չիք դարձրեց նրանց պլանները` ստիպելով Սարգսյանին հրաժարական տալ վարչապետի պաշտոնից, իսկ ՀՀԿ-ին ընդհանրապես հեռանալ իշխանությունից:
Այնպես որ, Հայաստանում կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ լուրջ քննարկումներն իսկապես անհրաժեշտ են, մանավանդ որ իշխանությունները մտադրվել են սահմանադրական փոփոխություններ իրականացնել: Միաժամանակ, կեղծված հանրաքվեի միջոցով ընդամենը մեկ մարդու համար ընդունված սահմանադրությունն իր մեջ լրջագույն խութեր ու խոչընդոտներ է պարունակում:




Լրահոս