Նախօրեին՝ փետրվարի 17-ին, մի շարք համայնքներում տեղի են ունեցել ղեկավարի ընտրություններ։ Ընդ որում, շատ համայնքներում ընտրություններն արտահերթ էին եւ հիմնականում պայմանավորված էին թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված իրավիճակով, երբ շատ ղեկավարներ հրաժարական տվեցին իրենց պաշտոններից։ ՈՒ որքան էլ ՏԻՄ ընտրությունները չհամարվեն քաղաքական, այնուամենայնիվ, դրանք մի շարք հարցերում ուշագրավ ցուցիչ են: ՈՒշագրավ է հատկապես այն փաստը, որ թավշյա հեղափոխությունից հետո բնակչության բողոքի ցույցերի, ճնշումների հետեւանքով հրաժարական տված համայնքապետերից վերընտրվողներ են եղել: Սրանից իշխող կուսակցությունը թերեւս պետք է հետեւություններ անի: Ու, ընդհանրապես, սխալված չենք լինի, եթե ասենք, որ այս ընտրությունները նաեւ փորձություն էին հենց իշխող ուժը ներկայացնող կուսակցության համար։
Բանն այն է, որ մի շարք համայնքներում առաջադրված էին նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ հանդիսացող թեկնածուներ, սակայն բոլորն էլ ինքնաառաջադրված են եղել, եւ ՔՊ-ն պաշտոնապես նրանց չի սատարել: Եվ հենց դա է պատճառ դարձել, որ ՔՊ-ականները հիմնականում պարտություն են կրել: Սակայն ընտրությունների արդյունքները մի քանի վայրերում հետաքրքիր եւ անսպասելի են եղել։
Օրինակ` այդպիսի արդյունքներից մեկն էլ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավարի ընտրություններն են։ Բանն այն է, որ համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը հոկտեմբերի 10-ին հրաժարական էր տվել, երբ բնակիչների մի մասը պարբերաբար բողոքի ցույցեր էր անցկացնում՝ պահանջելով նրա հրաժարականը։ Սակայն, ի զարմանս շատերի, նա փետրվարի 17-ի ընտրություններում կրկին հաղթանակ է տարել՝ առաջ անցնելով մյուս բոլոր թեկնածուներից, այդ թվում՝ ՔՊ-ականից։ Մասնավորապես, Ռաֆիկ Անդրեասյանը ընտրությունների արդյունքում ստացել է 911 ձայն, իսկ Գեւորգ Ավետիսյանը, որ համայնքի ժամանակավոր պաշտոնակատարն էր, ու նրան սատարում էր հենց իշխող ուժը, 744 ձայն է ստացել։
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, չնայած իշխող ուժը չէր սատարում ոչ ոքի, սակայն առաջադրված էր նաեւ ՔՊ-ական Վահան Զարոյանը, որն 8 թեկնածուների մեջ իր ստացած ձայների քանակով միայն վեցերորդն էր։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա արդար համարեց, որ իր թիմն իրեն չի սատարել, որպեսզի իր ուժերը օգտագործի եւ այդպես ձայներ ստանա։ «Եթե պետք է անցնեի վարչապետի անվան տակ, ավելի լավ է՝ չանցնեի», – մեզ հետ զրույցում նշել էր նա։ Այս համայնքում ղեկավար ընտրվեց Արամ Մելքոնյանը, որը ժամանակավոր պաշտոնակատար էր։
Ընդհանուր առմամբ, եղել են 7 ինքնաառաջադրված ՔՊ-ականներ, որոնց բոլորին էլ կուսակցությունը չի սատարել։ Սակայն, օրինակ, Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ղեկավար է ընտրվել ՔՊ ներկայացուցիչ Վարդան Պապյանը, որը ստացել է 1212 քվե. նա անկուսակցական Ստեփան Շիրինյանից առաջ է անցել միայն 117 ձայնով։
Հիմնականում համայնքների մեծ մասում հաղթող են դարձել անկուսակցական թեկնածուները, որոնք մրցակցում էին կրկին անկուսակցական թեկնածուների հետ։ Իսկ, օրինակ, Արարատի Վարդաշեն համայնքում էլ հաղթել է գործող համայնքապետ Գեւորգ Բարխոյանը: Նա Վարդաշենի համայնքապետն է եղել 2004 թվականից: Այսինքն` մի քանի համայնքներում եւս, ինչպես ասում են, իշխանափոխություն չեղավ։
Սակայն հետաքրքիր է, որ ՔՊ-ում այնքան էլ չեն տխրել այս արդյունքներից կամ էլ այդպես են փորձում ցույց տալ։ Մասնավորապես, փետրվարի 17-ին` ԱԺ ճեպազրույցների ժամին, տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին է անդրադարձել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը՝ ասելով, որ որոշ տեղերում իշխանության ներկայացուցիչների պարտությունը ժողովրդավարության հաղթանակ է համարում: Լենա Նազարյանը նշեց, որ իրենց քաղաքական ուժը քաղաքական դաշտը մոնոպոլիզացնելու խնդիր չունի:
«Եթե կուսակցությունը ցանկանար, բոլոր 24 համայնքներում կարող էր թեկնածու առաջադրել, եւ, հավանաբար, այդ թեկնածուները կհաղթեին: Բայց մենք չենք ուզում քաղաքական դաշտը մոնոպոլիզացնել»,- նշել է Նազարյանը: Իսկ Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ պնդել է, որ ՏԻՄ ընտրություններում թեկնածուների հաղթանակն արձանագրվել է ընտրողների վստահության քվեով՝ առանց վարչական լծակների գործադրման: Նա միաժամանակ չի թաքցրել, որ դեռ կան համայնքներ, որտեղ, այսպես ասած, ընտանեկան կլանային համակարգը պահպանվել է, եւ դրա շնորհիվ են նաեւ վերընտրվում որոշ համայնքերի երկարամյա ղեկավարներ: Այս համատեքստում նա շեշտել է Վարդանաշեն ու ՈՒրցաձոր համայնքները: «Որեւէ մեկը չի կարող ասել, որ իշխանությունը այսինչ թեկնածուին օգնեց, վարչական ռեսուրս կիրառեց եւ այլն: Մենք թողել ենք հավասար հարթություն, բայց այս պայմաններում էլ տեսնում ենք, որ, այո, կան համայնքներ, որտեղ գերիշխել է ընտանեկան կլանային մտածողությունը, եւ խոշոր ազգերի ներկայացուցիչները խնամիական կապեր ունեցող այլ ազգերի հետ կարողանում են կոալիցիա կազմել եւ ապահովել հաղթանակ»,- ասել է նա:
Մինչ այդ նկատենք, որ այս ամենը հերքում է ՔՊ հասցեին մեղադրանքները, թե իշխող կուսակցությունը մոնոպոլիզացնում է քաղաքական դաշտը։ Առաջին դեպքը չէ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն պարտվում է։ Այդպես էր նաեւ ամիսներ առաջ, երբ Կապանում եւս ՔՊ թեկնածուն պարտվեց։ Ընդ որում, այս ընտրությունների ժամանակ էլ ընտրակեղծիքների ու խախտումների մասին չեն եղել ահազանգեր ու իրավապահներին ուղղված դիմումներ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՕԵԿ-Ը ՓՈՂԸ ՉԻ ՏՎԵԼ
Մի ժամանակ իշխող կոալիցիայի անդամ, հետո ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Օրինաց երկիր» կուսակցությունից պարտատերերն իրենց գումարը պահանջում են արդեն դատական ճանապարհով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2019 թվականի փետրվարի 15-ին «ԷԳԱ» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Օրինաց երկիր» կուսակցության՝ պահանջելով 240 հազար դրամ: Նշենք որ «ԷԳԱ» ՍՊԸ-ն իրականացնում է գովազդային վահանակների տեղադրման եւ դրանց միջոցով արտաքին գովազդային գործունեության իրականացման աշխատանքներ: Ասել է թե` ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ը պատվիրել է համապատասխան քարոզչական վահանակներ, սական գումարն այդպես էլ չի վճարել: Նշենք, որ այս ԱԺ ընտրություններում էլ պարտվելուց հետո Արթուր Բաղդասարյանը կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տվեց: Ի դեպ, ՕԵԿ-ին պարտքերի համար դատի էին տվել նաեւ Արթուր Բաղդասարյանի ղեկավարման ժամանակ, ընդ որում՝ երբ այս կուսակցությունը ՀՀԿ-ի հետ իշխող կոալիցիայի անդամ էր. 2013թ. ՕԵԿ-ին դատի էր տվել ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը՝ պահանջելով տարածքի վարձակալության գումարը:
ԱՆՎՏԱՆԳ ՍՆՆԴԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նիստին երեկ ներկա էր ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը մի քանի հարց ուղղեց մսամթերքի շուկայում առկա խնդիրների վերաբերյալ: «Ինֆեկցիոն հիվանդությունների ստուգում, ըստ էության, չի իրականացվում, եթե իրականացվում է, շատ քիչ կամ շատ թույլ. այս մասով ի՞նչ կարող ենք անել»,- հարցրեց Թագուհի Թովմասյանը: Ավետիսյանի խոսքով՝ լուծումը կենդանիների համարակալումն է: «Նախ ասեմ, որ բացառվում է որեւէ տարբերակ, որ զանգեն լաբարատորիա եւ ասեն` սա պիտի չգրվի կամ սա պիտի մաքուր լինի: Քանի որ կենդանիները համարակալված չեն, կենդանիների վերահսկողությունը հնարավոր չի իրականացնել»,- նշեց Ավետիսյանը: Թագուհի Թովմասյանն անդրադարձավ նաեւ այս ոլորտի մի շարք այլ խնդիրների, մասնավորապես` մանկապարտեզներում սննդի անվտանգությանն ու սանիտարահիգիենիկ պայմաններին, դպրոցների բուֆետներում աշակերտների համար նախատեսված կերակուրներին, մանկական կերերի ժամկետներին վերաբերող` պաշտոնյայից պահանջելով պարզաբանումներ:
ԸՆԴԴԵՄ ԲԿ-Ի
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցները հայցեր են ներկայացնում դատարան` ընդդեմ ԲԿ-ի: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փետրվարի 15-ին Սուսաննա Սիմոնյանը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով ստիպել ԲԿ-ին անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանը: Իսկ, ահա, ԲԿ-ի աշխատակիցներից Գայանե Նանյանը դիմել է դատարան` պահաջելով, որ ԲԿ-ն ամենամյա վճարովի արձակուրդի գումարը լրիվ փոխհատուցի:
ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ
«Իրանը գործնականում հավասարակշռված վերաբերմունք է ցուցաբերում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ խնդրի լուծումը տեսնում խաղաղ բանակցությունների տիրույթում»,-ասել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: «Ընդհանրապես, Իրանի դիրքորոշումն այս հարցում տարածաշրջանային անվտանգության տեսակետից կարեւոր զսպման գործոն է»,- ասել է նա: «Պետք է նկատի ունենալ, որ իրանահայ համայնքի զգալի մասն այս երկրում ապրում է հազարամյակներով եւ նրանք Իրանի օրինապաշտ ու արժանապատիվ քաղաքացիներն են: Հայ համայնքի անդամները լավագույն կերպով իրականացնում են մի կարեւոր առաքելություն եւս. նրանք նվիրված են Հայաստան-Իրան կապերի ամրապնդման գործին ինչպես իրենց անձնական գործունեությամբ, այնպես էլ ընդհանրապես հայաստանցիների եւ իրանցիների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությանն աջակցելու առումով: Նրանք օգնում են հայաստանյան եւ իրանական պետական եւ հասարակական մարմիններին»:
ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ
Առաջիկա երկու շաբաթներին Եվրամիությունը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հանդեպ Ազովի ծովում ցուցաբերած ագրեսիվ պահվածքի համար: Այս մասին Բրյուսելում հայտարարել է ԵՄ անվտանգության եւ արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Նրա խոսքով` պատժամիջոցների նպատակը Ռուսաստանի քաղաքականության փոփոխությանը հասնելն է. «Առայժմ, սակայն, մենք Ռուսաստանի գործողություններում որեւէ փոփոխություն չենք նկատում»:
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հարկային նոր հնարավորություններ գործ սկսողների, ընտանեկան բիզնեսով զբաղվողների եւ ինքնազբաղված անձանց համար: ՀՀ կառավարության տեղեկացմամբ` տարեկան 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն բոլոր հարկերից: Ավելին, նրանց վարձու աշխատողների աշխատավարձերից եկամտահարկը հաշվարկվելու է ոչ թե ընդհանուր սահմանված կարգի համաձայն, այլ մոտ 5000 դրամի չափով: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտնել է, որ միկրոձեռնարկատերերի համար այլ պայմաններ եւս կան. օրինակ` նրանք կարող են գործունեություն ծավալել ոչ թե մեկ, այլ մի քանի տեղերում:
ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
Ավետիք Էլոյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական: Ըստ փոխվարչապետի մամուլի քարտուղար Վահան Հունանյանի` Ավետիք Էլոյանը զբաղվելու է տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների, քաղաքաշինության, կադաստրի եւ ներդրումային ծրագրերի հարցերով: