ԴԱՏԱՎՈՐԸ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վերջերս հայտարարված համաներման շուրջ կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հիմա էլ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորներից մեկը համաներման օրենքի կետերից մեկի կիրառման հարցով դիմել է սահմանադրական դատարան:

Այն, որ համաներումից հետո իրավապահ համակարգը հայտնվել է բարդ կացության մեջ, գաղտնիք չէ ոչ ոքի: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով` դատախազական հսկողություն ու վերահսկողություն է սահմանվել 2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ: Հայտնաբերվել են խախտումներ: Մյուս կողմից` ոստիկանությունն է գործի անցել:
Մասնավորապես, փետրվարի 16-ին ոստիկանապետն էր խորհրդակցություն անցկացրել եւ խորհրդակցության գլխավոր թեման հանրապետությունում օպերատիվ իրավիճակն էր:
Վալերիյ Օսիպյանը, անդրադառնալով գրանցված դեպքերին ու բացահայտումներին, հանձնարարել էր անցնել ուժեղացված հսկողության:
Սակայն հարցն այսքանով չի ավարտվում. համաներման գործընթացի մասով նաեւ քայլեր են սկսել դատավորները: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորներից մեկը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան` համաներման օրենքի 4-րդ կետի 2-րդ մասի սահմանադրականության օրինականության հարցը բարձրացնելով: Այդ դրույթը վերաբերում է տուժողի վնասը չհատուցելու խնդրին: Մասնավորապես, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորները, ուսումնասիրելով իրավիճակը, նկատել են, որ 2009 թվականի եւ 2013 թվականի համաներման կիրառման մեջ նշված է եղել, որ համաներում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնք պետությանը կամ անձին հասցրած վնասը չեն փոխհատուցել: ՄԻնչդեռ վերջերս հայտարարված համաներման արդյունքում ազատ արձակվեցին նաեւ անձինք, որոնք պետության կամ քաղաքացու վնասը չեն հատուցել: Նրանց նկատմամբ համաներում կիրառվել է, միեւնույն ժամանակ տուժողներին հնարավորություն է տրվել քաղհայցով դիմել դատարան եւ մեղադրյալներից պահանջել իրենց վնասի փոխհատուցումը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ դատական դեպարտամենտից, որտեղից ի պատասխան հաստատեցին, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորներից մեկը դիմել է Սահմանադրական դատարան համաներման 4-րդ կետի 2-րդ մասի սահմանադրականության օրինականության պարզաբանման հարցով, որը վերաբերում է վնասը չհատուցելուն:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Հովիկ Արսենյանը, անդրադառնալով իրավիճակին, հայտնեց. «Այս վերջին համաներման մասին օրենքով մի բան է հասկանալի դառնում, որ պետական իշխանություն ունենք, եւ նա համաներում է կիրառել իր քաղաքացիների նկատմամբ, վեր է դասել պետական իշխանությունը: 2013 թվականի համաներումը որ նայելու լինենք, պետությունը պայման է դնում` կկիրառեմ համաներում, բայց եթե հանցագործության` կլինի պետության, թե քաղաքացու նկատմամբ, փոխհատուցում չի եղել, այդ դեպքում չի կիրառվի: Ըստ էության, որ նայում ենք բարոյական եւ օրենքի առումով, որ այս տաբուն հանվել է, միանգամայն ճիշտ է եղել, բնականաբար, հանցագործության վնասի հետ կապված էլ տուժողներին իրավունք է տրվել քաղհայցով դիմել դատարան: Սա առաջընթաց է, եթե համաներումը կիրառվում է, պետք է իմաստ ունենա. նպատակը ոչ թե այդ պահին ստիպելն է, պայման դնելն է , որ` վնասը հատուցի, քեզ կազատեմ, դա կախվածության մեջ է դնում նյութականից»:
Մեր այն դիտարկմանը, թե սա կարող է այլ վտանգ ունենալ` գողացա, յուրացրի եւ հայտնվեցի ազատության մեջ, պաշտպանն ասաց. «Դե, ներողություն, համաներումը չի եղել, այդ մարդիկ էլ դատապարտված պատիժ են կրում, դրանով տուժողների վնասը վերականգնվե՞ց, լուծվե՞ց. դուրս գալու դեպքում նրանք կաշխատեն եւ դա կփոխհատուցեն»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄԻՊ-Ը ՔՆՆՈՒՄ Է ՍԱՇԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԲՈՂՈՔԸ
Դեռեւս 2018 թվականի հոկտեմբերի 5-ին Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին իր պաշտպանյալի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում թույլ տված խախտումները վերացնելու համար:
Միհրան Պողոսյանը հայտարարել էր. «Նախաքննության ընթացքում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ, ու անհամաչափ սահմանափակումներ են կիրառվում Ալեքսանդր Սարգսյանի եւ ընտանիքի նկատմամբ: Դիմել եմ ՄԻՊ-ին այդ խախտումներն ու անհամաչափ սահմանափակումները վերացնելու համար»:
Արդյունքում, դեռեւս 2018 թվականին ՄԻՊ աշխատակազմն իր հերթին հայտնել էր, թե օրենքով սահմանված կարգով` Մարդու իրավունքների պաշտպանը բողոքն ընդունել է քննարկման եւ բարձրացված հարցերի կապակցությամբ գրություն է հասցեագրել Գլխավոր դատախազությանը:
Անցել է շուրջ 4 ամիս, եւ «Ժողովուրդ» օրաթերթը ՄԻՊ-ից հետաքրքրվեց, թե նա ինչ է արել Սերժ Սարգսյանի եղբոր պաշտպանի դիմումի մասով: Մեր հարցմանն ի պատասխան` ՄԻՊ գրասենյակից տեղեկացրել են. «Ալեքսանդր Սարգսյանի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին դիմել է Ա. Սարգսյանին եւ նրա ընտանիքի անդամներին պատկանող բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, անշարժ ու շարժական գույքի վրա դրված արգելանքները վերացնելուն աջակցելու հարցով: Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, եւ սահմանված կարգով գրություն է հասցեագրվել Գլխավոր դատախազություն: Ստացվել են պարզաբանումներ, պահպանվում է կապ փաստաբանի հետ: Քանի որ հարցը շարունակում է գտնվել քննարկման փուլում, այլ տեղեկություններ տրամադրել հնարավոր չէ»:
Հիշեցնենք, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի գույքի նկատմամբ, ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ, կալանք է դրվել դեռեւս հուլիսի 9-ին:
2018 թվականի հուլիսի 9-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` մեղադրյալ Ա.Ս.-ի գույքի վրա դրվել է կալանք քրեական գործով հնարավոր քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
ՀՀ ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք նախօրեին բերման է ենթարկվել Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 53-ամյա Ֆառուկ Ս.-ն: Ըստ ՀՀ ոստիկանության` նա 2012թ. հուլիսի 12-ից հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից՝ ԳԴՀ քրեական օրենսգրքի 259, 260 եւ 53 հոդվածների մեղադրանքով:

 

 

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՐԴԻՆ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու եւ փողերի լվացման հոդվածներով: Ռոբերտ Քոչարյանի գործարար որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: ԱԱԾ-ն արձագանքել է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությանը: Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին` ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը պատասխանել է. «Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը նպատակահարմար գտնելու դեպքում հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Այս պահին լրատվամիջոցներին փոխանցելու տեղեկատվություն չունենք»:

 

 

«ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ»
«Հայաստանը պլանավորում է չորս Սու-30 կործանիչները ստանալ 2019-ի վերջին 2020-ին սկզբին»,- «IDEX-2019» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հարցին, թե քանի նման կործանիչ Հայաստանը կցանկանար ձեռք բերել, Տոնոյանը պատասխանել է, որ խոսքը մեկ էսկադրիլիայի (12 ինքնաթիռ) մասին է. «Մենք շարունակում ենք Սու-30 ինքնաթիռների հաջորդ խմբաքանակի մատակարարման շուրջ բանակցությունները: Ամեն ինչ կախված կլինի այն հանգամանքից, թե որքան արագորեն պատրաստ կլինի այդ արտադրանքը»: Նշենք, որ վերջերս ՊՆ-ն հաղորդել էր, որ հայկական կողմը Ռուսաստանից բազմաֆուկցիոնալ չորս կործանիչ՝ Սու-30 է գնել, ինչը ՀՀ ՊՆ խոսնակը բնորոշել էր որպես մեծ ձեռքբերում ՀՀ-ի համար: Նախարարի խոսքով` չորս կործանիչները դեռ ՀՀ-ում չեն. ըստ պայմանագրի` տեղ կհասնեն «համապատասխան ժամանակում»:

 

 

ՄԻ ՇԱՐՔ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները 2019թ. հունվարի 26-ին այցելություն են կատարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ կապված նույն օրը Մ.Ե.-ի մահվան հանգամանքի հետ: Խմբի անդամները պարզել են, որ Մ.Ե.-ն 44 օր գտնվել է հացադուլի մեջ, 2019թ. հունվարի 17-ին դուրս է եկել հացադուլից եւ տեղափոխվել ՔԿՀ-ի բուժմաս, որտեղ մահացել է: Ըստ խմբի` հիմնարկում բժիշկները հերթապահում են միայն աշխատանքային օրերին եւ ժամերին. Մ.Ե.-ի մահվան օրը հիմնարկում չի եղել ո՛չ բժիշկ, ո՛չ բուժակ: Դեպքի օրը Մ.Ե.-ի խցակիցը, հայտնաբերելով, որ վերջինիս առողջական վիճակը վատացել է, շտապ օգնություն է կանչել, սակայն նրան փրկել չի հաջողվել: Խումբը նշել է, որ հիմնարկում հերթապահ բուժաշխատողի բացակայությունն արդեն լուրջ խնդիր է. հնարավոր է` եթե տեղում լիներ բուժաշխատողը, ապա կարող էր անձը փրկվել: Մյուս մտահոգությունը այն է, որ հիմնարկը, տեղյակ լինելով Մ.Ե.-ի առողջական վիճակից, չի կանխատեսել` առողջական խնդիրները կարող են սրվել, եւ քայլեր չի ձեռնարկել հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ: ՔԿՀ-ի բուժմասի միջանցքներն երեկոյան ժամերին ընդհանրապես չունեն էլեկտրական լուսավորություն: Նախարարության կողմից նշվել է, որ, հաշվի առնելով դեռեւս ընթացքի մեջ գտնվող նախնական քննության իրականացման հանգամանքը, ներկայումս նպատակահարմար չէ Մ. Ե.-ի մահվան դեպքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը: Ինչ վերաբերում է հիմնարկի հիվանդանոցային տեղամասի միջանցքի լուսավորությանը, ապա միջանցքի բոլոր լամպերը գտնվում են սարքին վիճակում:

 

 

ՔՐԳՈՐԾԵՐ
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն անդրադարձել է Գյումրու բուհերում հարուցված քրգործերին: Ըստ դատախազի` ՇՊՀ-ում հարուցված քրեական գործով կա ներգրավված մեղադրյալ անձ. «Բայց այս փուլում գործը գտնվում է ապացույցների հավաքագրման փուլում: Ձգձգման հիմնական պատճառը մասնագիտական ստուգման եւ փորձագիտական եզրակացության արդյունքներն են: Ծավալով շատ մեծ քրեական գործ է` 27 հատոր, յուրաքանչյուրը 300-ից 400 թերթից է կազմված: Հարուցված հաջորդ քրգործը վերաբերում է պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում հարուցված քրեական գործին. այն եւս վերաբերում էր կաշառքի միջնորդությանը: Երրորդ ԲՈՒՀ-ը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղն էր»:




Լրահոս