ԱՐՑԱԽՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԱՍԸ ԹԵԿՆԱԾՈՒ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի ներքաղաքական հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ:

-Պարո՛ն Խանումյան, Արցախում 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած երեք հիմնական թեկնածուների անուններ են շրջանառվում` Արցախի ԱԽՔ Վիտալի Բալասանյան, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյան, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայան: 2012թ.-ին եղել եք Վիտալի Բալասանյանի շտաբի հանրային կապերի պատասխանատուն, եւ, ըստ էության, սատարել եք նրան: Փոխվե՞լ է Ձեր քաղաքական կողմնորոշումը:
-Շրջանառվում է իրականում ոչ թե երեք, այլ նախագահի թեկնածուի տասը անուն: Ինչ վերաբերում է Բալասանյանին սատարելուն, ես սատարել եմ նրան 2012թ.-ին, երբ նա այլընտրանքային ընդդիմադիր միակ թեկնածուն էր եւ բավականին շատ ձայներ ստացավ: Ինչ վերաբերում է գալիք ընտրություններին, մեր կուսակցությունը հավանաբար սեփական թեկնածուով է գնալու ընտրությունների:
-Ո՞ւմ եք պատրաստվում առաջադրել:
-Դեռ չենք որոշել: Ամեն դեպքում, մեր կուսակցությամբ ենք մասնակցելու ընտրություններին:
-ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած ռազմավարական նոր շեշտադրումները ի՞նչ արձագանքներ, գուցե ամրագրումներ են ստանում Արցախի ներքաղաքական կյանքում:
-Թավշյա հեղափոխության ամենամեծ ազդեցությունը Արցախի ներքաղաքական կյանքի վրա Արցախի ներկայիս կոռուպցիոն-կլիենտիստական համակարգի տանիքը ջարդելն էր: Այդ տանիքը Սերժ Սարգսյանն էր. ինքն էր որոշում` Արցախում ով որտեղ պիտի լինի, ով պետք է նախագահ լինի իշխանական կուսակցություններից, ինչպես պիտի նախագահ լինի, քանի տարի պիտի իշխի, թագավոր պիտի լինի, թե նախագահ, Սահմանադրությունը պիտի փոխվի մեկ հոգու համար եւ այլն: Հիմա այդ տանիքը ջարդուփշուր է արվել,այդ թիկունքը կոտրվել է, եւ, ինչպես տեսաք, շատ արագ Բակո Սահակյանը հայտարարեց, որ չորրորդ ժամկետով արդեն 2020 թվականին չի առաջադրվելու: Դա եղավ հանրային մեծ ճնշման ներքո, եւ, հետեւաբար, թավշյա հեղափոխության բերած ամենամեծ օգուտը սա էր: Բայց, այնուամենայնիվ, այդ նույն համակարգը իր ռեսուրսներով մնում է, եւ ընտրախախտումների հավանականությունը բավականին մեծ է, որն այստեղ սովորաբար տեղի է ունենում տարբեր պետական ծրագրերը որպես ընտրակաշառք օգտագործելու ձեւով:
-Որպես ընդդիմադիր այս առումով ի՞նչ մեխանիզմներ եք առաջարկում:
-Լուծումների համար քաղաքական կամք է պետք, քաղաքական կամք այսօր ընտրություններ կազմակերպողների մոտ չկա: Ինչ վերաբերում է դրա դեմն առնելուն, դրա դեմը կարող է առնել միայն հասունացած, իրեն ուժեղ համարող հասարակությունը: Մեր հիմնական ջանքերը ուղղված են լինելու դրան, որ հասարակությանը համոզենք, որ իրենք հասունացել են եւ ուժեղ են եւ կարող են դեմն առնել ամեն ինչի:
-Դեմոկրատ ուղենիշեր որդեգրած Արցախը անզիջում ավտորիտար համակարգ ունեցող Ադրբեջանի հետ համաչափ ի՞նչ օրակարգ կարող է ձեւավորել:
-Ժողովրդավարությունը, այսինքն` նորմալ խաղի կանոնները, երբ որ հասարակության մեծամասնությունը ընդունում է այդ խաղի կանոնները եւ այդ խաղի կանոններով իշխանության ձեւավորումը, հասարակության մեջ արդարության հաստատման կարեւոր գրավական է: Եթե չկա այդ արդարության զգացողությունը, անվտանգությունը շատ խոցելի է: Մենք այս տարիների ընթացքում համոզվեցինք, որ երբ չի վստահում իր իշխանություններին, կամ անարդարության զգացողություն կա, դա զգալիորեն հարվածում է անվտանգությանը տարբեր առումներով: Ժողովրդավարությունը կամ խաղի արդար կանոնները կարեւոր երաշխիք են անվտանգության ամրության համար:
-ԼՂ հարցի շուրջ Արցախը որպես ակտիվ կողմ բանակցություններին ներառելու Փաշինյանի քաղաքականությունը ինչպե՞ս է գնահատվում Արցախի քաղաքական էլիտայի կողմից:
-Նոր չէ Արցախին բանակցություններում ներառելը, բայց Փաշինյանի փաստարկներն են շատ հետաքրքիր: Թվում է, թե դա պարզ տրամաբանություն է, բայց դրա մասին չէր խոսվում, որ ինքը Արցախի բնակիչների կողմից ընտրված չէ եւ, միեւնույն ժամանակ, երբ որ ադրբեջանցիները նրան հակազդում են` ասելով, որ, այսպես կոչված, Ղարաբաղի համայնքը Ալիեւին ընտրել էր: Ուրեմն հարցի երկու տարբերակ կա. մեկը` Արցախը վերադառնում է բանակցությունների սեղան ու սկսում իր ճակատագրի շուրջ բանակցել, մյուսը` վերականգնվում է արցախցիների ընտրական իրավունքը Հայաստանում: Արցախի բնակիչները մասնակցում են Հայաստանի իշխանությունների ձեւավորմանը, եւ Հայաստանի իշխանություններն էլ նաեւ Արցախի անունից բանակցում են Ադրբեջանի հետ: Հարցի լուծումը կարող է լինել միայն այս երկու տարբերակներից որեւէ մեկի աշխատելու դեպքում: Այսինքն` եթե ուզում եք հարցի լուծում, ուրեմն Արցախի բնակիչների կողմից ընտրված ներկայացուցիչները պետք է մասնակցեն բանակցություններին, ինչը ֆիքսված է նաեւ ԵԱՀԿ փաստաթղթերում:
-Սա միջազգային հակազդեցություն չի՞ առաջացնում:
-Ընդհակառակը, կարծում եմ` շատ հետաքրքիր արձագանք կա: Այսինքն` շատ պարզ տրամաբանական հարց է, որ բարձրացվել է, ու էլի եմ ասում` զարմանալիորեն այնքան պարզ տրամաբանություն է, եւ զարմանալիորեն մինչեւ այսօր ոչ մեկն այդ մասին չէր խոսում: Այս պարզ տրամաբանությունը, կարծում եմ, ընդունելի է նաեւ միջնորդների համար:
-Քաղաքական այս հնարամտությունը իրապե՞ս մի քայլ առաջ է դեպի հարցի լուծում:
-Այո՛, վստահաբար:Հարցը պետք է քննարկվի, բնականաբար, այդ ամեն ինչը պիտի հաշվի առնվի, առանց դրա անհնար է հարցի լուծումը:

Զրուցեց ՄԱՐԻԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

 

 

 

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՎԱԳԱՆԻ
Փետրվարի 17-ին կայացել են Իջեւան համայնքի ավագանու հերթական ընտրությունները: Ավագանու 15 տեղին հավակնում էր 33թեկնածու, որոնցից մեկը հետո ինքնաբացարկ էր հայտնել: Չնայած ավագանու թեկնածուների մեծ թվին` քվեարկությանը ընտրողների մասնակցության տոկոսը բարձր չէր՝ ցուցակային ընտրողների գրեթե 56 տոկոսը: Նորընտիր ավագանու անդամներից 4-ը ավագանու նախորդ կազմում են եղել: Իջեւանի ավագանու անդամները երիտասարդներ են: Ավագանու նորընտիր կազմում միակ ոչ երիտասարդ տարիքի անձը 1958թ. ծնված Սամվել Չիբուխչյանն է: Նա Իջեւանու ավագանու նախորդ կազմում էլ ընդգրկված էր: Իջեւանի ավագանու 32 թեկնածուներից միակ կին թեկնածուն՝ Տաթեւիկ Մինասյանը, բոլոր թեկնածուներից ամենաքիչ քվե է ստացել՝ 37 ձայն, իսկ ավագանու անցողիկ շեմը 265 քվեն է: Այդքան ձայն են ստացել ավագանու թեկնածուներ Արսեն Հովակիմյանն ու Վահե Խառատյանը: Թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը հայտնեց, որ նրանց միջեւ վիճակահանություն է անցկացվելու, որպեսզի որոշվի, թե նրանցից ով է լինելու Իջեւանի ավագանու 15-րդ անդամը:

 

 

15 ՏԱՐՎԱ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ
Փետրվարի 17-ին Իջեւանի տարածաշրջանի Ակնաղբյուր համայնքում կայացան համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները: Թեկնածուները 3-ն էին, որոնց թվում՝ 2004 թվականից այդ համայնքը ղեկավար, 1968թ. ծնված Կարեն Դոլմազյանը: Նա նախկինում հանդես էր գալիս որպես ՀՀԿ անդամ, այս անգամ՝ անկուսակցական: Անկուսակցական են նաեւ համայնքի ղեկավարի մյուս 2 թեկնածուները: Ընտրություների արդյունքում Կարեն Դոլմազյանը ստացել է 200, Գրիգոր Եգանյանը՝ 30, Վրույր Մայիլյանը՝ 68 ձայն: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, որ ընտրություններից առաջ Կ. Դոլմազյանը, փորձելով բնակիչներին համոզել իր օգտին ընտրություն կատարել, նրանց խոստացել է գարու սերմնացու եւ պարարտանյութ տրամադրել, ինչպես նաեւ սոցիալական ծառայություն ներկայացնելու համար նրանց ունեցած անասնագլխաքանակի մասին կեղծ տվյալներով տեղեկանքներ է տրամադրել: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը փետրվարի 13-ին եւ փետրվարի 14-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Տավուշի մարզի դատախազություն: Կ. Դոլմազյանը հայտնեց, որ ամեն տարի պետության կողմից սերմացու հացահատիկ եւ պարարտանյութ է հատկացվում գյուղերին, այդ մասին Ակնաղբյուրում հայտարարություն է փակցվել: Նրա խոսքերով՝ արդեն մի քանի տարի է, ինչ սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ ներկայացվող անասունների քանակի մասին տեղեկանքները գյուղապետերը չեն տրամադրում, այլ անասնաբույժները: Նա ասաց, որ իրեն այդ առթիվ դատախազություն չեն կանչել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

«ՇԸԽԿ»-Ը ՀԱՂԹԵՑ «ԿԴԵ»-ԻՆ

Աշոցքի 11 գյուղական բնակավայրում 12 ընտրական տեղամասերի ձայների հաշվարկից հետո հայտնի են Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների նախնական տվյալները:

Ըստ այդմ` 1280 քվե ստացել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մանուկյանը, որը հայտնի է «Շըխկ» մականունով: Աշոցքի երկու տեղամասում ձայների մեծամասնությունը համայնքի նախկին ղեկավար Արթուր Ալոյանինն էր, որն էլ հայտնի է «Կդե» մականունով: Իսկ գյուղական բնակավայրերում Կարեն Մանուկյանն է հաղթել, որը ծնունդով Սեպասարից է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: Ըստ նախնական տվյալների` 5708 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 3287-ը՝ ընտրողների 57 տոկոսը:
Ընդհանուր առմամբ, ընտրություններն անցել են համեմատաբար հանգիստ։ Հիմնական աշխատանքը ձայներ ապահովելու ուղղությամբ կատարվել էր նախորդ օրերի ընթացքում։ Համայնքի ղեկավարումը ստանձնելու ցանկություն հայտնած 7 թեկնածուն էլ, ընկած դռնեդուռ, ձայներ են որոնել, բայց աշոցքցիներն էլ ծանր վիճակում են հայտնվել. 7 թեկնածուն էլ Աշոցքից էին, ու ընտրողը շիվարել է` չիմանալով` ինչպես է քվեարկելու, ում է նեղացնելու։
Ըստ շրջանառվող լուրերի` գործին խառնվել է Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ` ընտրության նախորդ օրերին վերջինս եղել է Աշոցքում ու փորձել ձայներ ապահովել ընկերոջ՝ Կարեն Մանուկյանի համար: Սա, թերեւս, պատահական չէ. ԱԺ ընտրություններում էլ Մանուկյանը շատ լավ աշխատել էր` բավարար ձայներ ապահովելով Կ. Սարուխանյանի համար։
Աշոցք համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Մանուկյանի համար աշխատել է ՔՊ-ի Շիրակի մարզի ամբողջ թիմը։ Օրինակ` գյուղական բնակավայրերում ընտրական տեղամասերի հանձնաժողովները նախագահում էին Կ. Սարուխանյանի թիմակիցները՝ էմմա Պալյանը, Սերգեյ Տոնոյանը, Կարապետ Մխչյանը։ Նրանք ուշի-ուշով հետեւել են, որ մյուս թեկնածուների ներկայացուցիչները ավելորդ «խաղեր չտան»։ Հենց նրանց վստահված տարածքներում էլ Կ. Մանուկյանը հավաքել է առավելագույն ձայներ։ Իսկ Աշոցք համայնքում` երկու տեղամասում էլ Արթուր Ալոյանն է առավելագույն ձայներ հավաքել։ Ստացվում է` Կ. Մանուկյանի հաղթանակը առավել թիմային է։
Շիրակի մարզի Հառիճ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է համայնքի գործող ղեկավար, անկուսակցական Ռոլանդ Նազարեթյանը՝ ստանալով 361 ձայն: Հառիճում այդ պաշտոնի համար պայքարում էր 2 թեկնածու՝ համայնքի ղեկավար Ռոլանդ Նազարեթյանը եւ Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի ուսուցիչ, անկուսակցական Բակուր Հովհաննիսյանը, որը ստացել է 200 ձայն։ Ընտրողների ցուցակներում ընդգրկվածների ընդհանուր թիվը 868-ն է, ընտրությանը մասնակցել է 574-ը։

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի




Լրահոս