«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանն է: Մենք խոսել ենք նրա նախասիրությունների, էությանը բնորոշ կողմերի, յուրահատկությունների մասին: Երգչուհին անդրադարձել է կին-տղամարդ հարաբերություններին, 21-րդ դարի չարիքին եւ իր կյանքի դժվարին փուլին: Նա խոստովանել է, որ անկախ Հայաստանի կյանքի ամեն շրջադարձ, քամի, միջադեպ անպայման իր ներսով անցնում է, այդ առումով ինքը խոցելի է. չի կարող աչքերը փակել եւ ասել, որ դա իր գործը չէ:
-Էմմա՛, ո՞ր դեպքում է Ձեր օրը տոն դառնում: Դա հե՞շտ է իրականացնել:
-Երբ դրական լիցքեր եմ ստանում կլինի դա աշխատանքային, թե այլ մթնոլորտում, որտեղ պարզապես կա փոխադարձ ջերմություն:
-Ըստ Ձեզ՝ ո՞րն է օրվա լավագույն պահը:
-Մի օր՝ երեկոն, մի օր՝ առավոտը: Բայց շատերի համար գուցե երեկոն է, որովհետեւ այդ ժամանակահատվածում նրանք ազատ են եւ անկաշկանդ:
-Ձեզ հնարավո՞ր է մանրուքներով ուրախացնել:
-Իհարկե:
-Այս երեքից ո՞ր հատկությունն այնքան էլ բնորոշ չէ Ձեզ՝ պարտաճանաչ, բծախնդիր, պունկտուալ:
-Երեքն էլ բնորոշ է ինձ:
-Ո՞րն է 21-րդ դարի չարիքը եւ որը՝ բարիքը:
-Չարիքն էլ, բարիքն էլ համացանցն է: Մինչ օրս գրանցված չեմ «Ֆեյսբուքում», քանի որ չեմ ուզում ապրել մի իրականության մեջ, որն իրական չէ, որը թելադրում է իր կանոնները, ռեժիմը: Ինչպե՞ս կարելի է ամեն բանի մասին պատմել եւ դրա համար ստանալ «լայքեր»: Դա աբսուրդ է: Բայց որպես գյուտ, արագության, հասանելիության ապահովման միջոց` գնահատում եմ համացանցի դերը:
-Եթե սիրել, ապա…
-Ինքնամոռաց եւ անձնվեր, ապրել այդ զգացմունքի համար քո մարմնից դուրս, տիեզերական ձեւով:
-Ձեզ հիասթափեցնում են մարդիկ, որոնք…
-Շատախոս են, եսասեր, ինքնահաստատման կարիք ունեն, միջակ են, բայց բարձր բղավող: Սիրում եմ համեստ, պրպտող մարդկանց: Իսկ, ընդհանուր առմամբ, ամեն մարդու փորձում եմ ընդունել այնպիսին, ինչպիսին ինքը կա: Կար ինչ-որ շրջան, երբ ըմբոստանում էի, հետո հասկացա, որ պետք է ընդունել իրականությունն ու անցնել առաջ:
-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ է կապված եղել` կլինի անձնական, թե անանձնական մի բան:
-Անկախ Հայաստանի կյանքի բոլոր շրջադարձային պահերի հետ: Ես ապրում եւ ստեղծագործում եմ այս երկրում, եւ ամեն քամի, միջադեպ անպայման իմ ներսով անցնում է, այդ առումով ես խոցելի եմ: Չեմ կարող աչքերս փակել եւ ասել, որ դա իմ գործը չէ:
-Շարունակե՛ք միտքը. «Կինը կարող է անգամ աշխարհը շուռ տալ, եթե…»
-Եթե գիտի՝ հանուն ինչի:
-Ո՞րն է տղամարդու սիրտը գերելու լավագույն ձեւը, կա՞ այդպիսի մի հնարք:
-Հատուկ մի բան չկա: Իմ դեպքում այսպես է. արտիստիկ կինը գտել է արտիստիկ ամուսնու, ում հետ պայքարում է, լինում է բեմում, կուլիսներում, եփվում է մի կաթսայի մեջ եւ այդ կաթսայից դուրս: Ամենակարեւորն այն է, որ ես որեւէ բան չեմ անում որեւէ բան ստանալու համար: Դա իմը չէ:
-Չեք դադարում հիանալ…
-Գեղեցիկով, ներդաշնակով, բնությամբ, զինվորով, լավ զավակով:
-Պահապան հրեշտակների գոյությանը հավատո՞ւմ եք:
-Եթե ասեմ, որ շնչում եւ արտաշնչում եմ նրանց մասին մտածելով, սուտ կլինի, բայց երեւի թե կա այդպիսի մի բան:
-Ձեզնից հազիվ թե դուրս գար բժի՞շկ, ուսուցի՞չ, թե՞ մոդել:
-Մոդել:
-Մի ուտելիք, որից անսահման օգտվելու հնարավորության դեպքում Ձեզ երջանիկ կզգայիք:
-Ելակ:
-Ձեզ երբեւէ թվացե՞լ է, որ Դուք ունեցել եք նախկին կյանք, դեժավյուներ հաճա՞խ եք ունենում:
-Այո, լինում են նման պահեր, ապրել եմ այդպիսի ակնթարթներ:
-Շո՞ւն, թե՞ կատու:
-Երկուսն էլ:
-Որտե՞ղ է թաքնված Ձեր ամենամեծ հմայքը:
-Ձայնիս մեջ:
-Եվ վերջում՝ իմ ո՞ր հարցը Ձեզ դուր եկավ:
-Կարելի է ասել՝ բոլորը:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ԱՆՈՐԱԿ ԱՐՏԱԴՐԱՆՔ Է ՊՐՈՊԱԳԱՆԴՎՈՒՄ»
«Ես եւ ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը պատրաստվում ենք «Արաքս» անունով ստեղծագործության հիման վրա նկարահանել տեսահոլովակ: Երգի տեքստը գրել է Դեքերը, այնպես է ներկայացրել, կարծես երգողն Արաքս գետն է: Ստեղծագործությունն այն մասին է, որ ապագայում Արաքսի երկու ափերին էլ պետք է հայեր քայլեն»,-«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց երաժիշտ Արա Գեւորգյանը:
Ի դեպ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի 90-ամյա հոբելյանի առթիվ պարոն Գեւորգյանը խոստացել էր վարպետին շնորհավորել 90 դուդուկով: Բայց այնպես ստացվեց, որ 90-ի փոխարեն 112 դուդուկահար միացավ նրա նախաձեռնությանը, եւ այդ իրադարձությունը գրանցվեց «Դյուցազնագրքում»: Բացի այդ՝ Արա Գեւորգյանի` «Երեւան 2800» անունը կրող ստեղծագործությունը ձայնագրվել է 200 քանոնի նվագակցությամբ, ինչը նույնպես գրանցվեց «Դյուցազնագրքում»: Վերջերս տեղի ունեցավ տեսահոլովակի պրեմիերան: Այնպես որ, երգահանը մշտապես ստեղծագործական պրոցեսի մեջ է:
Մենք հարցրինք՝ ինչ կարծիք ունի հայկական շոու-բիզնեսի երգիչ-երգչուհիների, նրանց մատուցած գործերի մասին, արդյոք անորակ արտադրանքը չի՞ դարձել գերիշխող. «Ամեն ինչ ժամանակավոր է: Կգա ժամանակը, երբ դրությունը կփոխվի: Շատ բան կախված է պրոպագանդայից: Եթե անորակ արտադրանքն է պրոպագանդվում զանգվածային լրատվական միջոցներով, դա էլ մեծ տարածում է գտնում, դառնում է մասսայական: Այսօր այդ տեսակ երգերն են լցնում համերգասրահները: Ես սեպտեմբերին ուզում եմ Երեւանում հանդես գալ համերգով, բայց կաշկանդվում եմ: Կասկածում եմ, որ կկարողանամ համերգասրահը լցնել: Բայց չեմ ուզում գնալ այդ տարածված ճանապարհով, չեմ իջեցնի իմ երաժշտության որակը: Համերգը բարեգործական է լինելու, ուղղակի ուզում եմ, որ կազմակերպիչները ֆինանսապես գոնե չտուժեն, եւ կարողանանք օգնել զինվորին կամ հիվանդին»,-պատասխանեց մեր զրուցակիցը:
Մենք նաեւ հարցրինք՝ դաշտում ժողովրդական երգեր կատարողներից ում կառանձնացնի երգահանը. «Հավանում եմ Եվա Եգանյանի, Մոնիկա Նազարյանի, Գաբի Գալոյանի, Մավր Մկրտչյանի, Գուրգեն Դաբաղյանի կատարումները, բայց կարծում եմ, որ նրանք պետք է հաճախ լսեն ավագ սերնդի ներկայացուցիչների գործերը, քանի որ շատ բան ունեն նրանցից սովորելու»,-եզրափակեց պարոն Գեւորգյանը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԵՎՍ ՄԵԿ ՄԵԴԱԼ
Հայաստանը շարունակում է Բալկանյան երկրների առաջնությունում լավ արդյունքներ գրանցել: Հայաստանի ներկայացուցիչ Երվանդ Մկրտչյանը 1500 մ վազքում ցույց է տվել 3. 44, 55 ժամանակ եւ գրավել է երրորդ հորիզոնականը: Նա Հայաստանին բերել է բրոնզե մեդալ: Հիշեցնենք, որ ավելի վաղ ոսկի էր նվաճել հեռացատկորդ Լեւոն Աղասյանը: Հավելենք, որ մեր ընտրանու ներկայացուցիչները Հայաստան կվերադառնան փետրվարի 22- ին:
ԶԻԴԱՆԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ
Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը կհամաձայնի գլխավորել Լոնդոնի «Չելսին» 2 դեպքում: The Sun-ի տեղեկություններով` նա ցանկանում է տրանսֆերների համար ստանալ 220 մլն. եվրո ու թիմում պահել կիսապաշտպան Էդեն Ազարին: Հիշեցնենք, որ Զիդանը «Ռեալի» հետ 3 տարի անընդմեջ տիրացել է Չ/Լ գավաթին: Հավելենք, որ «Չելսին» դեռեւս գլխավորում է Մաուրիսիո Սարին: Թիմը 26-րդ տուրից հետո զբաղեցնում է 6-րդ տեղը:
ԿՎԱՃԱՌԻ ԼՈՒԿԱԿՈՒԻՆ
Անգլիական «Մանչեստեր Յունայթեդը» ամռանը կվաճառի թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերը: Ակումբի ղեկավարությունը դժգոհ է բելգիացու ցուցադրած խաղից եւ ցանկանում է նրա տրանսֆերի դիմաց ստանալ 75մլն եվրո: Ստացած գումարը մանչեստրյան թիմը հնարավոր է ծախսի Նեյմարի տրանսֆերը գնելու համար: Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, որ Նեյմարի համար «մանկունյանցիները» պատրաստում են 250 մլն եվրո:
8 ՄԵԴԱԼ ԵՆ ՆՎԱՃԵԼ
Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացել է Հովհաննես Սահակյանին նվիրված հուշամրցաշար, որին մասնակցել են նաեւ մեր ազատ ոճային ըմբիշները։ Մրցաշարին Հայաստանից բացի մասնակցել են Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան։ Ըստ Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական կայքի` ոսկե մեդալակիրներ են դարձել Արսեն Հարությունյանը, Նարեկ Սիրունյանը եւ Մարզպետ Գալստյանը: Մեդալներ են նվաճել նաեւ Կարեն Զուրաբյանը, Գոռ Գրիգորյանը, Վարդգես Կարապետյանը, Անդրանիկ Գաբրիելյանը եւ Հովհաննես Մաղաքյանը:
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐՈՒՄ Է ԿՐԿՆՎԵԼ
Երեկ Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 1-2 հաշվով պարտվեց կատալոնական «Ժիրոնային»: Այստեղ տեղի է ունեցել պատմական հետաքրքիր մի զուգադիպություն: Անցած մրցաշրջանում կատալոնական թիմը կրկին 2-1 հաշվով հաղթել էր Մադրիդյան գրանդին, կրկին հաղթանակը կամային էր, եւ կրկին գոլերի հեղինակ էին դարձել Ստուանին եւ Պորտուն: Այստեղ մնում է ասել` պատմությունը սիրում է կրկնվել: