ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Վաշինգտոնում

Հայկական երիտասարդական ֆեդերացիան բողոքի ակցիա է անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ` արդարություն պահանջելով Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի եւ Մարաղայի` 1988-1992թթ. տեղի ունեցած ջարդերի համար: Բողոքի ակցիային մասնակցել են նաեւ Վաշինգտոնի հայ համայնքի անդամները: Ակցիայի մասնակիցները իրենց աջակցությունն են հայտնել Արցախի Հանրապետության ազատության եւ անվտանգության գաղափարներին, ինչպես նաեւ մտահոգությունն այն առնչությամբ, որ ՀՀ-ի եւ Արցախի Հանրապետության նկատմամբ գործադրվող ճնշումն ավելանում է տարածքների զիջում պահանջող Մադրիդյան սկզբունքներն ընդունելու հետ կապված:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար ուր պետք է դիմել: Ի՞նչ է անհրաժեշտ ներկայացնել:

Ջուլիետա Մնացականյան (31 տարեկան, դիզայներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ջ. Մնացականյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 18.000 դրամ է: Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման համար երեխայի ծնողներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին: Նպաստի վճարումը սկսվում է ծնողի` խնամքի արձակուրդում գտնվելու մասին գործատուի հրամանն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսից, եթե նա դիմել է դրանից հետո 12 ամսվա ընթացքում:
Այս ժամկետից հետո դիմելու դեպքում նպաստը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսից: Նպաստը վճարվում է ծնողի` խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, բայց ոչ ավելի, քան մինչեւ երեխայի 2 տարին լրանալը:
Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչեւ 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար` անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ նպաստ ստանալու համար երեխայի ծնողներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին երեխայի ծնվելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

 

 

 

ՀԱՐՑ. Ովքե՞ր պետք է պարտադիր գույքահարկ վճարեն, եւ ովքե՞ր (օրինակ` ժամկետային զինծառայողները) իրավունք ունեն օգտվելու բնակարանի համար վճարվող գույքահարկի արտոնությունից:

Հայկուհի Մխիթարյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով` գույքահարկից ազատվում են ՀՀ միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաեւ ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք`
1) սեփականության իրավունքով իրենց պատկանող, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, հասարակական եւ (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող շենքերի եւ շինությունների եւ (կամ) փոխադրամիջոցների մասով.
2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող, նույն մասի 1-ին կետում նշված գույքահարկով հարկվող օբյեկտի դեպքում` հարկվող օբյեկտի իրենց բաժնի մասով.
3) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող, նույն մասի 1-ին կետում նշված գույքահարկով հարկվող օբյեկտի մասով, եթե մյուս համասեփականատերերն անչափահաս կամ անաշխատունակ անձինք են:
Գույքահարկի նշված արտոնությունը վերաբերում է պարտադիր ժամկետային զինծառայողներին: Միաժամանակ հայտնում ենք, որ գույքահարկ վճարող են համարվում ՀՀ-ում եւ օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները եւ դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը` բացառությամբ ՀՀ պետական մարմինների, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների եւ հիմնարկների:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ գույքահարկը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:




Լրահոս