ՀԱՆԴԻՊՄԱՆ Է ԳԱԼՈՒ, ԹԵԺ Է ԼԻՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսօր բավականին ծանր օր է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրան հրավիրել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման: Ենթադրվում է՝ նախարարին պատգամավորները բավականին մանրամասն կհարցաքննեն` հաշվի առնելով այդ ոլորտում առկա խնդիրներն ու բացերը: Նախարարը վերջերս հայտարարեց շատ կարեւոր, բավականին մասշտաբային ծրագրերի իրականացման մասին՝ չարորակ նորագոյացությունների անվճար վիրահատություն, ինսուլտով հիվանդների անվճար բուժում: ՈՒ չնայած նրա նախաձեռնություններն իսկապես սպասված էին ու հույժ անհրաժեշտ, բայց դրանց իրականացման մեխանիզմների հետ կապված մի շարք անորոշություններ ու խնդիրներ կան: Ըստ այդմ, նախարարը դեռ պետք է մանրամասն ներկայացնի առաջարկած ծրագրի իրագործման մեխանիզմները: Բացի այդ, լուրջ խնդիրներ կան մարզերում՝ առողջապահական հիմնարկների գործունեության հետ կապված՝ սկսած շենքային պայմաններից մինչեւ բուժհաստատություններում որակյալ կադրերի պակասը: Հստակ չեն Հայաստանում պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման մեխանիզմները: Եւ, վերջապես, նախարար Թորոսյանը, պարզվում է, ավելացրել է իրեն պատկանող «ՄԻԲՍ» ԲԿ-ին հատկացվելիք պետական ֆինանսավորումը, այն էլ՝ շուրջ 2 անգամ: Եթե 2018-ին «ՄԻԲՍ» ԲԿ-ին տրվել է 25 միլիոն դրամ, ապա այս տարի նախատեսված է տալ 57 միլիոն 37 հազար դրամ. մի հանգամանք, որը կարելի է նույնիսկ կոռուպցիոն դրսեւորում համարել: Այնպես որ, Արսեն Թորոսյանը ստիպված է լինելու շատ հարցերի պատասխանել, եւ «Իմ քայլը» խմբակցությունում բավականին թեժ է լինելու:

 

 

Օրեր առաջ Հայաստան այցելած ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավորները հանդիպել են ոչ միայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանին (ում հրավերով էլ ՀՀ-ում էին), այլեւ ՀՀԿ ու ՀՅԴ ներկայացուցիչներին: Պատվիրակության ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, որ նրանք ՀՀ-ում ազդեցիկ ուժեր են, դրա համար էլ ինքը ցանկացել է հանդիպել երկու կուսակցություններին: «Ես նրանց հետ շփվել եմ նաեւ նախկինում եւ իմ պարտքն եմ համարում շփվել նաեւ այժմ»: Կալաշնիկովը նաեւ չի թաքցրել, որ Ռուսաստանում Հայաստանում տիրող իրավիճակի մասին առկա են տարբեր տրամադրություններ: «ՌԴ-ում, չհասկանալով, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում, սկսում են հետեւություններ անել, խոսել լավ ու վատ սպասելիքների մասին: Մենք չենք կարող չիմանալ մեր գործընկերներին, նրանց պատկերացումները եւ այդ պատճառով էլ եկել էինք», – նշեց նա:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հաշվեքննիչ պալատը 2018թ. ստուգումներ է իրականացրել Հայաստան համահայկական հիմնադրամում։ Ընդ որում, այդ հարցը Հաշվեքննիչ պալատի ծրագիր մտել է խորհրդի արտահերթ նիստով եւ ոչ թե խորհրդարանի հաստատված տարեկան ծրագրով։ Մեր աղբյուրների պնդմամբ` բացահայտվել են խոշոր չափի լրջագույն չարաշահումներ։ Ավելին՝ մեր աղբյուրների պնդմամբ՝ Հաշվեքննիչ պալատը այս բացահայտումները ուղարկել է դատախազություն։ Համահայկական հիմնադրամի հետ կապված ստուգումների արդյունքները եւ եզրակացությունը դեռ չեն հրապարակվել: Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց այն փաստը, որ Հաշվեքննիչ պալատից նման նյութեր են ստացվել։ Վերջինս նշեց, որ հիմա նյութերը ուսումնասիրվում են՝ իրավական եզրակացություն տալու համար։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, որ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ էր ու Պրահայում հայտնաբերվել էր Ֆրանկլին Գոնսալես անվամբ, վերջերս զանգահարել է Հայաստան: Ըստ մեր աղբյուրների` նա զանգահարել է իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, ներկայացել ու հայհոյախառն արտահայտություններ հնչեցրել: Նա իրավապահ համակարգի պաշտոնատար այդ անձին ասել է. «Դու ո՞վ եղար, որ ինձ փնտրես, ինձ հետախուզես ու մի հատ էլ բռնել տաս, մոռացե՞լ ես, թե դու ով ես… Գլուխս եք կորցրել, մեկ է` չեմ գալու, դուք ինչ էլ անեք, չեք կարանալու ինձ բերել ստեղից…»:

 

 

 

ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒՍԸ
Երեք օր տեւած քննարկումներից հետո խորհրդարանը փետրվարի 14-ին հավանության արժանացրեց ՀՀ կառավարության ծրագիրը: Թեեւ ԱԺ-ում ծրագրի քննարկումները բավականին բուռն ընթացան, բայց ընդդիմադիր խմբակցությունները (որոնք հետո դեմ քվեարկեցին) այդպես էլ բովանդակային, համակողմանի վերլուծություն չներկայացրին կառավարության ներկայացրած փաստաթղթի վերաբերյալ: Փոխարենը կառավարության ծրագիրը մանրակրկիտ վերլուծության են ենթարկել արտախորհրդարանական կուսակցություններից երկուսը՝ «Հայ Ազգային Կոնգրեսն» ու «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը». կուսակցություններ, որոնք գաղափարական առումով գտնվում են երկու հակադիր բեւեռներում, անթաքույց բացասական վերաբերմունք են տածում միմյանց նկատմամբ: Բայց եւ որքան էլ զարմանալի թվա, քաղաքական դաշտում միայն այս երկու ուժերն են, որ կառավարության ծրագրի վերաբերյալ քաղաքական լուրջ խոսք են հնչեցրել: Ճիշտ է, ՀԱԿ-ի հայտարարությունից քննարկման առարկա դարձավ միայն սահմանադրական փոփոխություններ անցկացնելու եւ կառավարման կիսանախագահական համակարգի վերադառնալու առաջարկը, բայց այդ հայտարարության մեջ շատ ուրիշ լուրջ քաղաքական ու տնտեսական շեշտադրումներ կային: Լուրջ ձեւակերպումների հանդիպում ենք նաեւ ՀՅԴ հայտարարության մեջ. ոլորտ առ ոլորտ նրանք անդրադարձել են կառավարության ծրագրին` վերհանելով նաեւ խնդրահարույց կետերը:
Ու կապ չունի՝ այս երկու կուսակցությունների հնչեցրած տեսակետները որքանով են ընդունելի: Այստեղ կարեւորը ինքնին երեւույթն է: Տեղի ունեցածը հիմք է պնդելու վաղուց հնչեցված, բայց եւ մոռացության տրված տեսակետը, որ Հայաստանի քաղաքական դաշտում դասական իմաստով առկա կուսակցություններին կարելի է մեկ ձեռքի մատերի վրա հաշվել (չնայած ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրում գրանցված կուսակցությունների թիվն անցնում է 7 տասնյակը, եւ դեռ էլի նոր կուսակցություններ են ստեղծվում): Եւ այդ մեկ ձեռքի վրա հաշվվող կուսակցություններն են, որոնք ի վիճակի են հստակ քաղաքական միտք ձեւակերպել, քաղաքական տեսակետ արտահայտել ու քննարկման դնել (թեկուզ եւ ոմանց համար անընդունելի): Կուսակցության անվան տակ գործող մյուս կազմակերպություններն ընդամենը քաղաքական միավորումներ են` մակերեսային իրենց դատողություններով ու հայտարարություններով: Անգամ քսան տարի շարունակ Հայաստանում իշխանության ղեկին եղած ՀՀԿ-ից այս օրերին լուրջ վերլուծություններ չհնչեցին. ամեն ինչ սկսվեց ու ավարտվեց չարախնդությունների ու կեսբերան քննադատությունների մակարդակում: Այս իրավիճակը թերեւս լուրջ մտորումների ու եզրահանգումների տեղիք պետք է տա:




Լրահոս