Օրեր առաջ Հայաստան էին այցելել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամները եւ բազմաթիվ հանդիպումներ ունեցել: Իհարկե, ռուսական պատվիրակության այցը Հայաստան նորություն չէ, քանի որ նախկինում խորհրդարանական համագործակցությունը երկու երկրների միջեւ միշտ էլ ակտիվ է եղել: Ընդ որում, այդ ակտիվությունը չէր դադարել նաեւ թավշյա հեղափոխությունից հետո` անցումային շրջանում, երբ խորհրդարանում իշխող ուժը այլ էր, գործադիրում` այլ:
Հետաքրքիր է, որ, ի տարբերություն նախորդ դեպքերի, այս անգամ ռուսական պատվիրակությունը Հայաստան էր եկել հայկական կողմի, մասնավորապես` Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հրավերով: Հետաքրքիր է, որ նախորդ դեպքերում պատվիրակությունները Հայաստան էին ժամանում հիմնականում իշխող ուժի հրավերով. թերեւս այս մեկը բացառություններից է:
Ընդ որում, Լեոնիդ Կալաշնիկովի ղեկավարած պատվիրակությունը, այստեղ գտնվելով, բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, նաեւ հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Ընդգծենք, որ ռուսական կողմը շատ է կարեւորել նորաստեղծ հանձնաժողովը, որի նախագահի հրավերով էլ Հայաստան են եկել: Խոսքը ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մասին է, որ, ռուսական կողմի խոսքով, կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ երկու երկրների համանման հանձնաժողովների արդյունավետ համագործակցության համար:
Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության առումով մշտապես ակտիվ է եղել նաեւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեն` ի դեմս նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի: Օրինակ` դեռեւս հոկտեմբերին, երբ տեղի էր ունեցել խորհրդարանի շենքի «գրավումը», Զատուլինի պատվիրակությունը շտապել էր Հայաստան, հանդիպել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների: Սակայն նրան չէր հաջողվել հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ նրա թիմի այլ անդամների հետ: Իսկ հիմա, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել, եւ ռուսական պատվիրակությանն ընդունել է անձամբ Արարատ Միրզոյանը:
Ռուսական պատվիրակության այցի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Լեոնիդ Կալաշնիկովի հետ` ամփոփելով այցի արդյունքները: Նախ ընդգծենք, որ Կալաշնիկովը մեզ հետ զրույցում կարեւորեց այդպիսի անվամբ հանձնաժողովի առկայությունը` ընդգծելով, որ նախորդ գումարումների խորհրդարանում գործում էր միայն եվրոպական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողով, ինչը սխալ էր: Միեւնույն ժամանակ, Կալաշնիկովը չթաքցրեց, որ Ռուսաստանում տարբեր տրամադրություններ են առկա Հայաստանում տիրող իրավիճակի մասին, եւ իրենք եկել էին այդ ամենը հասկանալու համար:
«Ես դրական եմ համարում առաջին հերթին այն առումով, որ ՌԴ-ում, չհասկանալով, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում, սկսում են հետեւություններ անել, խոսել լավ ու վատ սպասելիքների մասին: Մենք չենք կարող չիմանալ մեր գործընկերներին, նրանց պատկերացումները եւ այդ պատճառով էլ եկել էինք», – նշեց նա:
Նրա խոսքով` խորհրդարանական մեծամասնությունն ու իշխանությունն այժմ փնտրում են ուղիներ` Հայաստանի հետագա զարգացման համար: «Դա բազմաթիվ փաստերով է պայմանավորված, օրինակ` նոր թիմով, նոր կառավարությամբ: Եկել են նոր մարդիկ, նրանցից ոմանք ընդհանրապես չեն հասկանում խորհրդարանական աշխատանքը, մյուսները գիտեն եւ սերտել են», – հավելեց նա:
Հետաքրքիր է, որ Լեոնիդ Կալաշնիկովը բացի խորհրդարանականների հետ հանդիպումներից հանդիպել է նաեւ արտախորհրդարանական երկու ուժի` ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ: «Չնայած նրանք տարբեր են իրենց ուղղվածությամբ, սակայն, ամեն դեպքում, ազդեցիկ ուժեր են Հայաստանում, այդ պատճառով ցանկանում էի նաեւ նրանց հետ զրույցներ ունենալ: Իհարկե, իրենց տեսակետները երկրի զարգացման առումով տարբեր էին, եւ այդ պատճառով էլ նրանք տարբերվում են: Սակայն ես հարգանքով եմ վերաբերվում բոլոր ուժերին, եթե նրանք ցանկանում են միայն լավը Հայաստանի համար: Ես նրանց հետ շփվել եմ նաեւ նախկինում եւ իմ պարտքն եմ համարում շփվել նաեւ այժմ», -ընդգծեց նա:
Դիտարկմանը` այդ կուսակցությունները շա՞տ են բողոքել ներկայիս իշխանություններից, Կալաշնիկովը նկատեց. «Ես չեմ ցանկանում Ձեզ փոխանցել մեր զրույցի մանրամասնությունները, քանի որ ինձ դա ոչ ոք չի երաշխավորել, եւ դա կոռեկտ չի լինի»:
Ամեն դեպքում, հետաքրքիր պատկեր է ստացվում. հայկական կողմի, ավելի շուտ` կոնկրետ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հրավերով նրանք գալիս են Հայաստան, սակայն հանդիպում են նաեւ այժմ արդեն ընդդիմադիր ուժերին` իհարկե չշրջանցելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւս:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՉԵՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ
Պարզվում է` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը չի վերահսկում հոգեբուժարաններում ու ՔԿՀ-ներում պահվող թոշակառուների թոշակների վճարման գործընթացը: Նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ այս մասով իրենք որեւէ անելիք չունեն, քանի որ օրենքը թույլ է տալիս լիազորագիր տալ կամայական մարդու: «Այսինքն` օրենքը սահմանափակում չի դնում` միայն ընտանիքի անդամ կամ ազգական լինի: Այստեղ խնդիր կա, քանի որ մենք չենք կարողանում դա վերահսկել: Մենք գիտենք, որ, օրինակ, ունենք թոշակառու, եւ գիտենք, որ գտնվում է այսինչ վայրում, ու գիտենք, որ ինքը լիազորագիր է տվել այսինչ մարդուն, բայց մենք դրանից զատ այլ բան, ցավոք, չենք կարող անել»,- փոխանցեցին նախարարությունից: Մեր հարցին` հնարավոր է առաջիկայում նախարարությունը օրենսդրական փոփոխություններ իրականացնի այս հարցում, նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանն արձագանքեց. «Հնարավոր է, բայց դեռ գործնական քայլեր չկան: Այս պահի դրությամբ գործող օրենքը այդպես է սահմանում, եւ դեռեւս որեւէ գործընթաց չկա դրա փոփոխության հետ կապված»: Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում անդրադարձել էր այս խնդրին` արձանագրելով, որ եղած ընթացակարգն իր մեջ լրջագույն կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Ի դեպ, ՀՀ հաշվեքննիչ պալատը իր եզրակացության մեջ արձանագրել է, որ այս դեպքում գործ ունենք տարեկան 500 մլն դրամի հետ: ՀՊ-ն էլ բարձրաձայնել էր առկա խնդիրը, բայց կարծես դեռ չկա արձագանք:
ԱՌԱՋԱՐԿ
Ինչպես հայտնի է, փետրվարի 17-ին տեղի ունեցած Վարդենիսի համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթող է ճանաչվել Արամ Մելքոնյանը, որը մինչ այդ ժամանակավոր պաշտոնակատարն էր: Ընդ որում, նա բավական շատ ձայներով է առաջ անցել իր մյուս 7 մրցակիցներից: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նորընտիր համայնքապետն այնուամենայնիվ ցանկություն ունի աշխատել նաեւ իր մրցակիցներից մի քանիսի հետ, այդ թվում` Գարսեւան Սաղաթելյանի, որն ընտրությունների արդյունքում նախավերջին տեղն էր գրավել: Մեր տեղեկություններով` համայնքի ղեկավարը նրան համագործակցության առաջարկ է անելու եւ, ավելին, ընտրությունների գիշերն անձամբ այցելել է նրան: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գարսեւան Սաղաթելյանը նշեց, թե ինքը շնորհավորել է համայնքի նորընտիր ղեկավարին, սակայն աշխատանքի մասին որեւէ քննարկում չի արել: Հարցին` պատրաստ կլինեք նրա հետ աշխատել, Սաղաթելյանը նշեց. «Ես կօգնեմ նրան, ով անկեղծ ցանկություն ունի Վարդենիսում դրական փոփոխություններ կատարել, եւ միշտ էլ պատրաստակամ եմ եղել ու աջակցել եմ բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են եղել իմ քաղաքի զարգացմանը»։
ԲԱՔՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ
ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը մարտին կայցելի Բաքու եւ Երեւան` ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու համար: «Ես պատրաստվում եմ այցելել Բաքու եւ Երեւան մարտի առաջին կեսին` այս հարցերը քննարկելու համար: Ես հրավեր ունեմ Հայաստանից եւ Ադրբեջանից»,-ասել է նա: Վերջինիս խոսքով` Սլովակիան ամբողջապես աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին հակամարտության կարգավորման հարցում: Լայչակը նաեւ նշել է, որ ընտրություններից հետո Հայաստանում ձեւավորվել է նոր իրավիճակ. կա կառավարություն, որն ունի վստահության ուժեղ մանդատ, եւ այս իմաստով առկա են որոշակի սպասումներ. «Մեր նպատակն է աջակցել Մինսկի խմբի համանախագահներին օգտագործել այս իրավիճակը»,-ասել է նա:
ՄԵԿՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵՂՔԸ
ԱԱԾ-ն երեկ մանրամասներ է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործից: ԱԱԾ-ն հաստատել է, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հոդվածներով։ Ըստ ԱԱԾ-ի՝ Քոչարյանը երրորդ անձից անհատույց ստացած գումարի եկամտային հարկը նվազեցնելու նպատակով որոշակի կեղծիքներ է արել, որի հետեւանքով չի վճարել առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 1 միլիարդ 900 միլիոն դրամի հարկեր։ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում նշված է՝ ի վերջո, Սեդրակ Քոչարյանը պետական բյուջե չվճարած հարկից առաջացած գումարները միախառնել է իր բանկային հաշվին եղած միլիոնների հետ դրանց օրինական տեսք տալու համար եւ, ի վերջո, այդ եկամուտներն ուղղել է «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերելուն։ Իրավապահների պնդմամբ՝ Քոչարյանին պատկանող ՍՊ ընկերության տնօրենը՝ Ալեքսան Որսկանյանը, ընդունել է մեղքը. վերջինիս մեղադրանք է առաջադրվել հարկերից չարամտորեն խուսափելու հոդվածով։
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում երեկ շարունակվում էր Ֆլեշի Բարսեղ մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը: Բեգլարյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը բացարկի միջնորդություն է ներկայացրել մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանին: Դատավոր Դավիթ Հարությունյանը պաշտպանին առաջարկել է շրջանցել միջնորդության մեջ առկա օրենքները եւ այն ներկայացնել ըստ էության, սակայն Գրիգորյանը չի համաձայնել: Նշենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանին: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Բարսեղ Բեգլարյանին եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: