ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱՎՈՐԸ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում կարգապահական պատասխանատվության կենթարկվի հերթական դատավորը: Մասնավորապես, ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության կենթարկի «Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրած դատավոր Արտուշ Գաբրիելյանին:

Ինչպես հայտնի է, 2018թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարել էր Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը` առանց դատական նիստին մասնակից դարձնելու պաշտպանական կողմին: Փաստաբանը դիմել էր Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու խնդրանքով: Պաշտպանական կողմը համոզված է, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ 30.12.2018թ. կայացված որոշմամբ խախտվել են «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի, ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, ՀՀ դատական օրենսգրքի բազմաթիվ դրույթներ, որոնք ազդել են գործի ելքի վրա եւ խաթարել են արդարադատության բուն էությունը:
Ու մինչ Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովը ուսումնասիրում է փաստաբանի դիմումը, դատական համակարգում այս հարցով ներքին քննարկումներ են տեղի ունենում, թե ինչու է դատավոր Արտուշ Գաբրիելյանը քրեական գործով նման քայլ արել եւ քրեական գործով առանց պաշտպանի ներկայության նիստ անցրացրել ու անձի նկատմամբ խափանման միջոց կալանքը ընտրել:
Նախ` դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն` ի սկզբանե, մինչ Արտուշ Գաբրիելյանին մակագրելը, այս գործը մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին: Վերջինս երկու օր փորձել է գտնել Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանին, որ նիստ հրավիրի խափանման միջոցի հարցով, սակայն այդ ընթացքում դատավոր Գրիգորյանը արձակուրդ է գնացել, ու գործը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին:
Արտուշ Գաբրիելյանը իր մտերիմ շրջապատում ասել է, որ զանգահարել է պաշտպանին, ասել է, որ նիստ է հրավիրելու, պաշտպանը ասել է, որ չի գալու, դատավորը կրկին ծանուցել է նրան: Ավելին, Արտուշ Գաբրիելյանը իր պնդումներում նշել է, որ ամեն ինչ արել է մեղադրյալի պաշտպանին դատարան կանչելու, միջնորդության հարցը քննելու մասով, սակայն նա այդպես էլ չի եկել, եւ ինքն էլ առանց պաշտպանական կողմի ներկայության նիստը հրավիրել է եւ Վահագն Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը:
Դատական համակարգում նրան ասել են, որ իրավունք չուներ անել, քանի որ մինչդատավարական վարույթում գտնվող քրեական գործերով չունեն կարգավորում, որ առանց պաշտպանի դատավորը կարող է խափանման միջոցի հարց քննել, նա էլ պատասխանել է, թե` «բա ի՞նչ անեի, մեռա ծանուցելով, ասելով, որ` արի՛, միջնորդութայն համար նիստ եմ նշանակում, ասեց` չեմ գալու, ու ես էլ նման քայլի գնացի»:
Դատական համակարգում այն տեսակետին են, որ դատավոր Գաբրիելյանը բոլոր դեպքերում օրենք է խախտել, բայց, միեւնույն ժամանակ, դատական համակարգում նշում են, թե ինչ անեին, եթե պաշտպանը չէր ներկայանում, իսկ միջնորդության հարցն էլ մնում էր օդից կախված: Ինչեւէ, անկախ այն հանգամանքից, որ դատավորն այլ ելք չի ունեցել եւ մինչդատավարական վարույթում գտնվող քրեական գործով առանց պաշտպանի խափանման միջոցի հարց է քննարկել եւ որոշում կայացրել` նա արդեն կոպիտ խախտում է թույլ տվել եւ պետք է պատասխանատվության ենթարկվի:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց փաստաբան Միհրան Պողոսյանին` հետաքրքրվելու, թե ինչու նա չի ներկայացել, երբ դատավորը նրան տեղյակ է պահել նիստի մասին: Վերջինս ասաց. «Ուրեմն այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Արտուշ Գաբրիելյանի աշխատակազմից նրա մոտ տեղի ունենալիք նիստի մասին որեւէ փորձ անգամ չի կատարվել ինձ տեղեկացնելու: Բացի դրանից, հայտնեմ, որ այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանում քննարկման առարկա էր դառնում Վահագն Հարությունյանի վերաբերյալ որոշման մասին իմ բողոքը: Պարզել եմ նաեւ տեղյակ չպահելը իբր թե կոծկելու նպատակով. Արտուշ Գաբրիելյանի դատարանի կազմի կողմից կազմվել է կեղծ փաստաթուղթ, թե իբր ինչ-որ հեռախոսահամարից ինձ զանգահարել են, ես չեմ պատասխանել տվյալ հեռախոսազանգին: Այդ կեղծ ապացույցը ստեղծելու եւ քրեական գործի մեջ դնելու դեպքի առթիվ հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին Հատուկ քննչական ծառայություն»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԳՈՆՍԱԼԵՍԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԶԱՆԳԸ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի 37-ամյա որդին` Նարեկ Սարգսյանը, Պրահայից վերջերս զանգահարել է իրավապահ համակարգի ներկայացուցիչներից մեկին ու հայհոյախառն սպառնալիքներ տեղացել:
2018թ.-ի հունիսի 26-ին Ազգային անվտանգության ծառայությունը հարուցել էր քրեական գործ` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու եւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների իրացնելու, ապօրինի շրջանառության հատկանիշներով:
Այս գործով Նարեկ Սարգսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ, եւ հուլիսի 6-ին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին` միջազգային հետախուզում:
Արդյունքում, 2018 թվականի դեկտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի 37-ամյա որդուն` Նարեկ Սարգսյանին, հայտնաբերեցին եւ ձերբակալեցին Պրահայում: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր` Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:
Եվ, ահա, հունվար 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր` Նարեկ Սարգսյանի արտահանձնման թղթերն արդեն ուղարկել են Պրահա. «Հանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը դեկտեմբերի 28-ին Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին: Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող ասել»:
Եվ ներկայումս Պրահայի ղեկավարությունը աշխատանքներ է տանում փաստաթղթերի ուսումնասիրման ուղղությամբ: Միայն դրանից հետո կհայտարարվի արտահանձման թույլատրելիության կամ անթույլատրելիության վերաբերյալ:
Ու մինչ Պրահայի ղեկավարությունը ստուգումների մեջ է, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Նարեկ Սարգսյանը օրեր առաջ Պրահայի քրեակատարողական հիմնարկից զանգահարել է ՀՀ իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկին, ներկայացել է եւ սկսել ոչ հաճելի բառապաշարով զրուցել:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` վերջինս իրավապահ համակարգի պաշտոնատար այդ անձին ասել է, թե` «դու ո՞վ եղար, որ ինձ փնտրես, ինձ հետախուզես ու մի հատ էլ բռնել տաս, մոռացե՞լ ես, թե դու ով ես»: Այս հայտարարություններից հետո սկսել է ոչ հաճելի բառապաշարով դիմել պաշտոնյային: Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ նա իրավապահ համակարգի պաշտոնատար անձին նաեւ ասել է. «Գլուխս եք կորցրել, մեկ է` չեմ գալու, դուք ինչ էլ անեք, չեք կարանալու ինձ բերել ստեղից…»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՏՆՕՐԵՆՆ ՈՒ 25 ՈՒՍՈՒՑԻՉ` ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը Շիրակի մարզպետին հասցեագրել է միջնորդագիր Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը քննարկելու համար. դատախազը հիմնավոր կարծիք ունի, որ տնօրենը չպիտի շարունակի պաշտոնավարել:

Դպրոցի քրեական գործի նախաքննության ընթացքում դատախազությունը պարզել է, որ տնօրենի կողմից կատարվել է երկու դրվագ դիտավորյալ հանցավոր արարք` պաշտոնական դիրքի չարաշահում եւ պաշտոնական կեղծիք: «Փաստեցինք, որ նշված հանցագործությունը տվյալ անձը կատարել է տեւական եւ շարունակական` այդ հանցագործության կատարման մեջ ներգրավելով շուրջ 25 աշխատակցի: Քրեական գործի քննության ընթացքում տվյալ սուբյեկտը վերականգնեց պետությանը պատճառված վնասը, տվեց խոստովանական ցուցմունք, ընդունեց մեղքը, զղջաց, բացի այդ, նույն բովանդակության ցուցմունքներ տվեցին ե՛ւ 25 դասատուները, ե՛ւ փոխտնօրենը: Այս պարագայում ես նպատակահարմար համարեցի քրեական գործով վարույթը կարճել` ոչ արդարացման հիմքով, այսինքն` մենք փաստեցինք, որ տվյալ դպրոցի տնօրենը կատարել է հանցանք, բայց նպատակահարմար չգտա դատել այն պատճառաբանությամբ, որ այս փուլում իրեն եւ 25 ուսուցչի դատելը աննպատակահարմար է. ո՞նց եք պատկերացնում միանգամից 25 ուսուցչի դատել: Այս փուլում ես միջնորդել եմ Շիրակի մարզպետին, որպեսզի լուծեն նշված տնօրենի հետ կնքված պայմանագիրը»,-ասում է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Նշենք, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրի քաղաքի թվով 12 բնակիչներ տարբեր ժամանակահատվածներում, իրենց ծնողների դիմումների հիման վրա, ընդունվել են նշված միջնակարգ դպրոց, սակայն ուսումնական տարիների ընթացքում տեւական ժամանակ, որոշ դեպքերում` ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, բացակայել են ՀՀ-ից, այսինքն` որեւէ դասապրոցեսի չեն մասնակցել:
Մինչդեռ դպրոցի տնօրենը նշված փաստերն արձանագրելու ու օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան ընթացք տալու փոխարեն ուսուցիչների միջոցով, ինչպես նաեւ անձամբ դպրոցի պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ է մտցրել վերը թվարկված աշակերտների` դասապրոցեսներին մասնակցելու կամ ավելի քիչ դասաժամերին բացակայելու վերաբերյալ: Այդ գործողությունների հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, քանի որ նշված աշակերտների թվաքանակով դպրոցը ստացել է ֆինանսավորում:
Նշենք, որ Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենը Նարինե Մեսրոպյանն է: Վերջինս արդեն մոտ 15 տարի ղեկավարում է դպրոցը: Ըստ քաղաքում տարածված լուրերի` Նարինե Մեսրոպյանը մտերիմ հարաբերությունների մեջ էր մարզպետարանի կրթության վարչության նախկին պետի հետ: Հենց նրա օրոք էլ Մեսրոպյանը հաստատվել է դպրոցում: Նարինե Մեսրոպյանը ՀՀԿ անդամ էր, նաեւ Գյումրու ավագանու անդամ է եղել:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի




Լրահոս