Առաջիկա 5 տարիներին կառավարության գործունեությունը միտված է լինելու ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաեւ բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված, մրցունակ ու ներառական տնտեսություն կառուցելուն. այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է խորհրդարանում կառավարության ծրագիրը քննարկելու ժամանակ:
Ավելի վաղ Փաշինյանը մի քանի անգամ նույնիսկ միջազգային ամբիոնից հայտարարել էր տնտեսության կառուցվածքը փոխելու մասին: «Այսօր այն բաղկացած է երեք հիմնական ճյուղից. մեկը գյուղատնտեսությունն է, որը ժամանակակից պայմաններին չի բավարարում, մյուսը` հանքարդյունաբերությունը, որն ազգային հարստության վաճառք է նշանակում, մյուսը խաղադրույքների ոլորտն է: …Այս կառուցվածքը մեզ ձեռնտու չէ, եւ մենք ուզում ենք Հայաստանն ագրարային, հանքարդյունաբերական, խաղադրույքներ կատարող երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի, որը մեր ամենակարեւոր հրամայականն է, ինչը բխում է մեր անվտանգային միջավայրից»,- 2018թ. սեպտեմբերին Նյու-Յորքում հայտարարել էր նա` տարբեր առիթներով նաեւ երկրի ներսում կրկնելով այս խոսքերը:
2018թ. հազար խոշոր հարկատուների ցանկը ուսումնասիրելիս, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքիր պատկեր է պարզել: Մեր հանրապետության հազար խոշոր հարկատուների մեծամասնությունը կա՛մ ծխախոտ արտադրող է, կա՛մ ծխախոտ եւ բենզին ներկրող, կա՛մ հանքահումքային ոլորտի արդյունահանող, կա՛մ էլ ծառայություններ մատուցող:
2018թ. ընթացքում ՀՀ հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ծխախոտ արտադրող «Գրանդ Տոբակո»-ն, որին հաջորդում է հանքարդյունաբերությամբ զբաղվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: Իսկ, ահա, այս հարկատուին հաջորդում է գազի եւ էլեկտրաէներգիայի ոլորտում բնական մենաշնորհ ունեցող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Կոմունալ ծառայություն մատուցող ընկերություններից միայն «Գազպրոմ Արմենիա»-ն է, որ գտնվում է ցանկի հնգյակում: Մյուսները բենզին կամ ծխախոտ ներկրողներն են. «Սի Փի Էս օիլ» քորփորեյշն-ը, «Ֆլեշ»-ը, «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն, «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն, որոնք տեղ են գտել հազար խոշոր հարկատուների ցանկի տասնյակում, համարվում են ներկրողներ:
Մեր հանրապետության տնտեսության մեծ լուծը քաշող ընկերություններից են կապի ծառայություն մատուցող «ՄՏՍ Հայաստան»-ը, «Յուքոմ»-ը, «Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերությունը, «Ավերս»-ը, որը ծխախոտ ներկրող է, «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ը: Այսինքն` դարձյալ այն ընկերությունները, որոնք արտադրությամբ չեն զբաղվում: Մշակող արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններ չկան խոշորների առաջին հորիզոնականներում` բացառությամբ «Ալեքս Հոլդինգի»: Այսինքն` մեր հանրապետության հարկատուների մեծ մասը, որոնց վրա հիմնված է տնտեսությունը, ոչ թե արտադրողներն են, այլ ծառայություններ մատուցողներ եւ հանքարդյունաբերությամբ զբաղվողներ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ հազար խոշոր հարկատուների ցանկի առաջին քսան ընկերությունները ընդհանուր պետական բյուջե վճարել են ավելի քան 249 մլրդ դրամ հարկ: Այդ գումարը կազմում է հազար հարկատուների վճարած գումարի 27 տոկոսը: Այս առումով հետաքրքիր մեկ փաստ էլ. 2010-ականների սկզբում առաջին 1000 հարկատուների ցանկի վերջին քսանյակում բավական համեստ հարկատուներ էին, հետո վերջին քսանյակի հարկերի ծավալը սկսեց մեծանալ: Եթե 2014թ խոշոր հարկատուների ցանկի վերջին 20 ընկերությունները վճարել են մոտ 105 մլն դրամ յուրաքանչյուրը, ապա 2018թ.-ին ցանկը եզրափակող 20 ընկերությունները մուծել են մոտ 140-ական մլն դրամ։ Սա թերեւս ապացույցն է այն բանի, որ ՀՀ-ում փոքր ու միջին ձեռնարկատիրությունը ոչ միայն չի զարգացել, այլեւ, ընդհակառակը, գնալով ետընթաց է ապրում: Տնտեսական կյանքում իրական ազդեցություն ունեն միայն խոշոր ընկերությունները, մինչդեռ խնդիրը պահանջում է լուծումներ ՓՄՁ զարգացման համար:
Մեր երկրի հազար խոշոր հարկատուների ցանկից պարզ երեւում է, թե տնտեսությունն ինչի վրա է հիմնված: Այսինքն` մշակող արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններ չկան, իսկ արդյունաբերությամբ զբաղվողները շատ քիչ տոկոս են կազմում: Հազար խոշոր հարկատուների քսանյակում, կարելի է ասել, քիչ թվով տնտեսվարողներ կան, որոնք տեղական արտադրությամբ են զբաղվում:
Հուսանք` այս խնդրով կմտահոգվի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, եւ առաջիկայում կիրականացվեն տեղական արտադրությանը զարկ տալու առարկայական քայլեր:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՌՈՆԱԼԴՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՄԱԴՐԻԴ
Այսօր` փետրվարի 20-ին` Երեւանի ժամանկով 00:00-ին, տեղի կունենա Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի եւս երկու հանդիպում:
«Շալկե 04»-«Մանչեստեր Սիթի»
«Ֆելտինս Արենայում» այսօր ասեղ գցելու տեղ չի լինելու. գերմանացիները միահամուռ ուժերով առաջնորդելու են իրենց թիմին ահեղ «Քաղաքայինների» դեմ պայքարում:
Դիմակայության վառ ընդգծված ֆավորիտը, իհարկե, մանչեստրյան ակումբն է, որը մի քանի խաղ Անգլիայում միավորներ կորցնելուց հետո սկսել է աջ եւ ձախ «կուլ տալ» մրցակիցներին: Հիմա ռուրյան ակումբի հիմնական խնդիրը այդ հոսանքի տակ չընկնելն է :
Վիճակահանությունը առաջին տպավորությունից անչափ բարի է գտնվել «Սիթիի» համար, սակայն պետք է հասկանալ` Չեմպիոնների Լիգայում հեշտ մրցակիցներ ուղղակի չկան: Գերմանական թիմը միշտ էլ աչքի է ընկնում իր կրակոտ ֆուտբոլով, եւ չի կարելի ասել, որ այս դիմակայությունում պայքար չի ձեւավորվելու:
«Մանչեստեր Սիթիի» մասին ասելու շատ բան չկա. թիմը հիանալի վիճակում է եւ ֆանտաստիկ տրամադրությամբ է մոտենում խաղին «Չելսիին» եւ «Նյուպորտին» ջախջախելուց հետո (6:0,4:1):
«Ատլետիկո Մադրդիդ»-«Յուվենտուս»
121 գոլ միայնակ, 116 գոլ ամբողջ թիմով` Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ:
«Վանդա Մետրոպոլիտանոյում» «Ատլետիկոն» կընդունի «Յուվենտուսին»
Հյուրերի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն իր ակտիվում Չ/Լ-ում ունի ավելի շատ գոլ, քան «հնդկացիները»: Իրոք շշմելու արդյունք է, բայց դա չի երաշխավորում «Ծեր Սինյորայի» հաղթանակը:
Այս գերդիմակայության մեջ չնչին առավելություն տրվում է թուրինյան ակումբին, եւ դա կապված է հենց Ռոնալդուի գործոնի հետ:
Պորտուգալացին շատ լավ գիտի` ինչպես գոլ խփել մադրիդցիներին: Նա «Ատլետիկոյի» հետ խաղերում դարձել է 21 գոլի հեղինակ. փաստ, որը կրկին անհանգստանալու առիթ է տալիս մադրիդյան գրանդին: Երկու պաշտպանողական թիմեր, որոնցից այս պայքարում երկրպագուները սպասում են հարձակողական ֆուտբոլ:
Ատլետները կարծես կորցրել են պաշտպանվելու այն փառահեղ տակտիկան, որը կիրառում էին տարիներ առաջ, բայց դրա փոխարեն ձեռք են բերել հարձակվելու մեկ այլ շնորհ:
Անկանխատեսելի «Ատլետիկոն» կփորձի կանգնեցնել կատարելությանը տենչող Ռոնալդուին եւ նրա թիմին:
2 սերիայից բաղկացած գերֆանտաստիկ ֆիլմերի առաջին սերիաները այսօր սպորտային գլխավոր իրադարձություններն են:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ