ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նազենի Ղարիբյանը պաշտպանում է ոչ թե մշակույթի, այլ Օրբելյանից ազատվել ցանկացող մարդկանց շահերը. Լևոն Ջավադյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 1-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներից մի քանիսը հանդիպում ունեցան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետ: Օպերայի անձնակազմի հիմնական պահանջն այն էր, որ Կոնստանտին Օրբելյանը շարունակի զբաղեցնել թատրոնի տնօրենի պաշտոնը: Մշակույթի նախարարությունն արդեն վարչապետին ներկայացրել է հիմնական խնդիրները, որոնցով արդարացվում է Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելը: Նիկոլ Փաշինյանը հանդիպման ընթացքում հայտարարել է՝ եթե ներկայացված փաստարկներից նույնիսկ մեկ կետը կեղծ լինի, ներկայացնողն անմիջապես կպատժվի՝ ազատվելով աշխատանքից:

Թեմայի շուրջ Armlur.am-ը զրուցել է Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանի հետ: Պարոն Ջավադյանը, որը ներկա է եղել վարչապետի հետ հանդիպմանը, հաճելիորեն զարմացած է այն հանգամանքից, որ իրենց ընդունել է անձամբ Փաշինյանը: Նրա համոզմամբ՝ դա նշանակում է, որ վարչապետը կարեւորում է արվեստը. «Ասեմ, որ շատ կոնստրուկտիվ խոսակցություն էր: Ինչ վերաբերում է մշակույթի նախարարության ներկայացրած փաստարկներին, ապա դրանց մեջ կային աղաղակող անհամապատասխանություններ իրականությանը: Կողմնապահությունն ակնհայտ էր: Զարմանում եմ, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն ամենեւին էլ մշակույթի գործիչների շահերը չի ներկայացնում: Տպավորություն է, որ նա մի խումբ մարդկանց շահերն է միայն ներկայացնում: Իսկ կողմնապահությունը հարիր չէ պետական գործչին»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ 92 միլիոն դրամի չարաշահումներն, օրինակ, որոնք վերագրում են Օրբելյանին, հաշվապահական սխալների արդյունքում կուտակված տույժեր են, որոնք գոյացել են 2014-2016թթ., երբ Օրբելյանը դեռեւս տնօրեն չէր: Պարոն Ջավադյանն ընդգծեց, որ Օրբելյանն ունի այնպիսի կապեր, որոնք օգտագործելով՝ կարողանում է ներդրումներ անել թատրոնում՝ իրականացնում է վերանորոգումներ, ձեռք է բերում թանկարժեք տեխնիկա: Նա հարցրեց՝ իսկ պետությունը կտա՞ այդ գումարը: Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավարը հիշեցրեց՝ վերջին 25 տարվա ընթացքում օպերային թատրոնում բեմադրվել է 9 առաջնախաղ, իսկ միայն վերջին կես տարվա ընթացքում՝ 5 առաջնախաղ՝ մեկը՝ պետպատվերով, մյուսները՝ զուտ Օրբելյանի անձնական կապերի եւ ներդրումների շնորհիվ:

Իսկ տիկին Ղարիբյանը, նրա խոսքով, ներկա չի եղել թատրոնի ներկայացումներին: Փոխարենը հանդիսատեսի շրջանում նկատել են մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանին: Պարոն Ջավադյանի խոսքով՝ եթե Օրբելյանին տնօրենի պաշտոնում չվերականգնեն, իրենք խնդիրը կտեղափոխեն իրավական հարթություն, իսկ գործադուլ կանեն ծայրահեղ դեպքում:




Լրահոս