Բնական սեղմված գազը զգալի թանկացել է. նոր բունտ է հասունանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը զայրացրել է վարորդներին. այս օրերին նոր բունտ է հասունանում: Պատճառն այն է, որ Հայաստանում գործող գազալցակայանների մեծ մասն ապրիլի 1-ից անցել է բնական գազի կիլոգրամով վաճառքի, ինչի հետեւանքով ավտոմեքենաների շահագործման համար նախատեսված սեղմված բնական գազը զգալի թանկացել է:

Նշենք, որ բնական գազի համար կառավարությունը որոշել է նոր չափման միավոր սահմանել` խորանարդ մետրը փոխարինելով կիլոգրամներով: Ըստ կառավարության` այս փոփոխության արդյունքում վաճառողները չեն կարողանա խաբել սպառողներին: Ի դեպ, այս որոշումն ընդունելու համար կառավարությունը փոփոխություններ է կատարել ՀՀ հարկային օրենսգրքում: Այս նոր կարգավորումներն ուժի մեջ են մտել ապրիլի 1-ից:

Այս խնդրին անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ հարկային պարտավորություններ չեն առաջանա: Նախագիծը քննարկելիս Փաշինյանը հայտարարեց նաեւ, որ այս փոփոխությունը չարաշահումները կանխելու նպատակ է հետապնդում, եւ գները չեն փոփոխվի: Իսկ տնտեսվարողները, որոնք կբարձրացնեն գազի գինը կամ կակնարկեն այդ մասին, կխոստովանեն, որ ստեղծման օրից սպառողներին խաբել են:

Նշենք, որ սովորաբար գազալիցքավորման աշտարակներում գազը կիլոգրամով է կշռվում, իսկ լիցքավորման ժամանակ համապատասխան գործակցի միջոցով այն վերածվում է խորանարդ մետրի: Մասնագետների պնդմամբ` եթե մեքենան լիցքավորվի խորանարդ մետրով, բարձր ջերմաստիճանի դեպքում այն ավելի մեծ ծավալով կլցվի, սակայն ավելի փոքր զանգվածով: Իսկ, ահա, կիլոգրամով փոխարինելու դեպքում այն, անկախ ծավալից, կհաշվարկվի կշռով:

Ըստ Ֆինանսների նախարարության` այս նախագծի ընդունման նպատակը գազով շահագործող ավտոմեքենաների շուրջ 700 հազար սեփականատերերի իրավունքների պաշտպանությունն է:

Բայց արի ու տես, որ վարորդները արդեն երեք օր է` բողոքում են գազի գնի բարձրացումից: Վարորդները համոզված են, որ այս փոփոխությունների հետեւանքով գազալցակայաններում վարորդներին, միեւնույնն է, կխաբեն, այս անգամ՝ ավելի շատ:
Մասնագետների խոսքերով` գազի 1 խմ-ը միջինը մոտավորապես 700 գրամ է կշռում: Բնականաբար, 1 խմ-ն ու 1 կգ-ը տարբեր արժեքներ են ունենալու: Ստացվում է, որ 1 կգ գազը շուրջ 40 տոկոսով ավելի թանկ կարժենա, քան այսօր վաճառվող 1 խմ-ը: Այսինքն` Հայաստանում արդեն երեք օր է, ինչ սեղմված բնական գազը վաճառվում է 1 տոննան 34 հազար դրամ գնով` նախկինում գործող 1000 խմ–ն` 25 հազար դրամի փոխարեն: Այս փոփոխությունների հետեւանքն այն է, որ եթե նախկինում մեկ խորանարդ մետրը վաճառվում էր 210-220 դրամով, ապա հիմա այն կվաճառվի 300-310 դրամով: Այսինքն` վարորդներ կան, որոնք մեքենան գազով լիցքավորելու համար վճարում էին 3500 դրամ, հիմա դրա համար վճարում են 4000 դրամ: Վարորդներ էլ կան, որոնք նախկին 5300-5500 դրամի փոխարեն այժմ վճարում են 6400 դրամ: Եւ չի բացառվում, որ առաջիկայում մի շարք վարորդներ բողոքի մեծ ալիք բարձրացնեն: Քանի որ վստահ են՝ միեւնույնն է, գազալցակայաններում իրենց խաբում են հաշվարկների մեջ:

Իհարկե, տրամաբանությունը հուշում է, որ բողոքի ալիք պետք է բարձրացնել ոչ թե կառավարության քայլերի, այլ գազալցակայաններում խաբեությունների դեմ: Ի վերջո, կառավարությունը վարորդների շահերը պաշտպանելու նպատակով է որոշել նման քայլի գնալ, ուստի պետք է պատժիչ կոշտ գործողությունների դիմի վարորդներին խաբելու, թերակշռելու դեպքում: Բայց, մյուս կողմից, հասկանալի է, որ որոշ շրջանակներ կփորձեն ուղղորդել վարորդների բողոքը` նրանց էլ համոզելով, թե բոլոր խնդիրների մեղավորը իշխանություններն են, այլ ոչ թե նախկինից արմատացած արատավոր բարքերը:

Նշենք, որ այս փոփոխությունները գազալցակայանների համար ֆինանսական դժվարություններ չեն առաջացրել, այսինքն` լրացուցիչ ներդրումների կարիք չկա, քանի որ այն սարքերը, որոնք տեղադրված են գազալցակայաններում, տեխնիկական հնարավորություն ունեն գազը կշռելու:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս