Արտաշատի ԲԿ-ի նորընտիր տնօրենը մարզպետի թեկնածո՞ւն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը երեկ կայացավ: Ինչպես եւ սպասվում էր, տնօրեն ընտրվեց Հայկ Համբարձումյանը, որն Արարատ մարզպետ Գարիկ Սարգսյանի թեկնածուն էր համարվում:

Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնի հավակնորդները երկուսն էին՝ բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Համբարձումյանը եւ Տարոն Գասպարյանը: Հանձնաժողովի 7 անդամները միաձայն կողմ քվեարկեցին Հայկ Համբարձումյանի օգտին, իսկ Տարոն Գասպարյանի օգտին գրանցվեց 3 կողմ, 4 դեմ ձայն: Մրցույթը, ըստ էության, ընթացավ, ինչպես կարգն է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ներքին կարգով պաշտպանել է Հայկ Համբարձումյանին եւ մինչ մրցույթը այդ մասին զգուշացրել է մարզպետարանի աշխատակիցներին: Այսինքն՝ մրցույթի արդյունքները, որպես այդպիսին, վաղուց ի վեր որոշված էին: Մեր աղբյուրի պնդմամբ` դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ մարզկենտրոն հանդիսացող Արտաշատում կար ԲԿ-ի ընդամենը երկու թեկնածու, իսկ նույն մարզի փոքր համայքներում այդ պաշտոնների համար պայքարում են 4-5 թեկնածուներ: Ըստ մեր հավաստի աղբյուրների՝ մարզպետարանի աշխատողներն էլ այն մարդկանց, որոնք փորձել են թեկնածություն ներկայացնել, հասկացրել են՝ այդ ամենն իզուր է, քանի որ ամեն բան նախօրոք որոշված է:

Նոր Հայաստանում, որտեղ ամեն քայլափոխի խոսվում է արդարարությունից, կոռուպցիայի եւ հովանավորչության դեմ պայքարից, նման գործելաոճը, թվում է, պետք է որ անցյալում լիներ: Բայց Արարատի մարզում կատարվածը խոսում է միանգամայն այլ բանի մասին. տեղի «իշխանիկներն», այնուամենայնիվ, նախկին բարքերով են շարժվում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մրցույթը հաղթած թեկնածուն՝ Հայկ Համբարձումյանը, նշեց, որ ամեն բան օրենքով է եղել: «Չգիտեմ` մարդիկ ինչու են նման բաներ խոսում»,- ասաց նա: Արարատի մարզպետարանի լրատվության պատասխանատուներն էլ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ իրենք հերքում են այս լուրերը. «Նման բան չկա: Որեւէ մեկը արտոնություն չի ունեցել: Ամբողջ ընթացքն էլ տեսաձայնագրվել է, եւ ամեն բան տեղի է ունեցել օրենքի սահմաններում»:
Մյուս թեկնածուն՝ Տարոն Գասպարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ բողոքարկել է արդյունքները, քանի որ մի շարք խնդիրներ է տեսել:

«Մարտի 1-ին բացի թեստերից պետք է տային նաեւ ԲԿ-ի մասին նախնական ինֆորմացիա, որ ես կարողանայի նախնական զարգացման ծրագիրը կազմել: Իրենք ինձ այդ ժամանակ չեն տվել: Ես փետրվարի 28-ին պահանջել եմ, իրենք ասացին, որ այսքան ժամանակ չենք արել, չգիտենք՝ ոնց պիտի տանք, չնայած դրա հետ կապված հրամանը 2011 թվականից է գործել, եւ 3 տնօրեն է փոխվել: Մարտի 15-ին ինձ ուղարկել են կիսատ ինֆորմացիա: Ես մարզպետարան գնացի, ասացի, որ քիչ են տվել ինֆորմացիա, եւ դրանով չի լինի այդ պլանը կազմել:

Այդ ժամանակ մարզպետարանի առողջապահության բաժնի պետը՝ Ս. Կտրակյանը, ասաց, որ իրենք խիստ չեն ստուգելու այդ զարգացման ծրագիրը: Ես էլ հարցրի. «Բայց դուք ի՞նչ գիտեք, որ դուք եք լինելու հանձնաժողովի կազմում»: Հարցս տրամաբանական էր, քանի որ, ըստ օրենքի, հանձնաժողովը ձեւավորվում է մրցույթից 24 ժամ առաջ: Բացի դա՝ օրենքով սահմանված է, որ մրցույթի օրը Առողջապահության նախարարությունից պետք է ներկայացուցիչ լինի՝ դիտորդի կարգով, սակայն այդպես չեղավ»-ասաց Գասպարյանը:

Հ.Գ. Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ մրցութային հանձնաժողովի նախագահը մարզպետ Գ. Սարգսյանի բաջանաղն է եղել՝ Ա. Նազարեթյանը: Ինչպես ասում են, խոսքերն ավելորդ են. սա, թերեւս, ապացույցն է այն բանի, որ մրցույթն, այնուամենայնիվ, արդար չի անցել:

Լուսինե Մինասյան




Լրահոս