«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սնանկ ճանաչված «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ին պատկանող, բայց գրավադրված գույքի կրկնաճուրդը կայացել է մասնակի: Հաջորդ աճուրդը կկայանա ապրիլի 26-ին: «Աշտարակ-Կաթ»-ի սնանկության գործով կառավարիչը վաճառքի է հանել ընկերության անշարժ, շարժական գույքը, նաեւ նախկին սեփականատիրոջ պատկանող բնակարանը:
Անշարժ գույքի մեկնարկային արժեքը 373 մլն 856 հազար դրամ է: Մեզ հայտնի դարձավ, որ աճուրդի է հանվել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, «Էյչ-Էս-Բի-Սի» բանկում գրավադրված, Երեւանի Քոչինյան փողոցում գտնվող անշարժ գույքը, այդ հասցեում տեղակայված շարժական գույքը, ավտոմեքենաները եւ սարքավորումները: Ի դեպ, դրանց պահպանությունը ներկայումս իրականացվում է ընկերության կողմից: Բացի այս, վաճառվում են նաեւ Ճամբարակի «Հովիտ պանրագործարան»-ի տարածքում գտնվող թվով 142 անվանում հիմնական միջոցները, նաեւ պանրագործարանի գույքը, ավտոպահեստամասերը, կաթնամթերքի եւ պաղպաղակի արտադրման սարքավորումները: