Տավուշի մարզպետի հայտարարությունների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, վերջերս իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով Տավուշի մարզի քաղաքներում տրված հողային տարածքներին, ասել է, որ դրանք աճուրդներով ծախվել են նախկին եւ ներկա քաղաղաքապետերի կողմից, նրանց մասնակցությամբ. այդ առումով վիճակն առավել վատ է Իջեւանում, ուր զբոսայգիների տարածքները աճուրդով տրվել են մետր առ մետր, եւ ազատ տարածքներ չեն մնացել: Այդ հարցով մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին: Նա ասաց, որ համայնքի հողատարածքները տրամադրվում են ոչ թե համայնքի ղեկավարի, այլ ավագանու որոշմամբ, այդ որոշումների կատարումը համայնքի ղեկավարի պարտադիր լիազորությունն է:

Վ․ Ղալումյանը հայտնեց, որ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված է, որ կանաչապատ տարածքները, զբոսայգիները չեն կարող աճուրդային կարգով վաճառվել, դրանք կարող են վարձակալությամբ տրվել մրցույթային կարգով: Քաղաքապետն ասաց, որ քաղաքներում սրճարանները հիմնականում գործում են զբոսայգիներում. եթե սրճարանի շուրջ կանաչ տարածք չկա, սրճարանի տերն է դրա շուրջ կանաչապատում:

Վ․Ղալումյանը հայտնեց, որ Իջեւան քաղաքում 2 զբոսայգի կա: Դրանցից մեկը գտնվում է խորհրդային տարիներից հետո չգործող կարուսելի` «սատանայի անիվի» շրջակայքում, եւ ավելի քան 10 տարի առաջ վարձակալությամբ է տրվել: Հիմա հարթեցում է կատարվում, որպեսզի այդտեղ հանգստի եւ հասարակական սպասարկման գոտի ձեւավորվի: Մյուսը քաղաքի կենտրոնում գտնվող զբոսայգին է, որի 2,1 հեկտար տարածքից Իջեւանի նախկին եւ գործող քաղաքապետերի օրոք մրցութային կարգով վարձակալությամբ տրվել է մեկ երրորդը` 0,7 հեկտարը, որպեսզի այդտեղ սրճարաններ գործեն: Այսինքն` խոսք չի կարող լինել Իջեւանի զբոսայգիները մետր առ մետր աճուրդով հատկացնելու մասին: Վերոհիշյալ հարցազրույցում մարզպետը նշել է, որր Տավուշի մարզի քաղաքապետերը, հողերը աճուրդով տրամադրելով, հանցավոր սպեկուլյացիաների մեջ են. հողերն էժան ծախվում են, հետո հարյուրապատիկ թանկ վերավաճառվում: Վ․ Ղալումյանին հարցրի` ինքը նման սպեկուլյացիաների մեջ է արդյոք:

Նա ասաց. «Ոչ, ես հողերի սպեկուլյացիաների մեջ չեմ»: Նա հայտնեց, որ հողերն աճուրդով կամ մրցութային կարգով տրամադրելու մասին հայտարարությունները հրապարակվում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, դրանց մասնակցում է, ով կամենում է: Իր պաշտոնավարման օրոք երբեւէ բողոք չի եղել, որ մեկը ցանկացել է մասնակցել մրցույթին, եւ նրան դա թույլ չի տրվել, կամ հողերն աճուրդով կամ մրցութային կարգով տրվել են ոչ հրապարակային կարգով, կամ այդ գործընթացում խախտվել են օրենքի պահանջները: Քաղաքապետը հայտնեց, որ հողատարածքների տրամադրումը նպատակ ունի զարգացնելու մանր ու միջին գործարարությունը, դրանով նպաստելու նաեւ համայնքի հարկային եկամուտների աճին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս