Մարտի 29-ին գրել էինք, որ վերջերս ձերբակալված ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը ընդունել է իր մեղքը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին նրա պաշտպանը` Ռոման Ահարոնյանը, հայտնեց, թե նախկին փոխնախարարը չի կարող ընդունել իր կողմից չկատարված որեւէ արաքի մեղադրանք: Նախկին փոխնախարարը, փաստորեն, չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը եւ այժմ էլ հայտարարում է, որ իր նկատմամբ անհիմն քրեական հետապնդում է իրականացվում:
Ըստ պաշտպան Ահարոնյանի. «Քանի որ անընդհատ լրատվության միջոցներով շրջանառվում է Վահան Պողոսյանին ձերբակալելու եւ մեղադրանք առաջադրելու փաստը, ինչը տարընկալումների տեղիք կարող է տալ հասարակության մոտ, ուստի ստիպված եմ որոշակի հարցեր պարզաբանել: Նախ ասեմ, որ Վահան Պողոսյանին չի մեղսագրվում գումարային կամ գույքային ինչ-որ օգուտներ ստանալու փաստ, ինչը սովորաբար առաջին ասոցիացիան կարող է լինել ոչ տեղյակ անձանց մոտ, երբ լսում են «պաշտոնեական դիրքի չարաշահում» արտահայտությունը:
Մեղսագրված «չարաշահման» տակ վարույթն իրականացնող մարմինը նկատի ունի այն, որ Վահան Պողոսյանը, հանդիսանալով փոխնախարար, իբրեւ թույլ է տվել (կամ լավ չի վերահսկել իր ոլորտը), որ այլ կազմակերպության պաշտոնատար անձ (ոչ նախարարության աշխատող), չարաշահի իր լիազորությունները եւ գնման գործընթացում խախտումներ կատարի, որի արդյունքում այդ կազմակերպության հայտարարած մրցույթում հաղթել է հասարակական կազմակերպություն: Դրա արդյունքում իբրեւ այդ կազմակերպությունը վնաս է կրել, եւ խախտվել են «Գլոբալ» հիմնադրամի եւ ՀՀ առողջապահության նախարարության միջեւ կնքված դրամաշնորհային համաձայնագրերով սահմանված մի շարք դրույթներ, եւ անզգուշությամբ առաջացել են ծանր հետեւանքներ:
Որպես ծանր հետեւանք նշվում է այն, որ իբրեւ այս խախտումների արդյունքում «Գլոբալ» հիմնադրամին ընդամենը հնարավորություն է ընձեռվել կիրառելու տրամադրված ֆինանսական միջոցների հետ պահանջի, դրամաշնորհային պայմանագրերի կատարումը կասեցնելու, միակողմանի դադարեցնելու եւ նոր պայմանագրերի ստորագրումից հրաժարվելու իրավունք:
Պատկերացրի՞ք այդ ծանր հետեւանքը. դա պայմանագրի մի կողմի` իրավունքից օգտվելու տեսական հնարավորությունն է, այսինքն` փաստացի որեւէ առաջացած հետեւանք չունենք: Ընդամենը նախաքննական մարմնի դատողություններն են այն մասին, որ պայմանագրի կողմը կարող է օգտվել իր իրավունքից եւ որոշակի պահանջներ ներկայացնել: Մեր կարծիքով` քանի դեռ փաստացի առաջացած հետեւանք առկա չէ, չի կարելի դատել առաջացած հետեւանքի եւ դրա ծանրության մասին»: Նա նաեւ նշեց, թե Վահան Պողոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել. «Իրականում ընդամենը գործ ունենք փոխնախարարի լիազորությունների բովանդակության ոչ ճիշտ մեկնաբանման հետ: Նախարարի տեղակալին վերապահված համակարգման եւ վերահսկման լիազորություններն ունեն իրենց իրականացման գործիքակազմը, սահմաններն ու միջոցները: Այլ կազմակերպության եւ անձանց վարքագիծը փորձ է արված կապելու նախարարի տեղակալի միջամտության կամ անգործության հետ, որի հետ մենք համաձայն չենք:
Վահան Պողոսյանը մանրամասն ներկայացրել է քննվող գործընթացների առանձնահատկությունները, դրանց իրականացման, վերահսկման տեղական եւ միջազգային մեխանիզմները: Ավելին` քննարկվող գործընթացների վերաբերյալ հաշվետվություններն ու պայմանագրերն առկա են «Գլոբալ» հիմնադրամի կայքում:
Համոզված ենք, որ նախաքննության ընթացքում կպարզաբանվեն անհրաժեշտ դետալները:
Պաշտպանական կողմի կարծիքով` նախաքննության մարմինը, ելնելով նշված ոլորտի առանձնահատկությունից, ճիշտ չի պատկերացնում այդ ծրագրի իրականացման համար պատասխանատու անձանց գործողությունների ծավալը: Մեր կարծիքով` ամբողջ քրեական գործի մեջ նաեւ այլ անձանց վերագրվող մասերով չկան հանցագործության հատկանիշներ, իսկ եղածներն էլ լավագույն դեպքում ոչ քրեական բովանդակություն ունեցող խախտումներ կարող են լինել:
Ուշագրավ է նաեւ այն իրողությունը, որ «Գլոբալ» հիմնադրամը վիճելի ժամանակաշրջանի ծրագիրն ավարտել է եւ դրանից հետո էլ արդեն երկրորդ նոր ծրագիրն է իրականացնում: Սրանով նախաքննության մարմնի իբրեւ վնասի երեւակայական սցենարն արդեն բացառվել է:
Միաժամանակ պետք է տեղեկացնենք, որ Վահան Պողոսյանի ձերբակալումն էլ ակնհայտ ապօրինի էր եղել, քանի որ նախաքննության մարմինը 2016թ. իրադարձությունների առիթով Վահան Պողոսյանին իր տանը ձերբակալել էր առանց որոշում կայացնելու` հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիմքով:
Պաշտպանության կողմը Վերաքննիչ դատարան է բողոքարկել առաջին ատյանի որոշումը ինչպես կալանավորման, այնպես էլ ձերբակալման ապօրինության հետ կապված բողոքը մերժելու մասով»:
Քնար Մանուկյան