Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Արցախի նախագահի ընտրություններին թեժ մրցակցություն է սպասվում:
-Պարո՛ն Բաբայան, Արցախի պաշտպանության բանակում, կարծես թե, լայնամասշտաբ փոփոխություններ են կատարվում. դրա վկայությունն է նաեւ Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանի այն հայտարարությունը, որ ինքը թողնում է պաշտոնը եւ զորացրվում Զինված ուժերի շարքերից: Տեղյա՞կ եք, թե ինչու է Ս. Կարապետյանը նման որոշում կայացրել:
-Հայտարարություն տարածվել է: Հասկանո՞ւմ եք, կա սերնդափոխության խնդիր, կան տարբեր հարցեր, ու, ընդհանրապես, այն սպաները, հրամանատարները, առավել եւս` լեգենդար անձնավորությունները, եթե նույնիսկ իրենք թոշակի բերումով, տարիքի բերումով կամ այլ խնդիրներով դուրս են գալիս գործող բանակից, դա դեռ չի նշանակում, որ իրենք չեն շարունակելու հայրենիքի պաշտպանի իրենց ծառայությունը:
Այսինքն` հարկ եղած դեպքում, բնական է, որ Արցախի բանակը ժողովրդական բանակ է, ու աշխարհազոր է, անհրաժեշտության դեպքում համալրվելու է գործող բանակի շարքերը: Հետեւաբար, ահա, այս տեսանկյունից պետք է այդ ամենը դիտարկել:
-Բայց տեղեկություններ են շրջանառվում, որ Արցախի իշխանական շրջանակում խմորումներ են, առաջիկայում նման պաշտոնանկությունները շարունակվելու են: Կա՞ նման բան:
-Արցախում խմորումները միայն հացի գործարաններում են տեղի ունենում, ուրիշ որեւէ խմորում չկա Արցախում: Անհո՛գ եղեք, նման բաներ Արցախում չկան:
-Իսկ ինչպե՞ս են Արցախում վերաբերվում օրերս ՀՀ Պնախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությանը, թե «տարածքներ անվտանգության դիմաց» ձեւաչափը այսուհետ փոխարինվում է «նոր պատերազմ` նոր տարածքների դիմաց» ձեւաչափով:
-Այո, մենք համամիտ ենք, մենք դրա մասին ասում ենք տարիներ շարունակ: Ես ուզում եմ մի բան նորից շեշտել. երբ որ Ադրբեջանը խոսում է, որ գալու է Ստեփանակերտ, Շուշի եւ այլն (միշտ, կարծես թե, նման հայտարարություններ է անում), ես ասում եմ հետեւյալը. դրան երկու տարբերակ կա` մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ երկու տարբերակը լինի:
Նախ` նորմալ դիվանագիտական ճանաչումից հետո նրանք այստեղ ուղարկում են իրենց դիվանագիտական առաքելությունը կատարողին` դեսպան, չգիտեմ, այլ ինչ-որ պաշտոնյաներ, ասենք` հյուպատոսներ, կամ որպես ռազմագերիներ մասնակցեն մեր հաղթական շքերթին Վերածնունդի հրպարակում, այլ տարբերակ չկա: Հետեւաբար, սա` որպես համալրում պարոն Դավիթ Տոնոյանի ասածին:
–Բայց Ադրբեջանի ԱԳՆ-ն Դ. Տոնոյանի հայտարարությունը համարել է` սա «հերթական ակնհայտ խոստովանությունն է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առ այն, որ երկիրը վարում է թշնամական եւ նվաճողական քաղաքանություն»: Ավելին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ իր երկրի դիրքորոշման փոփոխություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի եղել, իսկ պատերազմը շարունակվում է. ավարտվել է դրա միայն մի փուլը:
-Այն քաղաքականությունը, որ վարում է Ադրբեջանը` հասարակ քաղաքացիներին ծեծելով, ջարդելով, բռնության ենթարկելով, սա երեւի ագրեսիա չի, սա պարզապես իրենց բնորոշ պահելաձեւ է, դրա համար չեն որակում դա որպես ագրեսիա: Կարծում եմ, որ պետք է մեկ-մեկ հայելու մեջ նայել իրականությունը հասկանալու համար: Բոլորին էլ այդ իրականությունը հայտնի է, միայն նրանք չեն տեսնում դա: Իսկ իրենց հայտարարությունների հետ կապված` ես արդեն առաջարկեցի մեր տարբերակները:
-Պարո՛ն Բաբայան, ըստ շրջանառվող տեղեկությունների` Արցախի իշխանական հատվածում լարվածություն կա` նախագահի առաջիկա ընտրությունների հետ կապված: Նշվում է, որ այնքան թեժ իրավիճակ է, որ այն իր գագաթնակետին է հասնելու: Ի վերջո, ինչո՞ւ է նման լարվածություն ստեղծվել:
-Լարվածություն, որպես այդպիսին, չկա, բայց կա ինչ-որ չափով ակտիվություն տարբեր քաղաքական ուժերի, որը ինչ-որ տեղ բնորոշ է ժողովրդավարական պետություններին: Ճիշտ է, կարծես, թե մի քիչ շուտ է սկսել, բայց, կարծում եմ, դա էլ է պայմանական: Կարող եմ ասել, որ լինելու է մրցակցություն, իմ կանխատեսումներով` բավականին թեժ մրցակցություն: Պաշտոնական առաջադրումները կլինեն ժամանակին, երբ արդեն ընտրությունների մեկնարկը կտրվի` օրենքով սահմանված կարգով:
Հիմա տարբեր մարդկանց անուններ են շրջանառվում, բայց, կարծում եմ, դա էլ է նորմալ: Պաշտոնական մեկնարկի ժամանակ մենք կարող ենք հստակ ասել` ինչ մասնակցություն է լինելու, ինչ իրավիճակ է: Անուններ եթե հնչում են, դեռեւս դա չի նշանակում, որ բոլոր թեկնածուներն առաջադրվում են: Ցույց կտա ժամանակը, հետեւաբար, պետք է սպասենք, մինչեւ կգա այդ ժամանակահատվածը, որի մասին էլ կխոսենք:
Հ.Գ. Հետաքրքիր է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը որոշեց հրաժարական ներկայացնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների արցախյան այցից հետո: Մի՞թե այս այցը կարող էր նման «վերջաբան» ունենալ:
Սոնա Գրիգորյան