Վերադարձ անցյալին կլինի՞. ՀՀԿ-ն շարունակում է «գաղջ» մթնոլորտում մնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն բավական երկար ժամանակ է` տարբեր աղբյուրներով տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ՀՀԿ-ն գլխավորող Սերժ Սարգսյանը առաջիկայում պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն: Ավելին` նշվում է, թե ՀՀԿ-ում այս օրերին վերադասավորումներ են կատարվում, որի մասին առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա անձամբ Սերժ Սարգսյանը:

Գրեթե մեկ տարի է, ինչ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո խոսակցություններ կան, որ սա Հանրապետական կուսակցության քաղաքական «ավարտը» չէ, քանի որ Ս. Սարգսյանը հրաժարականից հետո նպատակ ունի վերադառնալ քաղաքականություն ավելի ընդլայնված կազմով: Նշվում է նաեւ, որ Ս. Սարգսյանը այս ժամանակահատվածում անհամբեր սպասել է, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն արձանագրի իր աշխատանքային ձախողումները, որից հետո իրենք վերադառնան իշխանության:

Այդ կարծիքին չեն, սակայն, այսօրվա իշխանության ներկայացուցիչները` համարելով այդ տեղեկությունները միֆ: Ըստ նրանց` այդ միֆը ստեղծում են նախկին իշխանականները հանրության «տրամադրությունները» ստուգելու համար: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ի` քաղաքականություն վերադառնալը իրենց կողմից անհեռանկար քայլ կլինի, քանի որ, եթե անգամ այսօր հանրությունը ինչ-որ հարցերում դժգոհություն ունի իշխանություններից, դա դեռ չի նշանակում, որ ժողովուրդը ընդունելու է նախկին իշխանություններին:

«Եթե անգամ ցանկություն կա, ապա պետք է ՀՀԿ-ում ընդգրկվեն քիչ թե շատ մաքուր քաղաքական անցյալ ունեցող քաղաքական ներկայացուցիչներ: Սերժ Սարգսյանը երբեք չի կարող վերադառնալ քաղաքականություն. հանրությունը մերժել է նրան ու նրա գործունեությունը»,- հայտարարել է Հ. Աղազարյանը: Իշխանության ներկայացուցիչները վստահ են, որ վերադարձ անցալ չի լինելու, քանի որ եթե անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ պարագայում հրաժարական ներկայացնի, ապա հանրությունը երբեք չի ընդունելու նախկին իշխանությունների` օլիգարխիկ մտածողության քաղաքականությունը:

Ի դեպ, երեկ ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: Ս. Սարգսյանը կրկին աչքի է ընկել իր «գաղջ», բայց մի փոքր ագրեսիվ տրամադրությամբ: Լրագրողների հարցերին չի ցանկացել պատասխանել` արձագանքելով միայն այն դիտարկմանը, թե, որոշ տեղեկությունների համաձայն, ապրիլյան քառօրյա պատերազմը պայմանավորված պատերազմ էր: Նա ասել է. «Հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս