ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը երեկ այցելել է խորհրդարան: Նա հանդիպել է իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Բացի այդ, ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպումներ է ունեցել ԱԺ այն մշտական հանձնաժողովների նախագահների հետ, որոնք «Իմ քայլը» խմբակցության անդամ են` Անդրանիկ Քոչարյան, Ռուբեն Ռուբինյան, Բաբկեն Թունյան, Արման Եղոյան, Վարազդատ Կարապետյան:
Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ հանդիպումների այս շարքն ուշագրավ է մեկ առումով. օրեր առաջ Հայաստան էին ժամանել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավորների խումբը` Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորությամբ, ու «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հենց Կալաշնիկովը խոստովանել էր. «ՌԴ-ում, չհասկանալով, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում, սկսում են հետեւություններ անել, խոսել լավ ու վատ սպասելիքների մասին: Մենք չենք կարող չիմանալ մեր գործընկերներին, նրանց պատկերացումները եւ այդ պատճառով էլ եկել էինք»:
Այնպես որ, ՌԴ դեսպանի երեկվա հանդիպումները կարելի է համարել ռուս խորհրդարանականների այցի շարունակությունը: Սրանով կարծես դեսպանը փորձել է լրացնել վերջին ամիսների բացը` ավելի մոտիկից շփվելով իշխանության նոր ներկայացուցիչների հետ` հասկանալու նրանց տրամադրություններն ու ձեռք բերելու պայմանավորվածություններ: Այս առումով պատահական չէ, որ խորհրդարանում վերջերս ստեղծվել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, որի ղեկավարը ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն է, բայց ՌԴ դեսպանը նրա հետ չի հանդիպել. նրան հետաքրքրել են հենց իշխանության ներկայացուցիչները:

 

 

 

Ինչպես հայտնի է, երեկ տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հանդիպումը բավականին ակտիվ է անցել. պատգամավորները հարցախեղդ են արել Թորոսյանին, սակայն վերջինս շատ հպանցիկ պատասխաններ է տվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորներն այնքան էլ գոհ չեն մնացել նախարարի հետ հանդիպումից, քանի որ վերջինս ոչ մի հարցի հստակ չի պատասխանել, այլ մակերեսային եւ անգիր արած արտահայտություններ է արել՝ առանց հստակ, ծրագրային դրույթներ ներկայացնելու։ Հանդիպումը տեւել է մոտ մեկուկես ժամ: Եւ այդ ընթացքում նկատեցինք, որ պատգամավորները հաճախ էին դուրս ու ներս անում հանդիպման ժամանակ կամ, առհասարակ, դուրս էին գալիս եւ այլեւս ներս չէին վերադառնում, իսկ «ներսում հետաքրքիր չէ՞» հարցին ի պատասխան` բոլորն ասում էին, թե մի քանի րոպեով են դուրս եկել եւ հետ են գալու, սակայն շատերն այդպես էլ հետ չէին գալիս։

 

 

 

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հորեղբոր դուստրը` Աննա Սարգսյանը, որ 12 տարի շարունակ աշխատել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում որպես օտարերկրացիների ուսուցման դեկան, այդ բուհի դեմ դատական հայց է ներկայացրել: Նախկին վարչապետի քույրը պահանջում է անվավեր ճանաչել իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը եւ վերականգնել նախկին պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Աննա Սարգսյանը մասնակցել է համալսարանում դեկանի ընտրություններին եւ 56 դեմ, 7 կողմ ձայներով չի ընտրվել դեկանի պաշտոնում: Ընդ որում, այդ բուհում դեկանի ընտրություններ տեղի են ունեցել բոլոր ֆակուլտետներում: Եւ, ահա, մյուսներն ընդունել են ընտրությունների արդյունքները, իսկ նախկին վարչապետի ազգականը` ոչ` դիմելով դատարան: Փաստորեն, Հայաստանում երկու ցմահ պաշտոններ զբաղեցնող անձ կա՝ Գարեգին Երկրորդը եւ Տիգրան Սարգսյանի քույրը:

 

 

 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի եղբորորդին` Աշոտ Ղազարյանը, որի դեմ եւս քրեական գործ էր հարուցվել, համաներումով ազատ է արձակվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Ղազարյանի դեմ քրգործ է հարուցվել խարդախության եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության համար. նա ծանոթներից մեկից` Գարիկ Աղաբեկյանից, 100 հազար ԱՄՆ դոլար էր վերցրել որպես կաշառք` հորեղբոր միջոցով «ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ ղեկավար նշանակելու համար: Ի դեպ, քրգործ էր հարուցվել նաեւ Գ. Աղաբեկյանի դեմ` կաշառք տալու մեղադրանքով: Արդեն դատարանում նրանք երկուսն էլ ընդունել են մեղքը, խնդրել արագացված դատաքննություն կիրառել, որից հետո թեեւ Ղազարյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, բայց համաներմամբ ազատ է արձակվել: Հետաքրքիրն այն է, որ 100 հազար դոլար կաշառքը տրվել է հենց նախագահական նստավայրի` Բաղրամյան 26-ի մոտակայքում. այդ մասին արձանագրված է քրգործով:

 

 

 

ԱՅՑԻ ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Արտաքուստ կարող է տպավորություն ստեղծվել, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դադար է: Բայց սա` միայն առաջին հայացքից, որովհետեւ, այնուամենայնիվ, այս ուղղությամբ ակտիվ քայլեր են արվում: ԵԱՀԿ նախագահող Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը նշել է, թե ԱԺ ընտրություններից հետո Հայաստանում նոր իրավիճակ է ստեղծվել, կառավարությունը շատ ուժեղ մանդատ է ստացել, եւ դրա հետ կապված ինչ-ինչ ակնկալիքներ կան: Միաժամանակ այս թեմային անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` իր հերթին պնդելով, որ ԵԱՀԿ-ն կարող է միայն աջակցել երկխոսության պայմանների ստեղծմանը, լուծումը պետք է ընդունվի կողմերի միջեւ ուղիղ բանակցություններով: Լավրովը նաեւ նշել է, թե ՀՀ-ում նոր կառավարության ձեւավորումից հետո լրացուցիչ ժամանակի կարիք կա՝ «հասկանալու համար, թե տվյալ փուլում որքան ակտիվ ու խորն է հնարավոր զարգացնել կարգավորման գործընթացը»:
Մինչ այդ երեկ էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջանային այցով ժամանել են Երեւան, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԳ նախարար Մնացականյանի հետ: Այսօր նրանք մեկնելու են Բաքու: Փաշինյանի հետ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր, որ վարչապետը համանախագահներին ներկայացրել է Ալիեւի հետ Դավոսում ոչ պաշտոնական հանդիպման մանրամասները: «Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի համապատասխան մթնոլորտի ձեւավորման շուրջ, ուրվագծել են հետագա քայլերը: Կարեւորվել է հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածություների իրականացումը»:
Ու քանի որ այս անգամ համանախագահները չեն մեկնելու Ստեփանակերտ, Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը ասել է` երբեմն նման բացառություններ լինում են, իսկ չգալու պատճառ կարող է լինել նաեւ այցի թեմատիկան: Ըստ նրա` այս անգամ համանախագահները եկել են, որպեսզի կազմակերպեն ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների ու պատասխանատուների միջեւ հանդիպումը. «Այդ դեպքերում նրանք սովորաբար Արցախ չեն գալիս, գալիս են, որ պայմանավորվեն ղեկավարների հանդիպման տեղի, ժամի վերաբերյալ»:
Նկատենք, որ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. համանախագահների հետ վարչապետի հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվության մեջ որեւէ խոսք չկա Իլհամ Ալիեւի հետ հանդիպման մասին, այլ ընդամենը հեռավոր ակնարկներ` «հետագա քայլերն ուրվագծվելու» մասին: Մինչդեռ Արցախի նախագահի խոսնակն, ընդհակառակը, պնդում է, թե ՄԽ համանախագահների այցի նպատակը երկու երկրների ղեկավարների հետ հանդիպումը կազմակերպելն է:




Լրահոս