ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ ՎԱՂԱԺԱՄ Է ԽՈՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Իմ քայլը» խնբակցությամ քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ:

-Պարո՛ն Սիմիդյան, այս փուլում սահմանադրական փոփոխություններ իրականացնելն ինչքանո՞վ է կարեւոր։
-Ես չգիտեմ` ինչ մասով խոսեմ, որովհետեւ հիմա ինչ-որ առաջարկներ կան խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի կողմից,օրինակ` «Լուսավոր Հայաստանի» կողմից։ «Հայ Ազգային կոնգրեսն» է առաջարկով հանդես եկել սահմանադրական հանրաքվե անելու եւ նախագահականին վերադառանալու։ Այս պահին օրակարգում չկա նման հարց։ Ես կարծում եմ, որ վաղաժամ է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին խոսելու համար։ Խորհրդարանական համակարգը դեռ նոր է եւ նոր է մտել լիազորությունների ամբողջական տիրույթ։ Մինչեւ այս փուլը չհաղթահարենք, արագ հանրաքվեներով հետ վերադառնալը սխալ է։
-Ի՞նչ կասեք սուպերվարչապետության վերացման մասին։ Երբ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ չէր, կարծես ինքն էլ դեմ էր այդ համակարգին։
-Դրա մասին բազմիցս խոսվել է հեղափոխությունից հետո, դրա մասին խոսվում է հիմա։ Մենք չենք հրաժարվում այդ օրակարգից, բայց խնդիր կա այդ փոփոխությունները կազմակերպել այնպես, որ պետական համակարգը հավելյալ նեգատիվ ցնցումների մեջ չընկնի։ Այս փոփոխությունները մեր օրակարգում էլ կան, այդ մասին շատ գործիչներ խոսել են։
-«Իմ քայլը» խմբակցությունը պարբերաբար հանդիպումներ է ունենում պաշտոնյաների հետ։ Ի՞նչ արդյունքներ կան այս հանդիպումներից։
-Շատ դրական արդյունքներ կան։ Սա շատ դրական գործընթաց է, նաեւ շատ կարեւոր է խորհրդարանի դերի բարձրացման իմաստով, նաեւ վերհսկողություն իրականացնելու իմաստով։ Բայց նաեւ սա աշխատանք է, որը պետք է արվի արդյունավետ դարձնելու թե՛ գործադիրի, թե՛ օրենսդիրի աշխատանքները օրենքների մշակման իմաստով։ Մենք հասկանանք` գործադիրում ինչպես են պատկերացնում օրենսդրական փոփոխությունների համար, մենք մեր պատկերացումները ներկայացնենք։
-Ձեր ընդդիմախոսները պնդում են, որ խորհրդարանից քաղաքական խոսք չի լսվում։ Ի՞նչ կասեք այս մասին:
-Առաջին անգամ եմ լսում։ Ո՞վ է նման բան ասել։
-Օրինակ` Հանրապետական կուսակցությունը։
-Իսկ խորհրդարանի նիստերը առաջին հինգօրյա կամ այս երեք օրը ամբողջությամբ քաղաքական գործընթաց է, քաղաքական բովանդակություն է։ Չգիտեն` հանրապետականներն ինչ են ասում, բայց դե իրենց դեպքում հնարավոր է։
-Դուք բացարձակ մեծամասնություն եք խորհրդարանում։ Ընդդիմության դերը հիմա ո՞րն է։ Կարողանո՞ւմ է հակակշռել իշխանությանը։
-Դա ընդդիմությանը պետք է հարցնել։ Բայց իշխանությունը ընդդիմության բարձրացրած հարցերի հանդեպ վերաբերմունք ձեւակերպում է։ Շատ դեպքերում նաեւ նրանց ասածները հնարավորության դեպքում դառնում են փոփոխությունների առիթներ։ Խորհրդարանը նոր է սկսել աշխատել։ Շատ վաղ է դեռ ամբողջական գնահատականներ տալու առումով։ Մենք մեկուկես ամիս է` աշխատանքային գրաֆիկի մեջ ենք մտած։
-Ձեր ընդդիմադիր գործընկերներից ասում են, որ մինչեւ կառավարության ծրագիրը ԱԺ բերելը լավ կլիներ, որ Փաշինյանը հանդիպեր խմբակցություների հետ, լսեր առաջարկներ։ Համաձա՞յն եք։
-Դրա մասին ԱԺ նիստերի ժամանակ խոսվեց։ Համաձայն լինելու կամ չլինելու դաշտում չեմ դիտարկի։ Եղել է այնպես, ինչպես եղել է։ Կառավարության ծրագիրը խորհրդարանի սահմաններից դուրս քննարկվել է, քննարկվեց, եւ հիմա էլ է քննարկվում։
-Բայց մինչ ԱԺ բերելը, ըստ էության, առաջարկներ ներկայացնելու հնարավորություն չի եղել։
-Նախագիծը մինչեւ ԱԺ հասցնելը արդեն հանրային դաշտում կար։ Հնարավոր էր այդ առաջարկները այդ ժամանակ ծանոթանալով հնչեցնել։
-«Լուսավոր Հայաստանի» Ձեր գործընկերներից մեկը հույս հայտնեց, որ բոլոր նախագծերին չէ, որ «Իմ քայլի» պատգամավորները միաձայն կքվեարկեն։ Կլինի՞ նման բան։ Այսինքն` կլինե՞ն մարդիկ, որոնք, օրինակ, կընդդիմանան խմբակցության որոշմանը։
-Ես չգիտեմ` ինչ պատասխանեմ այդ կարծիքին։ Կապրենք, կտեսնենք։
-Ձեր խմբակցության ներսում ընդդիմություն կա՞։ Օրինակ` Ձեր պատգամավորներից Լուսինե Բադալյանը նշել էր, որ խմբակցության ներսում ընդդիմություն կա։ Շատ հարցերի դեպքում բուռն քննարկումներ են տեղի ունենում։
-Գիտեք, ընդդիմություն նայած ի՞նչ հարցում, ի՞նչ է քննարկվում, ի՞նչ օրինագիծ է քննարկվում։ Մի օրինագծի վերաբերյալ ես ինքս կարող եմ դրական կարծիք ունենալ, այլ օրինագծի վերաբերյալ` բացասական կարծիք ունենալ։ Հիմա որտեղ դրական է, ես խմբակցության ի՞նչն եմ` ընդդիմադի՞րը,թե՞ իշխանությունը։ Էդպես ստատիկ ինչ-որ բաներով խոսելը սխալ է։ «Լուսավոր Հայաստանից» մեր գործընկերը արդեն սխալ է ձեւակերպել։
-Ի՞նչ առումով է սխալ։
-Այսինքն` այդ ձեւակերպումը այնպես է, որ խմբակցությունում կա մի խումբ, որը բոլորի հարցերին էդպես է վերաբերվում։ Անհասկանալի է այդ պնդումը։

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ՌԵԿՏՈՐՆ ԻՆՔՆԱԿԱՄ ՉԻ ՀԵՌԱՆԱԼՈՒ

Ոստիկանությունը երեկ հայտարարել է ԵՊՀ-ում բացահայտված չարաշահումների մասին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` պարզվել է, որ համալսարանի 18 աշխատակից 2015-2018 թվականներին` տարբեր ամիսների, փաստացի չեն հաճախել աշխատանքի՝ երկար ժամանակով բացակայելով Հայաստանից: Սրա հետեւանքով փաստացի աշխատանքի չհաճախած անձանց անվամբ որպես աշխատավարձ դուրս գրված շուրջ 18 միլիոն դրամը հափշտակվել է:

Բացահայտվել է նաեւ մեծ չափերի կաշառք վերցնելու դեպք: ԿՀԴՊ ԳՎ-ում ԵՊՀ-ի հետ համագործակցած ընկերություններից մեկի փաստացի ղեկավարը հաղորդում է տվել, որ համալսարանի ղեկավար պաշտոնատար անձի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել շինարարական աշխատանքների կատարման պայմանագիր կնքելու վերաբերյալ: «Մասնավորապես, բուհի ղեկավար պաշտոնատար անձը ընկերության ղեկավարից որպես կաշառք ստացել է 10.000 դոլար ընդհանուր արժողությամբ գույք: Այլ կերպ ասած՝ ընկերության ղեկավարը մասնակի վերանորոգել է նրա բնակարանը եւ առանձնատունը, ինչպես եւ ջեռուցման համակարգ է տեղադրել: Այս ամենի դիմաց բուհի ղեկավար պաշտոնատար անձը 2015 թվականին ընկերության հետ շուրջ 400 մլն դրամի շինաշխատանքների կատարման պայմանագիր է կնքել»: Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է քննչական կոմիտե: Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Հիշեցնենք, որ դեռ թավշյա հեղափոխությունից հետո ԵՊՀ ուսանողները իրենց բողոքի ալիքը բարձրացրին` պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը։ Ուսանողները բարձրաձայնում էին նաեւ վերջին տարիներին տեղի ունեցած չարաշահումների մասին։ Սակայն այդ օրերին ռեկտորի առողջական վիճակը վատացավ եւ նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Ուսանողները դադարեցրին բողոքի ցույցերը։ Վերջին շրջանում ցույցերը կրկին ակտիվացել են։ Ուսանողները չեն ուզում սպասել քրեական գործի ավարտին, այլ ցանկանում են, որ Սիմոնյանը հիմա լքի աթոռը։
Մեր հավաստի աղբյուրների պնդմամբ` Արամ Սիմոնյանը, տեսնելով տեղի ունեցածը, ցանկություն է ունեցել հրաժարական տալ դեռ մայիս ամսին, սակայն ԵՊՀ աշխատակազմի ներքեւի օղակները նրան հորդորել են նման բան չանել։ Ըստ օդում կախված լուրերի` համոզողներից մեկն էլ եղել է ՀՀԿ խորհրդի անդամ, ուսանողների հետ տարվող կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանը։ Սա, ըստ էության, արվել է` լավ հասկանալով, որ Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո երեւան են գալու մի շարք փաստեր, որոնք ձեռնտու չեն նաեւ իրենց:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, որն էլ հերքեց մեր տեղեկությունը։ «Իմ ընտանիքի անդամներն են ուզել, որ ես է՛լ չաշխատեմ։ Չհեռանալու հորդոր չի եղել, որովհետեւ ես նման որոշում երբեք չեմ ունեցել»,- ասաց Սիմոնյանը։ Հարցրինք` հաշվի առնելով ներկայիս ստեղծված վիճակը` հիմա եւս նման մտքեր չկան, ի պատասխան` ռեկտորն ասաց. «Ո՛չ։ Նման որոշում չկա։ Ես երբեք չեմ ասել, որ ես հրաժարական եմ տալու։ Ես ինքնակամ հրաժարական չեմ տալու, որովհետեւ այդ մեղադրանքները կեղծ են եւ հնարովի»,- մեզ հետ զրույցում ասաց Սիմոնյանը։

Լ. ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

«ԴԵՄ» ՎԱՍՏԱԿԱԾ ՆԱԽԱԳԻԾԸ
ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին նախագիծը դժգոհության ալիք է բարձրացրել: Պարզվում է նաեւ, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում եւս քաղաքացիները չեն թաքցնում նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ կայքում նախագծին 665 հոգի դեմ է արտահայտվել, մինչդեռ կողմ է քվեարկել միայն 61-ը: Այս ամենի արդյունքում հետաքրքրիր է, թե Ֆինանսների նախարարությունը նախագիծը այս տեսքով է կառավարություն բերելու, թե, այնուամենայնիվ, անսալու է քաղաքացիների բարձրաձայնած դժգոհությունները, տեսակետները եւ փոփոխությունների ենթարելու:

 

 

ՆԱԽՈՐԴԻՑ ՇԱՏ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում պատրաստվում է գումար հատկացնել մի շարք կուսակցությունների: Դրամական աջակցությունից կօգտվեն ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում 3 եւ ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններն ու դաշինքները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցություններին 2019 թվականի պետական բյուջեից տրվող աջակցությունը կկազմի 103 մլն 725 հազար 600 դրամ: Նշենք, որ խորհրդարան չանցած ուժերից միայն նախկին իշխող կուսակցությանը` ՀՀԿ-ին, կհատկացվի 5 մլն 208 հազար 500 դրամ, ՀՅԴ-ին` 4 մլն 303 հազար 400 դրամ: Ինչ վերաբերում է խորհրդարանական ուժերին, ապա «Իմ Քայլը» դաշինքի անդամ ՔՊ-ն ու «Առաքելությունը» միասին կստանան 78 մլն 6 հազար դրամ, ԲՀԿ-ն` 9 մլն 150 հազար դրամ, ԼՀԿ-ն` 7 մլն 56 հազար դրամ: Մինչդեռ նկատենք, որ 2017 թվականին կառավարությունը կուսակցություններին ավելի քիչ գումար էր հատկացրել. այն ժամանակ իշխող ՀՀԿ-ին, որ ԱԺ-ում ուներ մեծամասնություն, տրվել էր 30 մլն դրամ, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին` 17 մլն դրամ, «Ելք»-ին` 4 մլն դրամ, ՀՅԴ-ին` 4 մլն դրամ: Ի դեպ, 2017-ին աջակցություն է ստացել նաեւ խորհրդարան չանցած «Հայկական Վերածնունդը»-ը 2 մլն դրամի չափով:

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼ
Ֆուտբոլ խաղացողների թիմն ընդլայնվում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ֆուտբոլային հանդիպումների կազմակերպիչ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հետ պայմանավորվածություն է առկա, որ պարբերաբար ֆուտբոլ են խաղալու նաեւ պատգամավորներն ու խորհրդարանում հավատարմագրված լրագրողներն ու օպերատորները: ԶԼՄ շրջանակից խաղի կազմակերպիչը մեզ հետ զրույցում նշեց, թե Մխիթար Հայրապետյանը պատրաստակամություն է հայտնել կազմակերպել նման խաղ:




Լրահոս