«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ ԱԱԾ գեներալ Վաչագան Ղազարյանի եղբորորդին` Աշոտ Ղազարյանը, հայտնվել է իրավապահների տեսադաշտում. նրա դեմ քրեական գործ էր հարուցվել:
Պարզել էինք, որ Գարիկ Աղաբեկյանն ունեցել է բարձրագույն բժշկական կրթություն եւ մտադրություն է ունեցել ստանձնել ՀՀ արդարադատության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի պաշտոնը:
Ըստ իրավապահների բացահայտման` Գարիկ Աղաբեկյանը, տեղյակ լինելով, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանի եղբոր որդին` Աշոտ Ղազարյանը, հանդիսանում է իր ընկերոջ որդու` Վահրամ Ասլանյանի ընկերը, որոշել է պաշտոնի նշանակվել: Ասել է թե` Գարիկ Աղաբեկյանը իր ցանկալի պաշտոնը ստանձնելու համար պետք է կաշառք տար Ղազարյանի եղբորորդուն: Որպեսզի Աղաբեկյանը կարողանա համապատասխան գումարը հայթայթել, 2016թ. փետրվարի 29-ին գրավադրել է իրեն պատկանող բնակարանը եւ ստացել է 103 հազար ԱՄՆ դոլար վարկ եւ նույն օրը` ժամը 14:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Բաղրամյան 26 հասցեի մոտակայքում Արթուր Սարոյանին է տվել առանձնապես խոշոր չափերով` 49.134.000 դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլար գումար, որպեսզի նա գումարը փոխանցի Աշոտ Ղազարյանին, սակայն Գարիկ Աղաբեկյանին խաբել են եւ այդպես էլ պաշտոնի չեն նշանակել:
Նախաքննական մարմինը Աշոտ Ղազարյանին մեղադրանք է առաջադրել խարդախության եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության համար: Մեղադրյալի աթոռին է հայտնվել նաեւ «տուժողը»՝ Գարիկ Աղաբեկյանը. նրան էլ մեղադրանք է առաջադրվել կաշառք տալու համար:
Սակայն քրեական գործով ուշագրավ հանգամանքներ են ի հայտ եկել, մասնավորապես` տրվել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ ԱԱԾ գեներալ Վաչագան Ղազարյանի անունը, որ նրան եւս գումար պետք է տար: Այսպիսով, ըստ դատարանի տվյալների` Գարիկ Աղաբեկյանը, ունենալով բարձրագույն բժշկական կրթություն, մտադրություն է ունեցել կաշառք տալու միջոցով ստանձնել «ՀՀ առողջապահության նախարարության դատաժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի պաշտոնը: Այդ կապակցությամբ, տեղյակ լինելով, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանի եղբորորդին` Աշոտ Ղազարյանը, հանդիսանում է իր ընկերոջ որդու` Վահրամ Ասլանյանի ընկերը, խնդրել է վերջինիս հանդիպում կազմակերպել նրա հետ:
Հանդիպումը կայացել է, եւ հանդիպման ընթացքում Աշոտ Ղազարյանի եւ Գարիկ Աղաբեկյանի միջեւ կայացած զրույցի ժամանակ վերջինս հայտնել է իր մտադրության մասին, մասնավորապես` կաշառք տալու միջոցով «ՀՀ առողջապահության նախարարության դատական բժշկության գիտագործնական կենտրոնի» ղեկավարի պաշտոնը ստանձնելու ցանկության վերաբերյալ:
Եվ, ահա, Աշոտ Ղազարյանը պատրաստակամություն է հայտնել կաշառք տալու միջոցով լուծել հարցը: Ավելին` Աշոտ Ղազարյանը հայտնել է, որ «ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության ղեկավարի պաշտոնի նշանակման համար անհրաժեշտ է հորեղբորը` Վաչագան Ղազարյանին, տալ 150 հազար ԱՄՆ դոլար գումար կաշառք, որից 100 հազար ԱՄՆ դոլարը` մինչեւ պաշտոնի նշանակումը, իսկ մնացած գումարը` պաշտոնի նշանակվելուց հետո:
Աշոտ Ղազարյանը ծրագրավորված խարդախությունն ավարտին հասցնելու նպատակով, տեղյակ լինելով, որ հորեղբոր օգնականն է հանդիսանում Աշոտ Ստեփանյան տվյալներով անձնավորությունը, Գարիկ Աղաբեկյանի վստահությունն ամրապնդելու համար նշել է, որ այդ հարցի հետագա կարգավորումներով կզբաղվի նշված անձնավորությունը:
Այնուհետեւ` 2016 թվականի փետրվարի 29-ին, «Գլաձոր» ունիվերսալ վարկային կազմակերպությունում գրավադրել է իրեն պատկանող Երեւան քաղաքի Արամի փողոցի 72-րդ շենքի 4-րդ բնակարանը եւ ստացել է 103 հազար 000 ԱՄՆ դոլար վարկ:
Ըստ մեղադրական եզրակացության` Աշոտ Ղազարյանը գումար հափշտակելու նպատակով համաձայնություն է ձեռք բերել հանցակցի` Արթուր Սարոյանի հետ, ով, ըստ նախապես կատարված դերաբաշխման, Գարիկ Աղաբեկյանի հետ հանդիպման ընթացքում պետք է ներկայանար Վաչագան Ղազարյանի օգնական Արթուր Ստեփանյանի տվյալներով եւ նրանից ստանար կաշառքի գումարը Վաչագան Ղազարյանին փոխանցելու նպատակով:
Արդյունքում, 2016 թվականի փետրվարի 29-ին` ժամը 14:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Բաղրամյան 26 հասցեում տեղակայված ՀՀ Նախագահի նախկին նստավայրի մոտակայքում Գարիկ Աղաբեկյանը հանդիպել է Աշոտ Ղազարյանի հանցակցի՝ Արթուր Սարոյանի հետ, որն, ըստ ձեռք բերված հանցավոր համաձայնության, ներկայացել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանի օգնական Արթուր Ստեփանյանի տվյալներով:
Հանդիպման ժամանակ Գարիկ Աղաբեկյանը Արթուր Սարոյանին է տվել առանձնապես խոշոր չափերով` 49.1 մլն դրամին համարժեք 100 հազար ԱՄՆ դոլար գումար վերը նշված պաշտոնատար անձին որպես կաշառք փոխանցելու նպատակով:
Աշոտ Ղազարյանն ու Արթուր Սարոյանը, տիրանալով գումարին, ավելի ուշ անձի խնդրանքը չեն կատարել եւ գումարը հափշտակել են:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալներ Աշոտ Ղազարյանը, Արթուր Սարոյանը եւ Գարիկ Աղաբեկյանը, նրանց պաշտպաններ Արմեն Անդրիկյանը, Արայիկ Ալվանդյանը, Արա Դավթյանը միջնորդեցին դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Ամբաստանյալները հայտարարեցին, որ միջնորդությունները ներկայացրել են կամավոր, խորհրդակցել են իրենց պաշտպանների հետ, գիտակցում են արագացված կարգով դատաքննությունն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է, համաձայն են մեղադրանքի հետ եւ իրենց մեղավոր են ճանաչում ու զղջում կատարածի համար:
Ավելին, վերջիններս դեպքը բացահայտվելուց հետո հետ են վերադարձրել Գարիկ Աղաբեկյանի փողերը:
Այսպիսով, փետրվարի 1-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը կայացրել է վճիռ. Աշոտ Ղազարյանին մեղավոր է ճանաչել եւ պատիժ նշանակել ազատազրկում` 3 տարի 11 ամիս ժամկետով:
Սակայն հաշվի առնելով ՀՀ ԱԺ-ի կողմից 2018 թվականին ընդունված համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Աշոտ Ղազարյանին ազատել են պատժից:
Իսկ, ահա, նրա ընկեր Արթուր Սարոյանին մեղավոր են ճանաչել եւ վերջնական պատիժ նշանակել ազատազարկում` 3 տարի 9 ամիս ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան` 3 տարի ժամկետով, ու նրա նկատմամբ վարքագծի վերահսկողությունը դրել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա:
Ասել է թե` Աշոտ Ղազարյանը ազատվեց պատժից, իսկ, ահա, նրա ընկերը դեռ երեք տարի պետք է մնա հսկողության տակ:
Իսկ ի՞նչ ճակատագրի արժանացավ կաշառք տվողը. հաշվի առնելով 2018 թվականի համաներման ակտը` նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻՑ ՀՈՒՇԱՄԵԴԱԼ ՏԱՆՈՂԸ ՀԱՅՏՆԻ Է
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Բաղրամյան 26-ից հափշտակված հուշամեդալների գործը կկարճվի:
Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունվարի 30-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ անհայտ անձը Երեւան քաղաքի Բաղրամյան 26 հասցեում տեղակայված վարչական շենքի հարկաբաժիններից մեկի միջանցքում տեղադրված, պահեստարան համարվող փայտյա ցուցափեղկի փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել եւ գաղտնի հափշտակել առկա հուշամեդալներից թվով չորսը` պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Գողությունը`ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը` պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով):
Նախաքննության ընթացքում տասնյակից ավել մարդիկ են հարցաքննվել, ընդ որում` հարցաքննվել են նախագահի նստավայրի աշխատակիցները: Եվ, ահա, դրանց արդյունքում պարզվել է, թե ով է հուշամեդալը վերցրել եւ ինչ նպատակով: Այսպիսով, Բաղրամյան 26-ի մաքրուհիներից մեկը խոստովանել է, որ ինքն է վերցրել հուշամեդալները: Քննիչը հարց է ուղղել, թե ինչու է վերցրել դրանք, ինչ նպատակ է հետապնդել այդ քայլով, ի պատասխան` կինը նրան ասել է, որ տարել էր երեխաներին ցույց տար եւ հետ վերադարձներ:
Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ամենը բացահայտելուց հետո իրավապահ համակարգում քննարկել են քրեական գործը կարճելու նպատակահարմարությունը` հաշվի առնելով կնոջ վիճակը. իր աշխատանքով անչափահաս երեխաների օրվա հացն է հոգում, նաեւ այն հանգամանքը, որ նա հուշամեդալները հետ է վերադարձրել:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ Է
Դատախազությունը Վճռաբեկ դատարանում կբողոքարկի «Մարտի 1»-ի գործով անցնող Արմեն Գեւորգյանին չկալանավորելու` Վերաքննիչ ատյանի որոշումը: Հունվարի 29-ին Վերաքննիչ դատարանը մերժել էր Գեւորգյանին կալանավորելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի որոշումը, որով Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը ազատ էր արձակվել ստորագրության դիմաց:
ՎԵՐԱՑՐԵԼ ԵՆ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի որոշմամբ` «Ֆլեշի Բարսեղ» մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանի եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացվել են: Armtimes.com-ի փոխանցմամբ` Հարությունյանն այսպիսով բավարարել է պաշտպանական կողմի երեկ ներկայացված միջնորդությունը: Նշենք, որ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված անձնական երաշխավորությունը, իսկ Հովսեփյանի նկատմամբ՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Նրանք մեղադրվում են բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար: