ԿՏՐՈՒԿ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ` ԴԵՌ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իսկապես մտահոգիչ էին: «Անկախ նրանից, թե պետական պաշտոնյաների, պետական կառավարման համակարգում ընդգրկված աշխատողների որ մասն է ընդգրկված եղել հեղափոխական գործընթացների մեջ, որ մասն է կողմնակից եղել, որ մասն է հակառակորդ եղել` այսօր ՀՀ կառավարության, պետական կառավարման բոլոր մարմինների խնդիրն է գործել հեղափոխության բերած արժեքների տրամաբանության, ՀՀ օրենքների եւ Սահմանադրության շրջանակներում:… Բոլորն ունեին շանս նոր արժեքներին եւ համակարգին ինտեգրվելու եւ այդ արժեքները որդեգրելու, բայց նախահեղափոխական արժեքները, հարաբերությունները շանս չունեն վերակենդանանալու: Համենայն դեպս, ես՝ որպես ՀՀ վարչապետ, դա համարում եմ իմ անձնական պարտավորությունը, եւ այդ արժեքների վերակենդանացման ցանկացած փորձ կկասեցվի ամենախիստ ձեւով՝ լինի դա ասֆալտի վրա պառկացնելով, թե՛ լինի դա պատերին տալով, թե՛ լինի դա որեւէ այլ, իհարկե, օրինական միջոցներով»,- ասել է Փաշինյանը:
Հասկանալի է` եթե Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս նման նախազգուշացումներով կառավարության նիստին, նշանակում է` կան նախադրյալներ: Եթե հիշում եք, Փաշինյանը նախկինում հենց ԱԺ ամբիոնից խոսել էր մինչեւ հեղափոխությունը ամենասկզբունքային ու ամենամաքուր հանդես եկած, բայց հեղափոխությունից հետո «քանդուքարափ» եղած պաշտոնյաների մասին, նաեւ ֆեյսբուքյան ակտիվիստից պետական պաշտոնյա դարձած, սակայն ակտիվիստի գործելաոճը չթողած պաշտոնյաների մասին: Չնայած այս նախազգուշացումներին` հասցեատերերը հետեւություններ կարծես չեն արել: ԵՒ այս իրավիճակում հետաքրքիր է՝ ինչու է հապաղում վարչապետ Փաշինյանն ու չի դիմում կտրուկ մեթոդների. չէ՞ որ թավշյա հեղափոխությունից հետո սահմանված «ադապտացիոն շրջանը» վաղուց պետք է ավարտված լիներ:

 

 

 

Կառավարության կառուցվածքի շուրջ քննարկումները եւ դրանից բխող աշխատատեղերի կրճատման հարցը շարունակում են մնալ օրակարգում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այժմ իշխանությունները հնարավոր սցենարներ են մշակում, թե ինչպես կարող են օպտիմալացումներ կատարել, որպեսզի հնարավորինս ցավոտ չլինի պետական համակարգի աշխատակիցների համար: Եւ, ահա, մեր տեղեկություններով` այս պահին որոշված սցենարի համաձայն` խոսքը 100 աշխատողի մասին է, որոնք օպտիմալացումից հետո կմնան առանց աշխատանք: Միեւնույն ժամանակ, որոշում է կայացվել, որ սկզբնական շրջանում սպասարկման ոլորտի աշխատողները չեն կրճատվելու, այլ պարզապես միացվող նախարարությունների պարագայում այդ բաժինները եւս միանալու են, եւ թվաքանակն էլ կգումարվի: Սակայն կառավարությունը նպատակ ունի գործի դնել աշխատակիցների գնահատման մեխանիզմ, եւ մի որոշ ժամանակ հետո իրենց չարդարացրածները կհեռանան համակարգից:

 

 

 

Թավշյա հեղափոխությունից հետո աղմկահարույց քրեական գործերի հարուցմանը զուգահեռ ավելացել են նախաքննական մարմնի կողմից դատարան ներկայացված միջնորդությունները: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` դատական դեպարտամենտից տեղեկացրին, որ 2018թ. ապրիլի 23-ից մինչեւ 2019թ. փետրվարի 18-ը միայն հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցությունների լսման եւ ձայնագրառման վերաբերյալ ստացվել է 188 միջնորդություն, որոնցից բավարարվել է 174-ը, մասնակի բավարարվել 3-ը, իսկ 11-ը` մերժվել: Բայց ավելի լուրջ թիվ է կազմում խուզարկություն կատարելու միջնորդությունները՝ 5 հազար 201 հատ: Դատական դեպարտամենտից տեղեկացրել են, որ նշված միջնորդություններից բավարարվել են 4 հազար 832-ը, բավարարվել մասնակի` 70-ը, մերժվել` 286-ը, թողնվել է առանց քննության` 13-ը:

 

 

 

ԱԺ նախկին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օֆշորային սկանդալի մեջ հայտնված Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ընկերությունը հայտնվել է սնանկացման եզրին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Քեթրին Գրուպ» ընկերությանը հարկադրաբար սնանկ ճանաչելու պահանջով ՀՀ սնանկության դատարան է դիմել «Ալիանս Լոջիսթիք» ընկերությունը: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ «Ալիանս Լոջիսթիք»-ը «Քեթրին Գրուպ»-ից պահանջում է 25 մլն դրամ գումար: Նշենք, որ «Ալիանս Լոջիսթիք»-ը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումներով: Ենթադրվում է, որ «Քեթրին գրուպ»-ը «Ալիանս Լոջիսթիք»-ի միջոցով բեռներ է փոխադրել Հայաստան, սակայն չի վճարել այդ ծառայության դիմաց եւ պարտքեր կուտակել: Այս գործով դատավորն է Արսեն Բաբայանը:

 

 

 

ԱՆՑՅԱԼԻ ԿԱՐՈՏԱ՞ԽՏ
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կրկին խոսել է օրհներգը փոխելու անհրաժեշտության մասին: Եթե թվում էր, որ շաբաթներ առաջ օրհներգի փոփոխության գաղափարը հրապարակ նետելով` նա ընդամենը զվարճանում է` փորձելով հասարակության ուշադրությունը մի փոքր էլ իր վրա սեւեռել, ապա վերջին երկու օրերին Սիմոնյանի խոսքերից հակառակ տպավորություն է. նա կարծես լուրջ է տրամադրված: Սա այն դեպքում, երբ իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շտապել էր հայտարարել, թե իշխանության օրակարգում օրհներգը փոխելու հարց չկա: Սիմոնյանն ինքն էլ երեկ ասել է, թե օրհներգը փոխելու որեւէ պաշտոնական նախաձեռնություն չկա ու չի նախատեսվում, այլ սա մի խումբ մտավորականների, նաեւ իր նախաձեռնությունն է: «Փորձում ենք Արամ Խաչատրյանի աստվածային երաժշտության համար տեքստ գտնել»,- ասել է նա:
Օրհներգի փոփոխության հարցի շուրջ կարծիքները տարբեր են. հասարակության մի մասը կողմ է դրան, մի մասը՝ կտրուկ դեմ: ՈՒ պետք է նկատենք, որ օրհներգի փոփոխությանը դեմ արտահայտվողները ոչ թե պատահական մարդիկ են` պահի թելադրանքից ելնելով (ինչպես փոփոխության կողմնակիցների դեպքում է), այլ հստակ քաղաքական դիրքորոշում ունեցող ուժեր, մասնավորապես` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, էլի մի քանիսը: Սա, թերեւս, պատահական չէ. այս երկու ուժերը կանգնած են եղել հայոց պետականության ակունքներում` ՀՅԴ-ն՝ ՀՀ առաջին հանրապետության, ՀԱԿ-ը՝ նախկին ՀՀՇ-ն, երրորդ հանրապետության ստեղծման ակունքներում էր: Եւ իրենք լավ պատկերացնում են, որ օրհներգը ոչ թե գեղարվեստական ստեղծագործություն է, բարձրաճաշակ որեւէ գործ՝ այս կամ այն գործչի ճաշակով ընտրված, այլ որոշակի ավանդույթներ ունեցող սիմվոլ: Ու պատահական չէ, որ ժամանակին ՀՀՇ-ն, չնայած ՀՅԴ-ի հետ գաղափարական հակասություններին, այնուամենայնիվ, որոշեց որպես ՀՀ օրհներգ ընտրել առաջին հանրապետության հիմնը, որովհետեւ այդպես է պահանջում պետականաշինության չգրված օրենքը:
Բայց այսօր Սիմոնյանի նախաձեռնությունն անհասկանալի է մեկ այլ առումով. երբ Ռ. Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ՝ 2006թ.-ին, խոսվեց հիմնի փոփոխության մասին ու նշվեց, որ կարելի է վերականգնել Խորհրդային Հայաստանի հիմնը` պարզապես փոփոխված բառերով, ինչ-որ տեղ հասկանալի էր. ԽՍՀՄ տարիներին կուսակցական պաշտոններ զբաղեցրած անձանց ու պալատական մտավորականներին խեղդում է անցյալի կարոտախտը: Բայց այսօր Խորհրդային Հայաստանի սիմվոլիկայի (թեկուզ եւ փոփոխված տեսքով) վերականգնման մասին խոսում է անկախության երիտասարդ սերնդի ներկայացուցիչը, որ թվում է` միանգամայն այլ տեսակետ պետք է ունենար, ու հասկանար, որ ԽՍՀՄ սիմվոլիկան դեռ երկար պետք է մերժվի հայտնի պատճառներով:




Լրահոս