ՀԱՐՄԱՐՎԵԼՈՒ ԱՌՈՒՄՈՎ ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ։

-Պարո՛ն Թորոսյան, որպես արդեն փորձառու պատգամավոր` ի՞նչ դիտարկումներ ունեք` կապված նոր ԱԺ-ի հետ։
-ԱԺ-ն նոր է սկսել աշխատանքները, եւ, փաստորեն, մենք օրենսդրական օրակարգ չենք ունեցել, մենք առայժմ սպառել ենք միայն օրենքով սահմանված կարգով նախատեսված առաջին նիստի օրակարգը։ Մենք արդեն մարտի 5-ից կսկսենք հերթական նիստերը, եւ արդեն բուն օրենսդրական գործունեությունը ավելի տեսանելի կլինի, եւ ավելի հեշտ կլինի գնահատականներ հնչեցնել։ Առաջին նստաշրջանը արդեն տեղի է ունեցել, շատ ակտիվ քննարկումներ եղան, աննախադեպ ակտիվություն եղավ բոլոր խմբակցութունների կողմից, որը շատ գովելի եւ ողջունելի է։ Դեռ չկա որեւէ աշխատանք, որտեղ ես նկատած լինեմ որեւէ թերություն եւ բացթողում։
-Դուք եղել եք Հանրապետական խմբակցության պատգամավոր. այս առումով հիմա ինչպե՞ս եք հարմարվել նոր իշխանությունների հետ։
-Ես հարմարվելու որեւէ խնդիր չունեմ: Ես պատգամավոր եմ եղել երեք գումարման Ազգային ժողովներում։ Որեւէ խնդիր չունեմ հարմարվելու առումով, որովհետեւ ես բավական ինքնուրույն եմ եւ ես հստակ աշխատանքներ եմ կատարում, պատկերացնում եմ իմ աշխատանքը, գիտեմ իմ անելիքը եւ ես հստակ ծառայություններ եմ մատուցում իմ պետությանը, իմ ժողովրդին իմ ուժերի ներածին չափով։ Հարմարվելու խնդիր չեմ ունեցել, նորմալ խմբակցություն է, նորմալ, ակտիվ մարդիկ են, կրեատիվ երիտասարդներ են: Հուսանք, որ իրենց այդ երիտասարդական ավյունը ամբողջովին կնվիրաբերեն մեր պետության զարգացման գործին։
-Վերջին շրջանում շատ է խոսվում սահամանադրական փոփոխություններ իրականացնելու մասին, մասնավորապես` սուպերվարչապետութան վերացման։ Այս մասին հատկապես ընդդիմությունն է խոսում։ Ըստ Ձեզ` այս շրջանում որքանո՞վ է կարեւոր փոփոխություններ իրականացնել։
-Այդ տեսանկյունից ես բավականաչափ պահպանողական եմ, դեմ եմ օրումեջ սահմանադրության փոփոխությանը։ Անգամ եթե հրաշագործության հնարավորությամբ հոդվածներ մտցնես, սահմանադրությունը սովորական օրենք չէ, որ, ըստ քաղաքական տրամադրության, ամեն օր փոխես։ Փորձը ցույց է տալիս, որ մենք սահմանադրությանը անդրադառնում ենք առնվազն 10 տարին մեկ։ Ճիշտ է, հիմա ինչ-որ նորմեր, որոնք որ կարող է խորհրդարանը փոխել սահմանադրական դրույթների, որովհետեւ նոր սահմանադրությունը տալիս է հնարավորություններ որոշ դրույթների փոփոխման իրավունքի մասով, բայց առավել կարեւոր դրույթների փոփոխման իրավունք տալիս է հանրաքվեն՝ համաժողովրդական քվեարկությունը։ Ես կարծում եմ, որ ճիշտ չէ սահմանադրության գլոբալ փոփոխությունների գնալ, որովհետեւ մենք նոր ենք անցել խորհրդարանական կառավարման համակարգի, դեռ այս կառավարման համակարգի արդյունավետությունը մենք ամբողջովին չենք տեսել, դեռ չենք զգացել, եւ մենք ակնկալիք ունենք, որ այս կառավարման համակարգը միգուցե բավականաչափ արդյունավետ լինի մեր ազգային, պետական խնդիրների լուծման տեսանկյունից։
-«Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է։ Սա հաշվի առնելով՝ ինչպիսի՞ն է հիմա ընդդիմության դերը, եւ արդյոք իշխանությունը հիմա բա՞ց է ընդդիմության առաջարկների համար։ Օրինակ` Ձեր ընդդիմադիր գործընկերներից մեկը նշեց, որ ընդդիմությունը հալածանքների է ենթարկվում։
-Սահմանադրությունը երաշխավորում է ընդդիմության առնվազն 30 տոկոսի առկայություն խորհրդարանում, եւ չնայած այն հանգամանքին, որ անցած ընտրություններում ընդդիմությունը չի ունեցել 30 տոկոս` սահմանադրությունը դիտարկել էր, եւ այսօր ընդդիմությունն ունի այդքան ներկայություն՝ անկախ նրանից, թե ինչքան ձայն է հավաքել։ 30 տոկոսը բավականին լուրջ թիվ է ե՛ւ ձայնը բարձրացնելու, ե՛ւ հասարակության լայն շերտերին հասու լինելու։ Իսկ ինչ վերաբերում է, թե ինչպիսին է ընդդիմության վիճակը, ես կարող եմ ասել, որ ընդդիմությունը որեւէ խնդիր մեր երկրում չունի, եւ նրա ձայնը բոլոր խողովակներով, բոլոր հնարավորություններով, բոլոր տարբերակներով լսելի է։
-ՀՀԿ-ական Ձեր արդեն նախկին գործընկերների հետ ինչպիսի՞ հարաբերությունների մեջ եք։ Արդյոք Ձեր շփումները շարունակվո՞ւմ են։
-Իհարկե շարունակվում են։ Ինձ համար մարդկային հարաբերությունները երբեք չեն ստորադասվում քաղաքական ամբիցիաներին։ Ես ընդհանրապես, Հանրապետական խմբակցության մեջ լինելով էլ, եղել եմ ինքնուրույն եւ երբեւէ չեմ ասոցացվել որպես հանրապետական, բայց ունեցել եմ հրաշալի ընկերներ, որոնց հետ շարունակում եմ իմ շփումները, եւ այդ հարաբերությունները քաղաքական հարթությունից դուրս են։
-Վերջին շրջանում ՀՀԿ-ից ակտիվ են միայն Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Աշոտյանը։ Ըստ Ձեզ` ինչի՞ հետ է դա կապված։
-Ես ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանել ՀՀԿ-ի վարքագիծը. դա իրենց որոշումն է։ ՀՀԿ-ն ունի քաղաքական ղեկավարություն, իրենց որոշումն է։ Մենք էլ պիտի ընկալենք եւ ընդունենք կյանքն այնպես, ինչպես կա։

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

 

ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԻ 1-Ը ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԻՇԱՏԱԿԵԼԸ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե մարտի 1-ի օրը որոշել են նշանավորել քաղաքացիական հզոր երթով Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան։

«Այս երթն ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների եւ նշանավորելու է այն հանգրվանը, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու հաղթանակը եւ քաղաքացու իշխանությունն այլեւս անշրջելի է, որ ՀՀ-ում չեն լինելու այլեւս ընտրակեղծիքներ, որ ՀՀ-ում մենք հստակ դեմ ենք կանգնում բռնությանն ու, ընդհանրապես, քաղաքական բռնություններին, կոռուպցիային, ապօրինություններին, քաղաքական հետապնդումներին, եւ այդ օրը մենք մեր հարգանքի տուրքը կմատուցենք 2008 թվականի մարտի 1-ի տասը զոհերին եւ, ընդհանրապես, քաղաքական բռնության բոլոր զոհերին», – ասել է Փաշինյանը:
Այս կապակցությամբ առանձին հայտարարություն է տարածել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ ողջունելով վարչապետի նախաձեռնությունն ու կոչ անելով ամենաակտիվ կերպով մասնակցել այդ երթին:
«Կոնգրեսն այն դիտում է որպես արդարության վերականգնման ուղղությամբ համապարփակ գործընթացի ազդարարումը պետական մակարդակով: Մենք վստահ ենք, որ այս նախաձեռնությամբ իշխանությունը սկսում է նոր քննություն կատարել բոլոր գործերով, որոնցով ոտնահարվել են մարդու իրավունքները, պատասխանատվության կանչել մարտի 1-ի ոճրագործության բոլոր կազմակերպիչներին եւ կատարողներին»,- ասված է ՀԱԿ հայտարարության մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ երեկ զրուցել է մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հետ:
-Պարո՛ն Քլոյան, վարչապետ Փաշինյանը կոչ արեց մարտի 1-ի երթին մասնակցելու։ Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը սրան։ Մասնակցելո՞ւ եք։
-Իհարկե, մասնակցելու ենք, բոլորս անպայման մասնակցելու ենք։ Այսօր մենք հայտարարությամբ ենք հանդես գալու, որ մենք ողջունում ենք Հայաստանի նոր իշխանության որոշումը պետական մակարդակով երթ կազմակերպելու զոհերի հիշատակի համար։ Ողջունելի է նաեւ այն, որ շրջանառվում է մարտի մեկի զոհերի հարազատներին փոխհատուցում տալու մասին այդ նախագիծը։ Շատ լավ վերաբերմունք ունենք այդ մասով։
-ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի առաջարկով` Երեւանում կտեղադրվի Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Տեղի մասով, կարծես թե, դեռ հստակ որոշում չկա։ Ձեզ համար կա՞ նախընտրելի տեղ։
-Այո։ Այդ նախագիծն արդեն ճարտարապետի մոտ է, ինքը մրցույթ է կազմակերպելու, հետո ավագանու նիստ, որտեղ էլ վերջնական կորոշվի, նոր կսկսեն աշխատանքները։ Մենք նախընտրելի տեղ ունենք, եւ դա քաղաքապետարանի տարածքն է՝ Մյասնիկյանի արձանի հակառակ մայթին՝ ժամացույցի կողքին։ Դա մեր ցանկությունն է, որոհետեւ ուրիշ հարմար տեղ էլ չկա. ցույցերը, սպանությունները տեղի են ունեցել այդ հատվածներում։

Լ. ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

ԱՐՇԱԿՅԱՆՆ ԷԼ
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ կառավարության անդամների միջեւ հանդիպումները շարունակվում են: Այսօր էլ խորհրդարան է գալու ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: Սակայն հետաքրքիրն այն է, որ եթե նախորդների դեպքում պատգամավորներն էին կանչում նախարարներին, ապա այս դեպքում նախարարն ինքն է առաջարկել գալ եւ պատգամավորների «բաժին դառնալ»: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը Արշակյանից հետաքրքրվեց, թե ինչու է որոշել ինքնակամ գնալ պատգամավորների հետ հանդիպման: «Քննարկելու ենք կառավարության կառուցվածքը, գործառույթները, կիսվեմ տեսլականով իմ գործընկերների հետ: Սա իմ նախաձեռնությունն է, ասելիք ունեմ, եւ հաշվի առնենք, որ նախարարությունը ընդլայնվում է»,- նշեց նա: Դիտարկմանը` փաստորեն միայն իշխող խմբակցության հետ հանդիպելու կարիք ունեք եւ ոչ ընդդիմադիրների, Արշակյանը նշեց. «Նորմալ ընթացակարգեր կան, որի ժամանակ մեր ընդդիմադիր գործընկերների հետ կփոխանակենք մտքեր եւ իրենք կարծիքները հաշվի կառնենք նույնպես: Իսկ այս փուլում մեր թիմակիցների հետ ենք քննարկում նորաստեղծ նախարարության կառուցվածքը, տեսլականը: Այս փուլում այսպես է»:

 

 

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ՝ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Վարդենիսի ոստիկանության բաժնի աշխատակիցները ներխուժել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որտեղից ի պատասխան` հայտնեցին` ոստիկանները չեն ներխուժել, այլ ժամը 20:15-ին ահազանգ է ստացվել ոստիկանության Վարդենիսի բաժին, ահազանգողը ներկայացել է որպես հիվանդանոցի աշխատակից եւ հայտնել է, որ հիվանդանոցում ստորագրահավաք են իրականացնում նախկին տնօրենին հետ վերադարձնելու համար, եւ խնդրում են կանխել: Ահազանգից հետո ոստիկանները գնացել են եւ պարզել են, որ հիվանդանոցում ստորագրահավաք իրականացվում է, բայց հարկադրանքի որեւէ դրսեւորման դեպք չի արձանագրվել, այլ աշխատակիցները իրենց ցանկությամբ են այդ ստորագրահավաքը իրականացնում:

 

 

ՀԱՍԱՎ ԱՐՄԱՎԻՐ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Դավիթ Սանասարյանի ղեկավարած Վերահսկողական ծառայությունը այժմ ուսումնասիրություններ է կատարում Արմավիրի մարզում: Հիմնական թիրախը ջրօգտագործման համակարգն է, քանի որ վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ բացահայտումներ են եղել, թե ինչպես է այդ համակարգը գործում: Եվ, ահա, արդեն որոշ ժամանակ է՝ այդ կառույցն ուսումնասիրություններ է անում: Նրանք փորձում են վեր հանել բոլոր խնդիրները եւ այն կոռուպցիոն գործարքները, որոնց օգնությամբ էլ այդ ամենը կատարվել է:




Լրահոս