ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄՆԵՐ. ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավապահ համակարգը մի շարք աղմկահարույց բացահայտումներ իրականացրեց, որի շրջանակներում նախաքննական հետաքննական մարմինները տարբեր միջնորդություններ ներկայացրին դատարան խուզարկություններ իրականացնելու, տարբեր անձանց ձերբակալելու, կալանավորելու մասով: Իրավիճակը ցույց էր տալիս մեկ բան. թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավական համակարգը շունչը քաշելու ժամանակ չուներ:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ դատական դեպարտամենտ հարցերով.
1. 2018 թվականի ապրիլի 23-ից մինչեւ փետրվարի 18-ը ընկած ժամանակահատվածում մինչդատավարական վարույթում դատարանները նախաքննական եւ հետաքննական մարմինների կողմից գաղտնալսում իրականացնելու թույլտվություն ստանալու քանի՞ միջնորդություն են ստացել:
2. Այդ միջնորդություններից քանի՞սն են բավարարվել եւ քանի՞սը` մերժվել:
3. 2018 թվականի ապրիլի 23-ից մինչեւ փետրվարի 18-ը ընկած ժամանակահատվածում մինչդատավարական վարույթում դատարանները նախաքննական եւ հետաքննական մարմինների կողմից խուզարկություններ իրականացնելու թույլտվություն ստանալու համար քանի՞ միջնորդություն են ստացել:
4. Այդ միջնորդություններից քանի՞սն են բավարարվել եւ քանի՞սը` մերժվել:
5. 2018 թվականի ապրիլի 23-ից մինչեւ փետրվարի 18-ը ընկած ժամանակահատվածում մինչդատավարական վարույթում դատարանները նախաքննական մարմինների կողմից քանի՞ միջնորդություն են ստացել անձի կալանքի մասով, քանի՞սն են բավարարվել եւ քանի՞սը` մերժվել:
Ի պատասխան մեր հարցադրումներին` դատական պրակտիկայի վերլուծության եւ մշտադիտարկման վարչության պետի պաշտոնակատար Ռուստամ Մախմուդյանը հայտնել է.
«Դատական դեպարտամենտի կողմից մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության հետ կապված միջնորդությունների վերաբերյալ դատական գործերով ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների գործունեության վերաբերյալ դատական վիճակագրությունը վարվում է` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով եւ ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1542-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան:
Այդուհանդերձ, հարկ է նշել, որ 2018թ. ընթացքում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում՝
1. հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցությունների լսման եւ ձայնագրառման վերաբերյալ ստացվել է 188 միջնորդություն,
2. նշված միջնորդություններից 174-ը բավարարվել է, մասնակի բավարարվել են 3-ը, իսկ 11-ը` մերժվել,
3. խուզարկություն կատարելու մասին ստացվել է 5201 միջնորդություն,
4. նշված միջնորդություններից բավարարվել է 4832-ը, բավարարվել մասնակի` 70-ը, մերժվել` 286-ը, թողնվել է առանց քննության` 13-ը,
5. կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ստացվել է 2044 միջնորդություն,
6. նշված միջնորդություններից բավարարվել է 1935-ը, բավարարվել է մասնակի 9-ը, մերժվել` 90-ը, թողնվել է առանց քննության` 7-ը, իսկ 3-ը 2018 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ եղել են անավարտ:
Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ 2018թ. հեռախոսների մուտքային եւ ելքային վերծանման թույլտվություն ստանալու միջնորդությունները եղել են 5195-ը, որից 57-ը մերժվել են, 5034-ը բավարարվել են: Նամակագրության հեռագրական փոստային հաղորդումների հսկողության մասին միջնորդությունները եղել են 724-ը, որից 8-ը մերժվել են, իսկ 716-ը` բավարարվել:
Գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունները եղել են 893-ը, որից 713-ը մերժվել են, իսկ 173-ը` բավարարվել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՊՊԳՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ` ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ
ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի պետը, նույն բաժանմունքի կին հաշվապահը, ՊՊԳ վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի դասակի հրամանատարի օգնականը հայտնվել են ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Խոսրով Անդրոյանին մեղադրանք է առաջադրվել, որ, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի պետի պաշտոնը 2016թ. հունվարից մինչեւ 2018թ. մայիս ամիսը ներառյալ, իր նույն բաժանմունքի հաշվապահ Գայանե Արշակյանի հետ ջոկի հրամանատար Արա Ասատրյանի օժանդակությամբ յուրացրել են բաժանմունքի մի շարք ոստիկանների ու ռազմականացված ջոկատի հաշվեհամարներին փոխանցված եւ հավաքագրված ՀՀ պետական բյուջե փոխանցվող առանձնապես խոշոր չափի գումարներ:
Նշված ժամանակահատվածում Խոսրով Անդրոյանը եւ Գայանե Արշակյանը խմբով յուրացրել են իրենց վստահված ընդհանուր 53.5 մլն ՀՀ դրամ գումարը: Գայանե Արշակյանին եւս մեղադրանք է առաջադրվել, որ նա ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության պետ Մինասյանի հետ, 2016թ. մայիսի 13-ին կնքված աշխատանքային պայմանագրով` զբաղեցնելով Արմավիրի պահպանության բաժանմունքի հաշվապահի պաշտոնը, յուրացրել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով` 15.2 մլն ՀՀ դրամ գումար:
Ամբաստանյալի աթոռին է հայտնվել նաեւ Արա Ասատրյանը: Ի դեպ, նախաքննական մարմինը վերջիններիս կատարած արարքի համար մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (յուրացնելը կամ վատնելը, որ կատարվել է խոշոր չափերով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա):
Հավելենք, որ նախաքննական մարմինը նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

«ՆՈՒԲԱՐԱՇԵՆ»-Ը ԿՓԱԿՎԻ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծը: Նա ներկայացրել է ռազմավարության առանցքային ուղղությունները` ընդգծելով, որ ներկայացվող ռազմավարությունը նպատակ ունի քրեակատարողական համակարգում պատժողական արդարադատությունից անցում ապահովել վերականգնողական արդարադատության: Ի թիվս մի շարք նորամուծությունների` Ս. Քրմոյանը տեղեկացրել է նաեւ, որ ռազմավարությունից բխում է «Նուբարաշեն» քկհ-ի փակումը եւ նորի կառուցումը Աբովյան քաղաքում:

 

 

ՍՈՑՓԱԹԵԹ` ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով դատավորներին եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամներին սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում ներառելու հարցի մասին, կարծիք է հայտնել, որ եթե մենք ուզում ենք դատական համակարգ ունենանք, պետք է հնարավոր պայմանները ստեղծենք, որպեսզի մեր դատավորները առնվազն օբյեկտիվորեն սրա-նրա ձեռքին նայելու մեծ անհրաժեշտություն չունենան: Նշենք, որ կառավարությունը որոշում է կայացրել դատավորներին եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներառել սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում: Վարչապետը նշել է, որ կարող է հարց առաջանալ, թե այս երկրում քաղաքացիների հարցերը լուծված են, հիմա անցնում ենք դատավորներին, բայց, իր կարծիքով, երբ մենք քայլ ենք արել եւ 250 հազար քաղաքացիների ընդգրկել ենք այդ համակարգում, ապա բալանսավորված եւ խելամիտ քայլ է 230 դատավորների նույնպես ընդգրկել այս համակարգի մեջ:

 

 

ՄԱՅՐԱԿԱՆ ՏՈՒՆԸ
Oրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 19-ին` ժամը 15:40-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արշալույս գյուղի 1-ին փողոցի թիվ 76 տան ճաղավանդակը, պատուհաները եւ մտել տուն, տակնուվրա արել։ Ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում, եւ, ըստ նախնական տեղեկությունների, կատարողը կամ կատարողները, ոչինչ չգողանալով, հեռացել են: Կայքի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է գեներալ Մանվել Գրիգորյանի մորը՝ 93-ամյա Արփենիկ Ավագյանին, որը 2004թ. մահացել է:

 

 

ԿՆՔԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Առողջապահության նախարարությունը բժշկական կազմակերպությունների հետ կնքել է պայմանագրեր չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն անվճար կազմակերպելու համար: Նշենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն ամբողջ բնակչության համար կլինի անվճար, քանի որ հանվել է համավճարային եղանակով փոխհատուցվող ծառայությունների ցանկից: Այսուհետեւ չարորակ հիվանդությունների` պետական պատվերի շրջանակներում անվճար վիրահատությունների համար քաղաքացիները, ըստ բժշկական ցուցումների, կարող են դիմել հետեւյալ բժշկական կազմակերպություններ` Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն, «Նաիրի» ԲԿ, «Արթմեդ» ԲՎԿ ՓԲԸ, «Նատալի-Ֆարմ» ՍՊԸ «Աստղիկ» ԲԿ, «Շենգավիթ» բկ, Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ՓԲԸ, Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ, «Վանաձորի» ԲԿ:

 

 

ՀԱՄԱՆԵՐՈՒՄ
Կառավարության նիստում որոշվել է ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենքով նախատեսված մի շարք վարչական տուգանքների եւ պետական տուրքի գծով տույժերի համար համաներում կիրառել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց, թե մինչեւ որ ամսաթիվը կուտակված միջոցներին է դա վերաբերում: «Մինչեւ 2018թ. օգոստոսի 31-ը իրավախախտումներ կատարած անձանց»,-ասել է նախարարը: Մասնավորապես, վարչական իրավախախտում կատարած անձինք կազատվեն մինչեւ 2018թ. օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 150.3-րդ հոդվածով եւ 137.2 հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտավորությունից:

 

 

ԵՄ-ԻՑ` ՀՀ-ԻՆ
Եվրամիությունը Հայաստանին 31 միլիոն 250 հազար եվրո կտրամադրի: Ըստ ՀՀ կառավարության` նախատեսվում է Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում իրականացնել տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են լինելու գյուղատնտեսության, նորարարական տուրիզմի եւ ստեղծագործական արդյունաբերության ճյուղերի խթանմանը:




Լրահոս