Մեր զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
-Պարո՛ն Բաղդասարյան, 30 միլիոն դոլարը մեկ շաբաթում վերադարձնելու վարչապետ Փաշինյանի պահանջը Ալ. Սարգսյանից կարո՞ղ է միջազգային իրավական կառույցներում դիտարկվել որպես ճնշում նրա կամքի վրա, ինչի արդյունքում նա պետությանը անհատույց փոխանցեց 18.5 միլիոն դոլար:
-Նախ` բերեք արձանագրենք, որ դա մեկ տարի առաջ էր, եւ այդ պահանջը նա չի կատարել: Այս նվիրաբերությունը կապ չունի վարչապետի կողմից արած հայտարարության հետ: Հաշվի առնելով, որ հորդորը կապված էր կոնկրետ գործողությունների հետ, որը տեղի չի ունեցել: Եթե հիշում եք, կոնկրետ ժամանակացույց ներկայացվեց, հստակ ժամանակացույցում առաջարկում ենք, ինքը այդ առաջարկությունը չընդունեց: Հակառակը, եթե մամուլը նայեք, մամուլում կա նրա կողմից տված հայտարարություն, որ ինքը ասում է, որ պարտավոր չէ որեւէ գործողություն կատարել: Ինչ վերաբերում է նվիրաբերությանը, ապա ոչ մի իրավական աղերսներ դա չունի իր քրեական գործի հետ:
-Ալեքսանդր Սարգսյանը բանկային գործարք է կատարել, որի մասին բարձրաձայնում է կառավարությունը: Բանկային գաղտնիքի մասին օրենքի խախտում չկա՞ այստեղ:
-Բանկային գործարք եթե կատարել է մի կողմը, ով որ ստացել է այդ գումարը եւ հայտարարում է, որ ստացել է, դա իր համաձայնությամբ է իրականացվում: Դուք միշտ իրավունք ունեք Ձեր համաձայնությամբ հրապարակել` Ձեր բանկային հաշվին ինչքան գումար է նստել. որեւէ մարդ չի կարող ասել, որ Դուք խախտում եք բանկային գաղտնիքը: Եթե այդ գումարը Ձեր հաշվին է նստած, Դուք Ձեր հաշվի տվյալներն եք հրապարակում, ոչ թե նրա:
-Ալեքսանդր Սարգսյանի՝ նախաքննության ընթացքում գումար փոխանցելու այս արարքը դատարանի կողմից կդիտարկվի՞ որպես մեղմացնող հանգամանք:
-Ի՞նչ կապ ունի՝ նախաքննության ընթացքում է փոխանցվել: Ալեքսանդր Սարգսյանը բացի պետությունից հարյուր հոգու նվեր է տվել. հիմա ինչ-որ մեկին եթե օծանելիք նվեր տա, դա պիտի մեղմացուցիչ հանգամա՞նք դիտարկվի, թե՞ ոչ: Պետությունը իրեն չի խնդրել ոչ մի բան նվիրաբերել: Եթե ինքը իր կամքով նվիրաբերել է, չի նվիրաբերել որպես վնասների հատուցում, հետեւաբար դատարանը հաշվի առնելու խնդիր չունի իր նվիրաբերությունը, ինչպես նաեւ այլ անձանց եթե ինքը օծանելիք, մեքենա կամ շոր է նվիրել:
– Ալ. Սարգսյանին հետախուզում է պետությունը, իր որդու հանդեպ նույն պետությունը քրեական գործ է հարուցել: Նրա փաստաբանը նրան վստահաբար ասած կլինի այն պարզ ճշմարտությունը, որ նվիրատվությունը չի ազդելու դատական ելքի վրա: Ի՞նչ տրամաբանությամբ է, ըստ Ձեզ, նա պետությանը խոշոր նվիրատվություն անում:
-Դա պիտի իրեն հարցնեք. գիտե՞ք, ես չեմ կարող իր փոխարեն ասել, թե ինքը ինչ տրամաբանություն ունի: Օրինակ` ես չէի հասկանում` ինչ տրամաբանությամբ է ինքը բոլոր հիմնարկներին հիսուն տոկոս փայ մտել: Այդ հարցի պատասխանն էլ չունեմ, անկեղծ ասած: Այնպես չէ, որ դրա հետ կապված փաստեր չկան: Այն, որ գնացել էր, նստել էր իր ընտանիքի անդամների հետ մի որոշակի սրճարանում, ասում էր՝ հիսուն տոկոսը ինձ տվե՛ք, դրանք փաստեր են: Երբ որ գործը կհասնի դատարան, այն ժամանակ կնայենք, կտեսնենք: Երբ որ իր տղան շատ վատ է պահել իրեն, եւ իր տղուն ինչ-որ մի տեղ հրմրել են, ինքը եկել, հիսուն տոկոսի փայատեր է դարձել: Երբ որ կհրապարակվի մեղադրական եզրակացությունը, ես Ձեզ կասեմ՝ այդ գործը կար, թե չկար: Թե Հայաստանում ոնց էին մեքենայով բռնելով մարդկանց գնում, ոնց էին մարդկանց գալիս, կաֆեներում թքում գնում, դա ոչ մեկ չի հիշում լրագրողներից, ցավոք սրտի: Դա չէին նկարում, ցույց տալիս, որովհետեւ Սաշիկի երեխան էր դա: Դա չէիք ասում, գիտե՞ք, որ թքում էին քաղաքացիների վրա, մեքենայով հելնում, բորդյուրների վրա կանգնում էր: Դա ոչ մեկ չի ասում:
-Այս գործը անցումային արդարադատության կոնտեքստո՞ւմ է, թե՞ դասական քրեական գործ է:
-Անցումային արդարադատությունը կապ չունի այդ քրեական գործի հետ:
Զրուցեց ՄԱՐԻԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
ՊԵԿ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՆ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման եւ հսկողության վարչության հարկային հսկողության բաժնի պետ Հարություն Դարբինյանը 2018 թվականի տարեկան հայտարարագիր չի ներկայացրել: Հետաքրքիր է` միտումնավոր է մոռացել է, թե ոչ: Տեղեկացնենք, որ նա նախկին պատգամավոր Արսեն Դարբինյանի որդին է` Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ազգականը:
Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է, որ ունի երկու հատ հողամաս, անհատական բնակելի մեկ տուն` հողամասի վրա կառուցված իր տնտեսական շինություններով, եւ երեք հատ «Mercedes-Benz G 500», «Mercedes-Benz S 430 L», «Honda fit 1.3» մակնիշի ավտոմեքենաներ: Իսկ, ահա, դրամական միջոցները կազմել են 8.3 մլն դրամ, 17 հազար դոլար: Որպես եկամուտ Դարբինյանը հայտարարագրել է ստացված փոխառությունը` 2 մլն 140 հազար դրամի չափով, եւ աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելիս կազմել է 2 մլն 530 հազար դրամ:
Իսկ, ահա, տարեկան հայտարարագրում Դարբինյանի ունեցվածքի վերաբերյալ պատկերն այլ է: Պարզվում է` Դարբինյանը 2017 թվականին ավտոմեքենաների առուվաճառքով է զբաղվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականին նա ձեռք է բերել 3 հատ ավտոմեքենա, որոնք էլ նույն տարում վաճառել է: Երկու ավտոմեքենա գնվել է յուրաքանչյուրը 1 մլն դրամով, երրորդը` 1 մլն 250 հազար դրամով, վաճառվել են երկուսը` 1 մլն դրամով, իսկ երրորդը` 1 մլն 135 հազար դրամով:
Նկատենք, որ այս պաշտոնյայի կնոջ` Թեհմինա Մելիքսեթյանի դրամական միջոցները կազմում են 4.2 մլն դրամ, 7500 դոլար: Եւ սա այն դեպքում, երբ որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը, որը ամսական կազմել է 75 հազար դրամ: Հետեւաբար հայտնի չէ, թե ինչպես է կարողացել Դարբինյանի կինը 4.2 մլն դրամ եւ 7500 դոլար կուտակել նման աշխատավարձի դեպքում:
Բացի այս, պարզվում է, որ Դարբինյանը որպես պետական ծառայող դիմել է մատչելի բնակարաններով ապահովման ծրագրին: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ քաղաքաշինական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հրամանով` նախորդ տարվա ընթացքում հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երեւանի Ադոնց փողոցի 4 եւ 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրներից բնակարան գնելու հավակնորդ ծառայողների ցուցակը, որում, ի դեպ, տեղ է զբաղեցնում նաեւ Հարություն Դարբինյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը Հարություն Դարբինյանի հետ զրուցեց նաեւ իր հայտարարագրի, դրամական միջոցների մասին: «Խնայողաբար եմ օգտագործում իմ ունեցվածքը: Աշխատում եմ երեխաներիս համար ինչ որ բան ստեղծել այդ խնայողությամբ: Իսկ ինչ վերաբերում է մեքենաներին, ապա նշեմ, որ դրանք ես ապառիկով եմ գնել եւ նկատել, որ ծախսատար են, ու վաճառել եմ: Ես սիրում եմ մեքենաներ. կարելի է ասել, որ իմ նախասիրությունն էլ մեքենաներն են: Հետո նկատեցի, որ թանկ հաճույք է դրանք պահելը, վաճառել եմ: Բայց դրամական միջոցները այնպես չէ, որ հիմա նույնն են մնացել, հակառակը, պակասել է: Բացի այդ, պապիկիցս ժառանգություն էի ստացել դրամական տեսքով, բայց դե կամաց-կամաց ծախսում եմ այն: Կարեւորը` առողջ լինենք, կաշխատենք»,- նկատեց Դարբինյանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԽՈԶԵՐԸ ՍԱՏԿԵԼ ԵՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԻՑ
Փետրվարի 21-ին Նոյեմբերյանի քաղաքապետարանի շենքում կայացավ Նոյեմբերյանի տարածաշրջանի հիմնախնդիրների վերաբերյալ քննարկում, որին մասնակցում էր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանն իր ելույթում նշեց, որ տարածաշրջանի տնտեսության գերակա ոլորտը գյուղատնտեսությունն է, որից առավել զարգացած է անասնապահությունը: Բանկերից եւ վարկային կազմակերպություններից վերցված էժան վարկերով գյուղացիները խոզեր են գնել, ավելացրել իրենց խոզերի գլխաքանակը: Նոյեմբերյան քաղաքը եւ սահմանամերձ 8 գյուղերը միավորող Նոյեմբերյան համայնքում առկա է ավելի քան 3800 խոզ: Սակայն սկսած այս տարվա հունվարից` համայնքում, հատկապես` սահմանամերձ Կոթի եւ Բերդավան գյուղերում, հիվանդությունից խոզերը սատկում են: Այժմ խոզերի անկում է նաեւ Նոյեմբերյան քաղաքում: Հունվար ամսից սկսած` այդ բնակավայրերում սատկել է 350-400 խոզ: Երկու օր առաջ Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում տարածաշրջանի անասնապահների մասնակցությամբ ժողով է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել է խոզերի անկումը: Դրան մասնակցել է Հայաստանի սննդի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը: Ժողովի ժամանակ չի նշվել խոզերի զանգվածային անկման պատճառ դարձած հիվանդության անունը, սակայն խոզատերերին խորհուրդ է տրվել խոզերին անասնագոմերից դուրս չհանել, որպեսզի չվարակվեն: Նոյեմբերյանի անասնաբույժները կարծում են, որ անասունների հիվանդության պատճառը կարող է կապված լինել նրանց տրվող հորմոնային կերի, ինչպես նաեւ այն բանի հետ, որ Վրաստանից գնված գոճիներ են ներկրվել Նոյեմբերյանի տարածաշրջան: Այդ խոճկորների միջոցով հիվանդության վարակը կարող էր հարեւան երկրից Հայաստան ներթափանցել:
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԴԵՌ ՉԿԱ
Տավուշի մարզի սահմանամերձ 24 համայնքների բնակիչներին, կառավարության որոշմամբ, տրվում են սոցիալական որոշ արտոնություններ` բնական գազի, էլեկտրական հոսանքի, ոռոգման ջրի սակագների կիսով չափ զեղչի տեսքով: Սակայն սահմանագոտու բնակիչների համար առավելագույն սահմանաքանակ է որոշված, որից ավելի բնական գազ, էլեկտրական հոսանք եւ ոռոգման ջուր սպառելու դեպքում սակագները չեն զեղչվում: Այս տարի Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները օգտվել են էլեկտրական հոսանքի սակագնի կիսով չափ զեղչումից: Ձմռան ավարտին հաշված օրեր են մնացել, սակայն ընթացիկ տարում բնական գազի սակագնի զեղչում չի կատարվել: Գազի հիմնարկության տեսուչներն ասում են, որ այդ զեղչերի հաշվարկը հետո կկատարվի, բնակիչները վճարում են սպառած գազի ամբողջ գինը: Սակայն բնակիչներից շատերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել են, թե իրենց հատկապես հիմա է անհրաժեշտ սակագնի զեղչումը, քանզի ձմռանը շատ գազ են սպառել եւ դրա դիմաց մեծ գումարներ են վճարելու:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ