ԱՍՈՒՄ ԵՆ` ՀԱՐՍՏԱՑԵԼ ԵՆ ՄԻՆՉԵՎ ԳՅՈՒՂԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս գյուղապետերի եւ քաղաքապետերի հետ հանդիպմանը զգուշացրեց, որ պետական ծառայությունը ոչ միայն կառավարության անդամների, պատգամավորների, այլեւ համայնքապետերի կողմից չպետք է ընկալվի որպես բիզնես գործունեություն: Իսկ համայնքում չի կարող ամենահաջողակը լինել համայնքապետի բիզնեսը:

«Քաղաքներում եւ գյուղերում շատ հաճախ պատահում է այնպես, որ համայնքների ղեկավարների, այսպես ասած, օբյեկտներն են ամենահաջողակները: Դա շատ լավ առիթ է, որ, օրինակ, այդ օբյեկտները խուսափեն հարկային պարտավորություններից, գույքահարկից` սկսած ՀԴՄ խփել-չխփելուց: Մենք շանս ենք տվել եւ տալիս ենք շատերին եւ գուցե բոլորին, ովքեր չեն օգտվել այդ շանսից, եւ չեն փոխվել փոխվող իրականությանը զուգընթաց, ուրեմն այդ մարդկանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»: Վարչապետի խոսքերով` Հայաստանում այլեւս չպետք է լինի այնպիսի երեւույթ, երբ գյուղապետարաններում հաստիքացուցակը 25 կիլոմետրանոց է` եղբայր, եղբոր կին, հորեղբայր, հորեղբոր որդու ընկեր: Պարզվում է` ե՛ւ հին, ե՛ւ նոր Հայաստանում կան քաղաքապետեր ու գյուղապետեր, որոնք տիրապետում են ֆինանսական եւ տնտեսական միջոցների: Ավելին, անգամ արձանագրվել են դեպքեր, երբ միեւնույն համայնքապետարանում աշխատել են գյուղապետի ազգականները:
Միայն նախորդ տարի` «թավշյա» հեղափոխությունից հետո, Հայաստանի բազմաթիվ համայնքների ղեկավարներ ստիպված եղան հրաժարական տալ: Որոշ գյուղապետարաններում ստուգումներ են իրականացվել եւ լուրջ չարաշահումներ հայտնաբերվել, որոշներում էլ գյուղապետերը համայնքի բյուջեի հաշվին ունեցվածք են կուտակել. իրենց կամ իրենց հարազատների անուններով էժան գներով հողեր կամ շինություններ են օտարել: Այս շարքից է, օրինակ, Արարատի մարզի Ուրցաձորի գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը, որը 20 տարի է, ինչ ղեկավարում է Ուրցաձորը:
Ուրցաձորցիները նախորդ տարի` թավշյա հեղափոխությունից հետո, սկսեցին բողոքի ակցիաներ անցկացնել` պահանջելով այդ գյուղապետերի հրաժարականը: Անդրեասյանը պաշտոնանկ արվեց, սակայն օրեր առաջ վերընտրվեց, ընդ որում` ձայների մեծ առավելությամբ: Տեղեկացնենք, որ Անդրեասյանի դեմ բողոքող գյուղացիների խոսքերով` նա բավականին հողակտորներ չնչին գներով վաճառել է իր ազգականներին` եղբորը, որդուն: Գյուղացիները հայտարարում էին, որ «գյուղապետարանին պատկանող այգին վաճառել է որդուն, Իտալիայից եկած օգնությունները չի բաժանել մարդկանց»:
Բայց ինքը` Անդրեասյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այլ պատկեր ներկայացրեց: «Ես բիզնես չունեմ, վարչապետի խոսքերն էլ ինձ չեն վերաբերում: Ես իմ եղբորը հող չեմ օտարել, կարող եք ցուցակներով նայել, օտարումն եղել է օրենքի սահմաններում ու հրապարակային: Ես 1999 թվականին, երբ ընտրվել եմ համայնքի ղեկավարի պաշտոնին, իմ կարողություններն ավելի մեծ էին, քան հիմա: Այն ժամանակ ես ունեի 100 խոշոր եղջերավոր անասուններ, 250 գլուխ ոչխար, առանձնատուն: Հիմա այդ անասունները չունեմ, բայց առանձնատունը կա»: Զրույցի ընթացքում պարզվեց, որ Անդրեասյանն ունի մեղվի հինգ ընտանիք:
Իսկ, ահա, ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի գյուղապետ Ջեմմա Հարությունյանը երեք տարի է, ինչ այս պաշտոնին է: Բայց մինչ այդ աշխատել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Ամասիա» սպասարկման գրասենյակում: 2017 թվականի տվյալներով` նրա դրամական միջոցները կազմել են 138 հազար դոլար եւ 3.2 մլն դրամ: Նա Ամասիայում ունի երեք, իսկ Արփիում` երկու հողամաս, Երեւանում` մեկ բնակարան, Ամասիայում` մեկ առանձնատուն, մեկ բաղնիք եւ մեկ անասնաշենք: Ի դեպ, Ջեմմա Հարությունյանը Ամասիայի խոշորացված համայնքների գյուղապետ է: Նրա ամուսինը «Աշոցքի ՃՇՇ» ՓԲԸ-ի տնօրեն Մարսել Կարապետյանն է, ում եղբորը` Դավիթ Կարապետյանին է պատկանում կաթնամթերքի շուկայում հայտնի «Բանդիվան» գործարանը:
«Մինչ գյուղապետ նշանակվելս եմ ես այդ ունեցվածքի տերը եղել: Գյուղապետ աշխատելու տարիներին ո՛չ հող եմ գնել, ո՛չ հող եմ վարձակալել: Ունեցվածքս չեմ ընդլայնել: Ինչ ունեցել եմ, այն էլ մնացել է, ո՛չ պակասել է, ո՛չ էլ ավելացել: Իմ աշխատավարձը մի կերպ ինձ բավարարում է: Ամուսինս էլ անասնապահական ձեռնարկությամբ է զբաղվում»,- պարզաբանեց Ամասիայի կին գյուղապետը: Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Հովտուն բնակավայրի վարչական ղեկավարի ազգականը աշխատում է որպես օպերատոր:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ ՀՀ Արագածոտնի նախկին ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանի հետ, որը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, զարմացած նկատեց. «Ես նման օրինակ չեմ հիշում, որ գյուղապետերը մեծ եկամուտներ են ունեցել: Մարդիկ ինչ որ բիզնես են ունեցել. մարզում, շատ դժվար էր գյուղապետերի համար եկամուտներ կուտակել: Ես չեմ պատկերացնում, որ գյուղապետը կարողանար հենց այդ տարիներին բիզնեսներ կուտակել: Իսկ այն մարդիկ, որոնք իրենց հարզատներին են տեղավորել աշխատանքի, ապա հաստատ ավարտել են համապատասխան բուհը, ունեն մասնագիտական կրթություն»: Հիշեցնենք, որ Սարգիս Սահակյանն ու եղբայրը` Նաիրի Սահակյանը, Արագածոտնի մարզում լուրջ բիզնես ունեն, եւ այդ բիզնեսը սկսել էր ծաղկել հենց նրանց պաշտոնավարման տարիներին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

«ՅՈՒՎԵՆ» ՊԱՐՏՎԵՑ, «ՍԻԹԻՆ» ՀԱՂԹԵՑ
Կայացան Չ/Լ-ի 1/8 եզրափակչի առաջին խաղերից վերջին երկուսը: «Վանդա Մետրոպոլիտանոյում» «Ատլետիկեն» կարողացավ 2 անպատասխան գնդակ ուղարկել «Յուվենտուսի» դարպաս եւ մոտենալ 1/4 եզրափակչին: Տանտերերից գոլի հեղինակ դարձան Խիմենեսը եւ Գոդինը: Մյուս խաղը ուղղակի ֆանտաստիկ ստացվեց: Գելզենկիխենում տեղի «Շալկեն» 2-3 հաշվով զիջեց «Մանչեստեր Սիթիին»: Տանտերերից դուբլ ձեւակերպեց Բենտալեբը, իսկ հյուրերից մեկական անգամ աչքի ընկան Ագուերոն, Սանեն եւ Ստերլինգը: Հավելենք, որ պատասխան խաղերը կկայանան մարտի 12-ին եւ կմեկնարկեն Երեւանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:

 

ԱՂԱՍՅԱՆԸ ԱՌԱՋԻՆՆ Է
Հայաստանի աթլետիկայի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում: Մարզումներին զուգահեռ մեր պատվիրակները մասնակցել են միջազգային երրորդ մրցաշարին: Ռուխի Սարիալպի անվան գավաթի խաղարկության եռացատկորդների մրցումներում հաղթել է կապանցի Լեւոն Աղասյանը: Աղասյանը գերազանցել է միջազգային կարգի վարպետի ցուցանիշը եւ 16մ 79 սմ արդյունքով դարձել է հաղթող: Հիշեցնենք, որ Լեւոնն օրեր առաջ Բալկանյան երկրների ձմեռային 24-րդ առաջնությունում եւս նվաճել էր հաղթողի տիտղոսը:

 

ԱՌԱՋԱՐԿ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին ամռանը կարող է նոր աշխատանքի անցնել հայրենիքում: Ինչպես տեղեկացնում է LaRepubblica-ն, մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Ռոման»: Նշվում է, որ Հռոմում մեծ ցանկություն ունեն Սարիի հետ աշխատելու եւ նրա հետ մեծ հույսեր են կապում: Հիշեցնենք, որ Սարիի ապագան Լոնդոնում մեծ հարցականի տակ է, եւ Աբրամովիչը արդեն նրան փոխարինող է փնտրում:

Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս