ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հայտարարում է Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա օրհներգի տեքստի մրցույթ: Այս մասին նա փետրվարի 20-ին տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով: Մրցույթը կտեւի երկու ամիս, որից հետո իր կողմից ստեղծված աշխատանքային խումբը կընտրի հաղթողին:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ չի նախատեսվում իր կողմից ԱԺ օրակարգ մտցնել օրհներգի հաղթած տեքստը. «Այն կհանձնվի հանրությանը, կմնա մեր օրակարգում, հայ ժողովրդի գլխում, հայ ժողովրդի համար, եւ երբ զգանք դրա ժամանակն է, մենք այդ թեմային նորից կանդրադառնանք»,-ասել է նա: Նշենք, որ աշխատանքային խմբում ընդգրկված են Տեր Ասողիկ քահանան՝ Մայր Աթոռի կողմից, Գրիգոր Դանիելյանը (Դանիել Երաժիշտ), Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Կոմիտասի թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանյանը, Արամ Խաչատրյանի թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, ակադեմիկոս Հենրիկ Հովհաննիսյանը, գրականագետ Ֆելիքս Բախշյանը, Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Մրցույթի վերջնաժամկետն է ապրիլի 30-ը: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ:
-Պարո՛ն Միլիտոնյան, ինչպիսի՞ն պետք է լինի օրհներգի տեքստը, որպեսզի արժանանա Ձեր հավանությանը:
-Շատ մեծ որակներ են պետք՝ պատմականություն, ներդաշնակություն երաժշտական հնչեղության հետ, սիմվոլիկայի, որակական արժանիքների առկայություն, գրագետ շեշտադրության պահպանում: Բազում պահանջներ կան: Ով երբեւէ երգ գրել է, գիտի, թե այն ինչ բարդությունների հետ է կապված: Ոչ երանի այն մարդուն, որը պետք է գրիչ վերցնի ու օրհներգի տեքստ գրի: Ամեն դեպքում, այն համոզման եմ, որ օրհներգի պարագայում դոմինանտը եւ որոշիչը երաժշտությունն է:
-Ի՞նչ եք կարծում, արդյոք օրհներգը փոխելու թեման հրատա՞պ էր, որ պետք էր արդեն տեքստի մրցույթ հայտարարել:
-Դեռեւս 2006 թվականից այս հարցը Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ արծարծվել է, բայց այնպես չէ, որ հենց վաղը պետք է հանրաքվե արվի: Ալեն Սիմոնյանը ներկայացրեց, որ չի նախատեսում ԱԺ օրակարգ մտցնել օրհներգի հաղթած տեքստը:
-Չե՞ք կարծում, որ օրհներգը փոխելուն պետք է գալ-հանգել, այդ գործընթացին պետք է հասնել էվոլյուցիոն ճանապարհով, բնականորեն:
-Այո, ես էլ եմ այդ կարծիքին: Որեւէ մեկը չի կարող գրչի մի հարվածով օրհներգը փոխելու մասին որոշում կայացնել: Նման հարցերը միանձնյա չեն որոշվում: Դրանք համապետական, համահայկական թեմաներ են, որոնք բազմաբնույթ քննարկումներ են պահանջում: 13-14 տարի այդ հարցը դրված է եղել: Տարիներ առաջ կազմված հանձնաժողովում էլ առկա էին վերճեր, տարակարծություններ, հիմա էլ վստահ եմ, որ տեքստի հետ կապված բանավեճեր կծավալվեն, ամեն բառի, ամեն տողի շուրջ դեռ պետք է համաձայնության գալ: Սա իսկապես բարդ փուլ է:
Հիշեցնենք, որ 2006 թվականին ստեղծվել էր հանձնաժողով, որը միաձայն քվեարկվել էր Արամ Խաչատրյանի երաժշտության` որպես օրհներգի երաժշտության լավագույն տարբերակի օգտին:
Հավելենք նաեւ, որ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ժամանակ նշել էր. «ՀՀ-ում ավելի կարեւոր խնդիրներ կան, բնական է, դրանք լինելու են միշտ: Միշտ ունենալու ենք խնդիրներ, որոնք լինելու են է՛լ ավելի կարեւոր: Ինձ դիմում են մարդիկ տարբեր հարցերի շուրջ, եւ ես այդ հարցը բարձրացնում եմ, լինում են մարդիկ, որ մեկ այլ հարցով են դիմում, այդ հարցը եւս բարձրացնում եմ, այժմ կատարում եմ խոստումը եւ բարձրացնում եմ նաեւ օրհներգի հարցը»:
Նա հայտարարել էր, որ վերջին օրերին իրեն ամենաշատը հարվածել եւ քննադատել են ՀՅԴ ներկայացուցիչները, քանի որ իրենց համար ներկայիս օրհներգը նաեւ կապ է իրենց կուսակցության եւ Հայաստանի միջեւ:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՇԱՆՍԵՐԸ
Անցած երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերին կայացան Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի վերջին հանդիպումները: Հիմա եկե՛ք հասկանաք, թե թիմերը ինչքան շանսեր ունեն մյուս փուլում հայտնվելու:
«Լիվերպուլ»-«Բավարիա»-0:0
«Էնֆիլդ Ռոուդում» կայացած խաղը անցավ լարված պայքարում, բայց գոլեր այդպես էլ չգրանցվեցին: Այս արդյունքը ինչ-որ չափով լավ է անգլիական ակումբի համար, բայց «Ալիանզ Արենայում» բավարացիները միշտ էլ անհյուրընկալ են եղել: Այս դիմակայությունում երկուսի շանսերն էլ հավասար ենք գնահատում: Առաջին խաղում եւս հավասար պայքար ընթացավ:
«Օլիմպիկ Լիոն»-«Բարսելոնա»-0:0
Լիոնում կայացած այս խաղը եւս ավարտվեց 0:0, սակայն կատալոնացիների ճնշող առավելությամբ: Լիոնցիները գոլ բաց չթողեցին եւ դրանով արդեն իսկ մեծ անակնկալ մատուցեցին, բայց դա բավական չէ «Բարսելոնային» շրջանցելու համար:
Կապտանռնագույնները բացահայտ ֆավորիտն են, իսկ «Լիոնի» հաջողության հասնելը ցածր ենք գնահատում: Ամեն դեպքում, «Կամպ Նոույում» հետաքրքիր պայքար ծավալվելու է:
Այս երկու հանդիպումների պատասխան խաղերը կկայանան մարտի 13-ին եւ կսկսվեն Երեւանի ժամանակով 00:00-ին:
«Շալկե 04»-«Մանչեստեր Սիթի»-2:3
Գելզենկիխենում կայացած խաղը գերդրամատիկ ստացվեց: Նախ` հյուրերից խաղի հաշիվը բացեց Աբգուերոն, ապա տանտերերից երկու անգամ աչքի ընկավ Նաբիլ Բենտալեբը, եւ երբ մանչեստրյան թիմից կարմիր քարտ ստացավ Օտամենդին, թվաց, որ «Շալկեն» անակնկալ կմատուցի եւ կհաղթի: Խաղի վերջնամասում մեծ ջանքեր գործադրելով` Գվարդիոլայի սաները, Սանեի ու Ստերլինգի գոլերի շնորհիվ, կարողացան հաղթանակ կորզել` կիսով չափ ապահովելով քառորդ եզրափակչի ուղեգիրը:
Մանչեստերում կայանալիք խաղի ժամանակ «Քաղաքայիններին» մնում է չկորցնել զգոնությունը եւ ստացած առավելությունը դարձնել արդյունք:
«Ատլետիկո Մադրիդ»-
«Յուվենտուս»-2:0
Փլեյօֆի ամենասպասված խաղերից մեկում անակնկալ արդյունք գրանցվեց: Չոլո Սիմեոնեի տղաները կարողացան 2 անպատասխան գնդակ ուղարկել այս դիմակայության ֆավորիտի դարպասը: Չնայած այս անչափ վատ արդյունքին` Մաքս Ալեգրին իր թիմի հետ հանձնվելու տրամադրություն չունի: Ֆավորիտն, իհարկե, «Ատլետիկո Մադրիդն» է, բայց Թուրինում ատլետների համար անչափ բարդ է լինելու. «Յուվենտուսը» «տառապում է» Չեմպիոնների Լիգան հաղթելու մտքով:
«Յուվենտուս Ստեդիումում» իսկական ճակատամարտ է սպասվում:
Այս երկու դիմակայությունների պատասխան խաղերը կկայանան մարտի 12-ին եւ կմեկնարկեն Երեւանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ