Մարզային իշխանությունները շարունակում են ծախսերը․ ոչինչ չի փոխվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մարտի 29-ին որոշում է ընդունել մարզպետարանին հատկացված միջոցներից մոտ 900 հազար դրամ ուղղել «Գարնանային զարթոնք» միջոցառման կազմակերպմանը։ Մարզպետը որոշել է հանձնարարել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանին ՝ «Գարնանային զարթոնք» խորագրով Մայրության եւ գեղեցկության տոնին նվիրված մշակութային միջոցառումը կազմակերպել` իր կողմից հաստատված ծրագրին համապատասխան։

Մարզպետ Չոբանյանի այդ որոշման մեջ նշված է վերահիշյալ մշակութային միջոցառումն իրականացնելու համար դրամաշնորհ տրամադրելու մասին։ Դեռեւս փետրվարի 12-ին Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հայտարարություն է հրապարակվել «Գարնանային զարթոնք» միջոցառումը կազմակերպելու համար մշակութային գործունեության իրավունք ունեցող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ մրցույթ անցկացնելու մասին։ 2018թ․նոյեմբերի 2-ին Տավուշի նախկին մարզպետ, այժմ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը որոշել է 2018թ․պետական բյուջեից Տավուշի մարզպետարանին հատկացված միջոցներից 540 հազար դրամ հատկացնել

«Աշնան գունեղ մեղեդիներ» միջոցառման կազմակերպմանը։ Տավուշի մարզպետարանը պարբերաբար մեծ գումարներ է տրամադրում մշակութային միջոցառումներ կազմակերպելու նպատակով այն դեպքում, երբ սահմանամերձ Տավուշի մարզում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան պետական հիմնարկներ հանդիսացող դպրոցներում, բժշկական հիմնարկություններում եւ այլն։ Այդ խնդիրները լուծելու համար ֆինանսական միջոցներ են հարկավոր, մինչդեռ իշխանությունները սիրում են կրկնել, որ ֆինանսական միջոցները սուղ են:

Բայց, փաստորեն, մշակութային միջոցառումներ կազմակերպելու համար Տավուշի մարզպետարանին պետբյուջեից գումարներ տրվել են, իսկ, օրինակ, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների շենքերը հիմնանորոգելու կամ սահմանամերձ բնակավայրերի բժշկական ամբուլատորիաները ձմռանը ջեռուցելու համար չեն հատկացվել։ Ու, կարելի է ենթադրել, Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո այս առումով իրավիճակ չի փոխվել։ Համենայն դեպս, մարզային իշխանությունները ծախսեր են անում, որոնք այնքան էլ արդարացված չեն:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս