Բրիտանացի ֆուտբոլային երկրպագու Թոմ Սիլսը երազում տեսել է ֆուտբոլային հանդիպման հաշիվը և կատարելով խաղադրույք՝ մեծ գումար է վաստակել: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Սիլսի մարգարեական երազում Անգլիայի առաջնության երկրորդ լիգայի 40-րդ տուրի խաղում «Կոլչեսթեր Յունայթեդ»-ը 90-րդ րոպեին գրավել է «Քեմբրիջ»-ի դարպասը: Արթնանալուց հետո նա երազը պատմել է ընկերներին, որոնք խորհուրդ են տվել խաղադրույք կատարել:
Բրիտանացին լսել է ընկերներին, սակայն մեծ նշանակություն չտալով երազին՝ ընդամենը 10 ֆունտ ստեռլինգ գումար է դրել: Հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով՝ «Կոլչեսթեր»-ի օգտին, և Սիլսը վաստակել է 418 ֆունտ ստեռլինգ:
«Ապշած եմ: Այս ամենը նույնիսկ մի փոքր վախեցնում է ինձ»,- խոստովանել է երկրպագուն և հավելել, որ շահած գումարով մտադիր է մեկնել Բուդապեշտ: