«Հաց բերողի» կալանավորման «պատճառ» դարձած Մհեր Փարվանյանը` ՀՊՏՀ-ի ֆինանսական տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հրամանով` տնտեսագետ, «Փարվանյան Քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Փարվանյանը նշանակվել է ֆինանսական տնօրեն:

Տեղեկացնենք, որ ըստ Mamul.am էլեկտրոնային կայքէջում Մհեր Փարվանյանի մասին տեղադրված տվյալների` նրա ցուցմունքով երկրորդ անգամ կալանավորվել եւ իր մահկանացուն կնքել է հանրահայտ «հաց բերողը»` Արթուր Սարգսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչու է հենց Մհեր Փարվանյանին նշանակել այս պաշտոնին:

-Պարո՛ն Հայրապետյան, ինչո՞ւ եք Մհեր Փարվանյանին նշանակել համալսարանի ֆինանսական գծով տնօրենի պաշտոնին: Կարդացե՞լ եք, թե ինչ է գրված մամուլում նրա մասին: Ռիսկեր չե՞ք տեսնում:

-Մհեր Փարվանյանին այստեղ բերել ենք իր մասնագիտական կարողությունների համար: Որեւէ այլ բան չկա: Այդ տհաճ տեղեկությունները ես կարդացել եմ, բայց դա չի այս պահին էական: Մենք ունենք ֆինանսական համակարգի բարելավման լուրջ անհրաժեշտություն, որի հետ կապված մասնագետի ենք հրավիրել: Միակ նպատակը արդյունավետությունը բարձրացնելն է. եթե կա ռիսկ, եւ եթե կան խոչընդոտներ, բնականաբար, դրանք ամեն տեղ էլ լինում են:

-Մինչեւ նրան այդ պաշտոնին նշանակելը չե՞ք ուսումնասիրել այդ տեղեկությունները. գուցե դրանք իրականությանը համապատասխանում են:

-Հիմա ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ ամեն տեսակ գրածին եթե ուշադրություն դարձնենք… իմ մասին էլ են գրում (ծիծաղում է- հեղ.), ես է՞լ հրաժարական տամ: Ինքս, զոհ լինելով տարատեսակ շշուկների, բանսարկությունների, չեմ կարող դրա հիմքով որոշում կայացնել, հասկանո՞ւմ եք:

-Մյուս կողմից` Տիգրան Մնացականյանը (ՀՀ վիճակագրական կոմիտեի ղեկավար Ստեփան Մնացականյանի որդին), որն ասիստենտ է, նշանակվել է ՀՊՏՀ գիտության եւ արտաքին կապերի գծով պրոռեկտոր:

-Ինքը գիտությունների թեկնածու է: Մնացականյանը գիտական աստիճան ունի, այստեղ խնդիր չկա:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս