ՊԵԿ աշխատակիցները պարգեւավճար չե՞ն ստանում․ պարզաբանում է Դավիթ Անանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ամփոփեց ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում իրենց կատարած աշխատանքները:

Տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 2-ին աշխատանքային հանդիպում էր ունեցել Դավիթ Անանյանի հետ, որից հետո հայտնել էր, որ պետական բյուջեի հավաքագրումների պլանն առաջին եռամսյակում գերակատարվել է 11.4 միլիարդ դրամով, իսկ տնտեսվարողներին վերադարձվել է 26.4 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 7.4 միլիարդ դրամով: Այս մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, տպագրվել է 8 միլիոն 361 հազար 119 հատ ավել ՀԴՄ կտրոն: 2019 առաջին եռամսյակում, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ, ավել տպագրված ՀԴՄ կտրոնների թիվը 20 միլիոն 710 հազար 114 հատ է:

Լրագրողների հետ հանդիպմանը Դավիթ Անանյանը հայտարարեց նաեւ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատողներն ապրիլ ամսին եւս պարգեւատրումներ կստանան այնպես, ինչպես ստացել են հունվարին, փետրվարին, մարտին: «Վճարելու ենք այն, ինչ օրենսդրությամբ թույլատրվում է»,- հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրավիրված մամուլի ասուլիսին: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ թեմայի շուրջ զրուցել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ:

-Պարո՛ն Անանյան, ՊԵԿ համակարգի առաջին կարգի մասնագետը ստանում է ամսական 68 հազար դրամ աշխատավարձ: Նախկինում նրանք ստանում էին նաեւ հավելավճարներ, սակայն այժմ այդ հավելավճարները չկան…

-Իրենք ստանում են պարգեւավճարներ:

-Բայց «Ժողովուրդ» օրաթերթին դիմած ՊԵԿ աշխատակիցները պնդում են, որ չեն ստանում այդ պարգեւավճարները:

-Առնվազն դրա 50 տոկոսի չափով ստանում են:

-Այնուամենայնիվ, պարո՛ն Անանյան, այդ 50 տոկոսն էլ գումարած ստացած աշխատավարձին` դարձյալ քիչ գումար է կազմում: Չե՞ք վախենում, որ կոռուպցիոն ռիսկեր կառաջանան:

-Վախենում եմ, միանշանակ, կիսում եմ Ձեր վախը: Այո, նույնիսկ սարսափում եմ: Հետեւաբար մենք այս երկու օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այդ հարցը որոշակի չափով կարգավորելու ենք, որպեսզի մեր պարգեւատրման ֆոնդը մի քիչ ավելանա` մեր ռեսուրսների հաշվին:

-Տեսակետ է շրջանառվում այն մասին, որ հարկային մուտքերը էականորեն կկրճատվեն, եթե ծխելու դեմ պայքարը խիստ բնույթ կրի: Արդյոք կա՞ նախնական հաշվարկ, թե արգելելու հետեւանքով բյուջեի մուտքերը որքան կպակասեն:

-Չկա նման հաշվարկ. դա դատողություն է, որի մասին ես դարձյալ լսել եմ, բայց չեմ կարող ասել, որ ուղիղ համեմատական են դրանք մեկը մեկին: Նախ` պետք է ասենք, թե, ծխելու դեմ պայքար ասելով, ինչ նկատի ունենք: Եթե ուզում ենք արգելել ընդհանրապես ծխախոտի ներմուծումը, բնականաբար, կազդի, որովհետեւ մենք տարեկան ներմուծվող ծխախոտից մինչեւ 90 մլն դոլարի չափով հարկ ենք գանձում սահմանին: Եթե մենք, օրինակ, որոշենք, որ արգելում ենք, բնականաբար, այդ 90 մլն դոլարը չենք ունենա, կամ եթե կրճատում ենք, ապա դրա մի մասը կկրճատվի:

Այո, նման դատողություն կա, բայց մեկը մյուսի հետ կապ չունի: Կա առողջապահական եւ հարկային քաղաքականություն, որ իրականցնում է պետությունը, դրանց մեջ մենք պետք է համադրություն տեսնենք: Եթե կա միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարում, հարկային քաղաքականությունը չի կարող դրան դեմ լինել կամ որեւէ ձեւով խոչընդոտել: Բայց նաեւ առողջապահական քաղաքականություն իրականացնելիս պետք է բալանսավորված լինենք, որ հանկարծ հարկային քաղաքականության հետ կապված խնդիրներ չունենանք: Դա պետք է նստել սեղանի շուրջ եւ հաշվեկշռել երկուսն իրար հետ:

-Պարո՛ն Անանյան, գերավճարները հավաքելու նախկին պրակտիկան գործո՞ւմ է, թե՞ ոչ:

-Չկա, գոյություն չունի. հունվարի 1-ից չեք գտնի որեւէ հարկ վճարողի, որից որ գերավճար են գանձել: Նախկինում գանձած փողը համարվում էր եկամուտ, դրա համար գերավճարներ էին հավաքում, հիմա մենք ոչ թե գանձած փողն ենք համարում եկամուտ, այլ մարված հարկային հաշվարկը: Դոմինանտը հարկային հաշվարկն է: Հաշվարկ ներկայացրեցին, դրա դիմաց վճարում կատարեցին, գերավճարը մեզ չի հետաքրքրում, հայտարարագրված հարկն է կարեւոր:

Հ.Գ. Հավելենք, որ մեզ դիմած ՊԵԿ աշխատողների խոսքերով` վերջին շրջանում հարկային եւ մաքսային կոմիտեների վարչությունների պետերի կողմից պարգեւավճարները նրանց տրամադրվում է կամայական սկզբունքով. մեկը կարող է ստանալ աշխատավարձի 20 կամ 40 տոկոսի չափով, մյուսը` 50 տոկոսի չափով:
Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս