«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է դերասանուհի, երգչուհի Իվետա Եդիգարյանը: Նա խոսել է իր նախասիրությունների, սովորությունների մասին, մենք բացահայտել ենք մեր զրուցակցի բնավորության՝ քչերին հայտնի գծերը: Վերջինս պատմել է իր կյանքի դժվար փուլը հաղթահարելու, նպատակների մասին, անդրադարձել իր անվան շուրջ հյուսվող բամբասանքներին: Դերասանուհին խոստովանել է, որ վախենում է ծերանալուց: Իսկ հարցին, թե ինչ վաղեմի երազանք է փայփայում, նա պատասխանել է, որ ցանկանում է բարդ եւ հակասական կերպարներ մարմնավորել գեղարվեստական ֆիլմերում:
-Իվետա՛, երբ մանուկ էիք, միշտ մտածում էիք, որ…
-Այդպես մանուկ էլ մնալու եմ: 30-ը բավական մեծ տարիք էր թվում (ծիծաղում է): Չէի պատկերացնում, որ շուտ կմեծանամ:
-Ձեզ համար ո՞րն է հոգնածությունը թոթափելու լավագույն միջոցը. ակտի՞վ, թե՞ պասիվ հանգստի սիրահար եք:
-Տնային հանգիստը, ինչպես նաեւ երկրից դուրս գալը, ծով գնալը:
-Շարունակե՛ք միտքը. «Այն, ինչ հնարավոր չէ ասել խոսքերով…»
-Կարելի է ցույց տալ վերաբերմունքով. երբեմն վերաբերմունքը հազար խոսք արժե:
-Ինչի՞ց եք վախենում:
-Ծերանալուց, բայց ամենաշատը` մտերիմ մարդկանց կորցնելուց:
-Ինչի՞ համար եք ամաչում:
-Ոչ ոքի առջեւ ամաչելու առիթ չունեմ:
-Հավատում եք, որ…
-Ամեն բան լավ է լինելու. չէ՞ որ երբ մարդ իսկապես հավատում է որեւէ բանի, նրա ցանկություններն իրականանում են:
-Հայտնիների մասին օրումեջ տարատեսակ ասեկոսեներ են տարածվում, եւ դրանցից խուսափել հաճախ չի ստացվում: Ո՞րն է եղել Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:
-Մի ժամանակ ասում էին, թե ես եւ երգիչ Վարդան Սարգսյանը միասին ենք, նման լուրեր էին պտտվում: Բայց, իհարկե, դա սուտ է. մենք ընդամենը լավ ընկերներ ենք: Վերջերս էլ լուրեր են պտտվում, թե ես ոտքից գլուխ պլաստիկ վիրահատությունների եմ դիմել: Ուրեմն ասեմ, որ բնական գեղեցկության կողմնակից եմ, եւ կարծում եմ, որ վիրահատական միջամտության կարելի է դիմել, երբ առկա է առողջական որեւէ խնդիր: Բայց, առհասարակ, բամբասանքներին առանձնապես ուշադրություն չեմ դարձնում:
-Նշեք մի շնորհ, որ տրված է Ձեզ ի վերուստ, եւ մի հմտություն, որ Դուք եք Ձեր մեջ զարգացրել:
-Դերասանական շնորհը տրված է ի վերուստ, իսկ երգեցողության մեջ հմտացել եմ տարիներ շարունակ ինձ վրա աշխատելու շնորհիվ:
-Ո՞վ է Ձեր սիրելի նկարիչը:
-Մոդիլիանին, Սարյանը, Այվազովսկին… Շատ են:
-Նկարագրե՛ք Ձեր երազանքների տունը, ինչպիսի՞ն է այն:
-Այն գտնվում է ձորի ափին, հասարակ մի խրճիթ է, դրսում կա գամակ, ներսում՝ բուխարի ու ինքնաեռ, այդ տանը հեռուստացույց եւ հեռախոս չկա:
-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ եք կապում: Կպատմե՞ք այդ մասին:
-Ամուսնալուծության, որը սպասելի էր: Ցանկացած կնոջ համար ընտանիքը կարեւոր նշանակություն ունի, բայց երբ լավ, ամուր, կայուն ընտանիք ունենալու երազանքներդ փլվում են, դժվար է լինում դրա հետ համակերպվելը: Այդ շրջանում ինձ համար դժվար էր, հիմա արդեն ոչ:
-Ո՞ր հատկություններն են կնոջն առանձնակի հմայք հաղորդում, առանձնացնում նրան մյուսներից:
-Զսպվածությունը, ներքին կուլտուրան, ճիշտ պահվածքը:
-Տղամարդը դառնում է խոցելի, երբ…
-Նրան արհամարհում ես:
-Երազանք, որ վաղուց եք փայփայում:
-Նկարահանվել ֆիլմերում: Իհարկե, այնպես չէ, որ առհասարակ չեմ նկարահանվել, բայց ցանկությունս այն է, որ գեղարվեստական ֆիլմերում կերտեմ ավելի բարդ եւ հակասական կերպարներ:
-Ո՞վ է Ձեր սիրելի դերասանը, որից անընդհատ սովորում եք:
-Իհարկե, շատ կան, բայց ես կառանձնացնեմ հորս՝ Աշոտ Եդիգարյանին:
-Շարունակե՛ք միտքը. «Եթե ուզում եք հաջողակ լինել…
-Պետք է ուժեղ լինել, երբեք չվհատվել եւ հավատալով Աստծուն` քայլել դեպի նպատակը՝ հաղթահարելով խոչընդոտները:
Անի Անտոնյան