Ավտոբուսների արտադրության ոլորտում հայտնի ընկերությունները առաջարկներ են ներկայացրել Երևանի քաղաքապետարանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին մասնակցելու վերաբերյալ ավտոբուսների արտադրության ոլորտում հայտնի ընկերությունները շարունակում են իրենց առաջարկները ներկայացնել Երևանի քաղաքապետարանին: Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է «MAN Truck & Bus AG» ընկերության ավտոբուսների վաճառքի տնօրեն Հելմուտ Գրոսհաուսերի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկայացվել է ընկերության գործունեությունը, մասնավորապես, ավտոբուսների ամբողջական արտադրության գործընթացը: Տարբեր տարողության քաղաքային ավտոբուսներն աշխատում են գազով, դիզելային վառելիքով և հիբրիդային շարժիչով:

Անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի նախագծումն իրականացրած WYG խորհրդատվական ընկերության առաջարկների փաթեթին՝ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է այն հիմնական պահանջներն ու մոտեցումները, որոնք տեղ են գտնելու քաղաքային տրանսպորտի նոր համակարգի ներդրման ծրագրում: Քաղաքապետի առաջին տեղակալը նաև տեղեկացրել է, որ ավտոբուսների արտադրության ոլորտում մի շարք հայտնի ընկերություններ ևս արդեն իսկ ներկայացրել են առաջարկներ:

Հելմուտ Գրոսհաուսերը նշել է, որ ընկերությունը հետաքրքված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրով ու պատրաստակամություն է հայտնել համագործակցել: «MAN Truck & Bus AG» ընկերության ավտոբուսների վաճառքի տնօրենը նաև նշել է, որ իրենք պատրաստ են հյուրընկալել երևանյան պատվիրակությանը, որը տեղում կարող է ծանոթանալ ավտոբուսների արտադրական գործընթացին ու տեխնիկական հնարավորություններին:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկել հստակ առաջարկներ՝ ավտոբուսների գնային քաղաքականության ու հետագա սպասարկմանն առնչվող:




Լրահոս