Գյուղատնտեսական գործունեությունը խթանող ինչ ծրագրեր է իրականացնում կառավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է ավտոգազալցման կայաններում գազի թանկացման և սոցիալական նպաստների վճարման հարցերին:

Այնուհետև Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնել է, որ հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում 99 տոկոսով ցրտահարություն չի սպասվում: Նա նշել է, որ մայիս-ապրիլ ամսվա տեղումների քանակն ավելի է լինելու, հունիսին՝ նորմայի սահմաններում: Նախարարը նշել է նաև, որ 2018 թվականի համեմատ այս տարին ավելի նպաստավոր է ձյան շերտի տեսանկյունից և ոռոգման նպատակներով օգտագործող ջրամբարները լցված կլինեն 80-90 տոկոս: Ֆելիքս Ցոլակյանն ընդգծել է ջրամբարների պատվարների ուսումնասիրության խնդրի անհրաժեշտությունը, ինչին ի պատասխան վարչապետը հայտնել է, որ այդ հարցը քննարկման տիրույթում է:

«Փաստորեն ստացվում է, որ այս տարի մեր գյուղատնտեսության համար 99 տոկոսով շատ բարենպաստ տարի է»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հաստատել է փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը: Այն կնպաստի անասնաբուծության, մասնավորապես տավարաբուծության ճյուղի զարգացմանը: Հիմնավորման համաձայն՝ տավարաբուծությունը Հայաստանի անասնաբուծության ոլորտի առաջատար ճյուղերից է: Ծրագրի արդյունքում, մասնավորապես, կզարգանան հանրապետությունում փոքր և միջին տավարաբուծական տնտեսությունները՝ կկառուցվի կամ կվերակառուցվի շուրջ 230 անասնաշենք, կներդրվեն տավարաբուծության վարման արդիական տեխնոլոգիաներ: Բարենպաստ պայմանների արդյունքում՝ կբարձրանա մեկ գլուխ կովի հաշվով կաթնատվության մակարդակը՝ մինչև 3500-4000 կգ, կավելանա անասնագլխաքանակը, կիջեցվի կաթի ինքնարժեքը, կավելանան արտադրության ծավալները, կբարելավվեն կաթի որակական հատկանիշները, կավելանան տնտեսավարողների եկամուտները, կբարձրանա մրցունակության մակարդակը, կբարձրանան տնտեսավարողների մասնագիտական կարողությունները: Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված տնտեսությունները կարող են օրինակ ծառայել ֆերմերների լայն շերտերի համար տավարաբուծության արդի մոտեցումներին ծանոթանալու առումով, ինչպես նաև ուսումնական բազա՝ ուսանողների համար։

Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի պայմանների, ընթացակարգերի, ժամկետների և անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ: Նշվել է նաև, որ ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կկազմակերպի դասընթացներ:

Նիկոլ Փաշինյանը հորդորել է գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին դասընթացների պահանջը չթերագնահատել. «Դա շատ կարևոր է, ի վերջո, մեր ռազմավարական ուղղություններից մեկն իմացությունների, գիտելիքների շարունակական զարգացումն է»:

Գործադիրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի այս փորձը պետք է կիրառել նաև մյուս համալսարանների հետ տարվող աշխատանքներում. «Մենք պետք է անընդհատ հզորացնենք մեր փորձագիտական ներուժը, որովհետև դա մեր պետական կառավարման համակարգում այսօր, ցավոք, քիչ ուշադրության արժանացած օղակներից մեկն է»:

Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ապահովել դասընթացների պատշաճ մակարդակը, որպեսզի դրանք ձևական բնույթ չկրեն:

Գործադիրը հաստատել է ՀՀ գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում ծրագիրը: Կառավարության 2017 թ. օգոստոսի 31-ի որոշմամբ հավանության արժանացած «ՀՀ գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով նախատեսվում էր մատչելի պայմաններով, մասնավորապես՝ նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման մեխանիզմների կիրառմամբ, աջակցել գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը: Ծրագրի շրջանակում կարկտապաշտպան ցանցային համակարգերը պարտադիր պետք է տեղեկայվեր կապալառու կազմակերպության կողմից: Պիլոտային ծրագրում առկա խոչընդոտները պարզելու նպատակով նախարարությունում և մարզերում կազմակերպվել են քննարկումներ բանկերի, կապալառու կազմակերպությունների, այգեգործությամբ զբաղվող տնտեսավարողների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումների ընթացքում ներկայացված առաջարկների հիման վրա ծրագիրը լրամշակվել է: Ներկայացվող ծրագրով նախատեսվում է, որ կարկտապաշտպան ցանցային համակարգերը կարող են տեղակայվել ինչպես կապալառու կազմակերպության, այնպես էլ տնտեսավարողի կողմից: Ծրագրով առաջարկվող մատչելի մեխանիզմների կիրառմամբ հնարավորություն կստեղծվի 2019 թ. շուրջ 250 հա խաղողի և պտղատու այգիների կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար, որը երաշխիք է կարկտահարությունից պտղի և խաղողի բերքի շուրջ 100 տոկոսով պաշտպանության:

Կառավարությունը հաստատել է նաև ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագիրը: Այդ վնասատուն մեծ տնտեսական վնաս է հասցնում գյուղացիական տնտեսություններին: Չնայած ձեռնարկված միջոցներին դեռևս ցածր է տնտեսավարողների իրազեկվածության աստիճանը: Անհրաժեշտություն է առաջացել գիտականորեն հիմնավորված պայքարի միջոցառումների արդյունավետության տեսանելի ցուցադրման: Տնտեսավարողների համար լոլիկի դաշտում կազմակերպվող սեմինարներն ավելի ուսուցողական և արդյունավետ են: Ծրագրի իրականացման համար ընտրվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ հաշվի առնելով առկա գիտական ներուժը, ինչպես նաև ծրագրի իրականացմանն ուսանողների ներգրավման հնարավորությունները: Ծրագրի իրականացման և հողօգտագործողի կողմից ագրոտեխնիկական համալիր միջոցառումների կատարման արդյունքում ակնկալվում է փորձադաշտում բերքի կորուստների կանխում առնվազն 70 տոկոսով:

Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին լրացուցիչ արտոնություններ տրամադրելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի մինչև 12 տոկոսային կետով, որպեսզի վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս։

ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրից գյուղացիական տնտեսություններին օգտվելու հնարավորություն տալու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ծրագիրը մեկնարկել է 2018 թ. հուլիսից, որի հիմնական նպատակը` ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է: Որոշմամբ առաջարկվում է ավելացնել ծրագրի ընդգրկման շրջանակը և դրանից օգտվելու հնարավորություն ընձեռել նաև բուսաբուծության և անասնապահության ոլորտներում ներգրավված գյուղացիական տնտեսություններին։

Կառավարության ղեկավարը հորդորել է գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող ծրագրերի վերաբերյալ հանրությանը պատշաճ տեղեկատվություն տրամադրել, ինչպես նաև կարևորել է ծրագրերի ընթացքի մոնիթորինգի իրականացումը:

«Այս ծրագրերը պետք է լիարժեք իրականացվեն, և շատ կարևոր է, որ մենք իսկապես պատշաճ ժամկետում կարողանանք նեգատիվ ազդակները ստանալ և անհրաժեշտ փոփոխությունները կատարել ծրագրերում», – նշել է վարչապետը:

Նիստում քննարկվել է նաև սեզոնային աշխատանքի հետ կապված հարցերը. արձանագրվել է, որ կլինեն այնպիսի կարգավորումներ, որպեսզի սեզոնային, ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացիները չզրկվեն նպաստից։

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծերով նախատեսվում է Ազգային ժողովի կողմից Տնտեսական մրցակցության հանձնաժողովի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների նշանակման ժամկետ սահմանել մինչև 2019 թ. հունիսի 30-ը՝ նշված մարմինների անդամներին ներկայացվող չափանիշներին բավարարող որակյալ թեկնածուների ներկայացմամբ: Օրենքների նախագծերն համարվել են անհետաձգելի:

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այստեղ մենք նաև ուրիշ խնդիր ունենք, որովհետև վերջին ամիսների ընթացքում շատ ակտիվ քննարկում է գնում, թե ինչքանով է այս կարգավորումը համապատասխանում Սահմանադրությանը, և մարմինների ներկայացուցիչների կողմից նույնիսկ, եթե չեմ սխալվում, դիմում է հղվել՝ Մարդու իրավունքների պաշտպանին միջնորդությամբ, որ վիճարկի այս դրույթի սահմանադրականությունը»,-նշել է կառավարության ղեկավարը և հավելել, որ հարցի առնչությամբ պետք է քննարկումներ անցկացվեն, որպեսզի տրանսֆորմացիոն այս գործընթացը իրականացվի առողջ մթնոլորտում, եթե պարզվի, որ Սահմանադրականության հետ կապված պրոբլեմներ չկան:

ՄԻՊ Արման Թաթոյանը մանրամասներ է ներկայացրել հարցի առնչությամբ և հայտնել, որ 1-2 օրվա ընթացքում իրենց դիրքորոշումը կներկայացնեն:

Հավանություն է տրվել «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում՝ օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն կապահովվի դիվանագետի՝ դիվանագիտական ծառայության ընթացքում և առանց ծառայության ընդհատման Հանրապետության նախագահի աշխատակազմ կամ Ազգային ժողովի աշխատակազմ գործուղման, ինչպես նաև գործուղման հավասարեցված պետական պաշտոնի նշանակումների դեպքում դիվանագիտական ծառայողի կարգավիճակի հետ կապված իրավահարաբերությունները։

Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով օրինագծի կարևորությունը, նշել է. «Սահմանադրության 146-րդ հոդվածի համաձայն կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը: Այսինքն՝ սա կարևոր է նաև այն առումով, որ կառավարությունը գործուղված պաշտոնյաների միջոցով պետք է կարողանա ապահովել արտաքին քաղաքական գործողությունների գործունեության միասնականությունը և այդ քաղաքականությունն իր բոլոր դրսևորումներով պետք է համապատասխան լինի կառավարության որդեգրած քաղաքականությանը: Ակնհայտ է, որ երկրում չի կարող լինել մի քանի արտաքին քաղաքականություն: Երկրում կարող է լինել միայն մի արտաքին քաղաքականություն, և այդ քաղաքականությունը մշակում և վարում են կառավարությունը և պետական բոլոր մարմինները, որոնք իրենց արտաքին քաղաքական շփումներում պետք է հստակ մնան այս շրջանակի մեջ»:

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Ըստ այդմ՝ գործադիրը նպատակահարմար չի համարում օրենքով ապրիլի 16-ը Հայ կինոյի օր հռչակելու առաջարկը, քանի որ մշակույթի ոլորտում, ի թիվս այլ միջազգայնորեն ընդունված տոների և մասնագիտական նշանակալի օրերի, որոնցից յուրաքանչյուրն ունի պատմական հիմնավորումներ և պատճառաբանություններ, արդեն իսկ կա Կինոյի միջազգային օրը (դեկտեմբերի 28), որի շրջանակում կարելի է անդրադառնալ հայ կինոյին՝ միաժամանակ արժևորելով այն միջազգային կինոժառանգության համատեքստում:

Կառավարությունն առաջարկել է ՀՀ ԱԺ նախագահին ապրիլի 8-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:

Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին

Կառավարության որոշմամբ «Դեկորա-գրուպ» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կոօգտվի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է օրթոպեդիկ ներքնակների, անկողնային պարագաների, բարձերի, վերմակների արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.1-ից 1.2 մլրդ ՀՀ դրամի կապիտալ ներդրում: Ներկայումս առկա է 60 աշխատատեղ` 190,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Արդյունքում կստեղծվի 15 նոր աշխատատեղ՝ 220,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 4.9 մլրդ ՀՀ դրամ, որից 3.7 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1.2 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1,621,000,000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 121,821,000 ՀՀ դրամ:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով արտոնությունների տրամադրման գործընթացին, նշել է. «2019 թվականի առաջին առաջին եռամսյակում գերակա ոլորտներում կառավարության որոշումների արդյունքում հաստատվել է 13 ծրագիր, ինչի արդյունքում ակնկալվող ներդրումների ծավալը կազմել է 146 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ակնկալվելիք աշխատատեղերի թիվը՝ 912: Խոսքը միայն արտոնյալ ռեժիմով ներդրումների մասին է: Համեմատության համար՝ 2018 թվականի առաջին եռամսյակում հաստատվել է 6 ծրագիր, որի արդյունքում ակնկալվում էր գեներացնել շուրջ 5 միլիոն դոլարի ներդրում և 140 աշխատատեղ: Այսպիսով՝ 2019 թվականի առաջին եռամսյակում, 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ, նշված ցուցանիշները ներդրումների մասով աճել են 27 անգամ, իսկ աշխատատեղերի մասով՝ 6,5 անգամ»:

Գործադիրը բավարարել է «Էսկո-ֆարմ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է բերանի խոռոչի հիգիենայի միջոցների, քսուքների, նրբաքսուքների, հեղուկ և փոշի դեղաձևերի արտադրության մեջ։ «Էսկո-ֆարմ»-ն արդեն իսկ իրականացրել է 124 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 592,482,539 ՀՀ դրամի ներդրում` հումքի և նյութերի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 87 աշխատատեղ` 100,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով, կստեղծվի ևս 40 նոր աշխատատեղ: Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1.2 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 390,985,539 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 46,647,626 ՀՀ դրամ:

Այլ որոշումներ. վարչապետն անդրադարձել է ճանապարհների որակի խնդիրներին

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է կատարել միջծրագրային վերաբաշխում վարկային ծրագրերի միջև: «Մասնավորապես Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի 38 կմ երկարությամբ հատվածի շինարարությունն ավարտվել է 2018 թ. դեկտեմբերին՝ նախանշվածից շուտ, հետևաբար 2019 թ.-ին պլանավորված գումարների անհրաժեշտություն չկա՝ շուրջ 76 մլն դրամի չափով: Ինչպես նաև Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող նույն ճանապարհահատվածի մնացած 51 կմ երկարությամբ հատվածի համար լրացուցիչ հողերի օտարման անհրաժեշտություն է առաջացել՝ ընդհանուր 12,7 մլն դրամի չափով: Նշված վերաբաշխումներն իրականացվելու են այս ծրագրերի համապատասխան հոդվածների միջև և պետբյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների տրամադրման անհրաժեշտություն չի առաջանում»,- ասել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ճանապարհների խնդիրներին և նշել. «Մենք չենք հանդուրժելու վատ որակի ճանապարհ: Բայց նախորդ տարվա ճանապարհաշինության փորձից ի՞նչ ենք տեսնում, տեսնում ենք, որ կան ճանապարհների ամբողջական կտորներ, որոնք մեր հայտարարած մրցույթներում հաղթել են ու իրականացրել են անորակ աշխատանք: Այդ անորակ աշխատանքներ իրականացնողները նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնք իրենց հին սովորությունների համաձայն, հիմա էլ, այս նոր պայմաններում իրենց մտքով անցնում է, թե կարող են անորակ ճանապարհ կառուցել ու անցնի գնա»:

Վարչապետը, մասնավորապես, անդրադարձել է Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհատվածին։ «Այդ աշխատանքի ավարտը հայտարարվել էր անցյալ տարի, բայց մենք չենք ընդունել այդ աշխատանքները՝ դրանց բացարձակ անորակ լինելու պատճառով և հիմա նախարարությունը պարտավորեցրել է աշխատանքը սկսել», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ այդ մարդիկ պետք է նաև պատժվեն. «Նրանք, իսկապես, սերմացու գողացող մկան տրամաբանությամբ աշխատող մարդիկ են: Բավարար չէ, որ նրանք նորից այդ նույն աշխատանքը կատարեն, նրանք պետք է զգան մեր արձագանքը, մեր հակահարվածը»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ անորակ շինարարության պատճառով պետությունը շատ լուրջ ֆինանսական վնասներ է կրել: «Այդ վնասը հասցրած մարդիկ պետք է կրեն քրեական պատասխանատվություն ու հայտնվեն բանտում։ Այս երևույթները մեզ համար անհանդուրժելի են: Ճանապարհաշինությունը երկար ժամանակ եղել է փող «ուտելու» թիվ մեկ տեղը ու ոմանց ախորժակը, երևում է, չի փակվել, մենք պետք է իրենց ախորժակը շատ կտրուկ փակենք», – ընդգծել է վարչապետը։

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2019 թ. «Աջակցություն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերին» ծրագրի եկամտային մասն ավելացնել 1.500.000,0 հազ. դրամով և այն ուղղել Արտաբյուջեի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պահուստային միջոցներ» հոդվածին, որի արդյունքում նշված հոդվածի գումարը կկազմի 2.330.072,1 հազ.դրամ: Այնուհետև նախատեսվում է Արտաբյուջեի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պահուստային միջոցներ» հոդվածի 2.330.072,1 հազ. դրամն ուղղել Արտաբյուջեի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրում» հոդվածին:

Հարցի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:

Նախքան հարցի քննարկումը Նիկոլ Փաշինյանը նշել է. «Տարվա ամենասկանդալային թեմային ենք հիմա անդրադառնալու և ես հարկ համարեցի, որ մենք այս թեման հրապարակային և ամբողջական քննարկենք: Խոսքը վերաբերում է պետական եկամուտների կոմիտեի պարգևատրման հիմնադրամի հետ կապված հարցերին: Իհարկե, դուք տեղյակ եք անցած տարի ինչպես ՊԵԿ-ի, այնպես էլ մյուս կառույցների հետ կապված ինչ մեծ հանրային քննարկում եղավ: Ես բազմիցս եմ ասել, որ շատ կարևոր եմ համարում այդ քննարկումը, չնայած դա ընդունված է սկանդալ համարել, բայց ես դա համարում եմ շատ կարևոր քննարկում, որովհետև դա վերաբերում է պետական և պետական ծառայության մասին մեր հիմնարար պատկերացումներին» (խոսքն ամբողջությամբ՝ տեսանյությում ):




Լրահոս